Վերջերս Արցախում էր գտնվում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Ակադեմիկոսի այցը պայմանավորված էր հայրենի Մատաղիս գյուղի դպրոցի կառուցմամբ: Մատաղիսի դպրոցը անցյալ դարի 50-ական թվականներին եղել է Ղարաբաղի լավագույն կրթօջախներից մեկը, ուներ հայկական եւ ռուսական բաժանմունքներ: Ենթաշրջանի միակ միջնակարգում սովորելու էին գալիս հարեւան Լյուլասազ, Մաղավուզ, Տոնաշեն, Դաստագիր, Չայլու գյուղերից: Ցավոք, արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի գերեվարած գյուղի կրթօջախը եւս ավերվել էր: Գյուղի ազատագրումից հետո, նաեւ Ռադիկ Մարտիրոսյանի ջանքերով, դպրոցական պարագաներ հայթայթելով, մանկապարտեզի շենքում տեղակայված դպրոցը կրկին սկսել է գործել: Այժմ այստեղ բարեգործական միջոցներով նոր, ժամանակակից չափանիշներով դպրոցաշենք է կառուցվում:
Հայրենի գյուղ մեկնելուց առաջ հանդիպելով ակադեմիկոսինՙ հարց ուղղեցինք նրան Արցախի գիտական ապագայի հեռանկարի վերաբերյալ:
- Ղարաբաղում գիտական ներուժ ինչ-որ չափով կա, բայց բավարար չէ, որպեսզի այստեղ ժամանակակից մակարդակի գիտական հետազոտություններ կատարվեն,- ասաց Ռ. Մարտիրոսյանը:- Դա առնչվում է նաեւ բարձրագույն կրթությանը: Պրոբլեմները շատ են, երկար տարիներ խնդրի լուծման ուղղությամբ իշխանությունները որոշակի քայլեր չեն արել: Կադրերի պատրաստման համար պետք է ունենալ պետական ծրագիր: Բարձր որակավորման կադրերի մասին է խոսքը, նկատի ունեմ գիտության թեկնածուներին, դոկտորներին, որոնք պետք է գիտական բնագավառներում աշխատեն եւ միեւնույն ժամանակ նպաստեն բարձրագույն կրթությանը բուհերում: Պետական ծրագիր ունենալու խնդրի մասին ես խոսել եմ վաղուց եւ անընդհատ: Նրա էությունը պետք է լինի նպատակաուղղված կադրերի պատրաստումը, եւ կադրերն էլ պետք է պատրաստվեն այստեղ ու եթե հնարավոր էՙ նաեւ դրսում, թեկուզ Երեւանում: Իսկ դրա համար պետք է լավ հեռանկար ունեցող երիտասարդների հետ պայմանագրեր կնքվեն, հնարավորության դեպքում բնակարաններ տրամադրվեն, նրանց սոցիալական հարցերի լուծմամբ պարտավորեցվի, որ աշխատեն այս կամ այն բնագավառում: Եթե դա արվեր, անցած տարիների ընթացքում, տեսեք, քանի երիտասարդ կադր կունենայինք: Քանի դեռ այդ հարցը չի լուծվել, Ղարաբաղում լինելու են դժվարություններ թե՛ բարձրագույն կրթության, թե՛ գիտության բնագավառներում:
ԼՂՀ նախագահի հետ ունեցած իմ հանդիպման ժամանակ այդ հարցերի մասին խոսվել է: Սա արդեն կայացած երկիր է, իսկ գիտության ասպարեզը քաղաքական ձեռքբերումներից հետ է մնում: Այսօր պետք է շնորհակալ լինել նրանց, ովքեր այդ դժվար պայմաններում աշխատել են գիտության մեջ: Սակայն նրանք արդեն մոտենում են սահմանային տարիքին եւ նրանց փոխարինողներ են պետք: Մյուս կողմից էլՙ գործընթացը պետք է անընդհատ լինի: Կարծում եմ, հեռանկարում պետք է մշակվի պետական ծրագիր, որը ներառի ե՛ւ կրթության, ե՛ւ գիտության զարգացումը, բնականաբար Հայաստանի ներուժի օգտագործումով:
Մեր այն հարցին, թե չի՞ կարելի օգտագործել արտերկրում ապրող արցախածին գիտնականների ներուժը, ակադեմիայի նախագահը պատասխանեց.
- Ցավոք, քանի գնում, այսպես ասած, հայրենակցական խանդավառությունը մարում է, բայց, կարծում եմ, այն թիվը, որն անհրաժեշտ է նման պրոբլեմները լուծելու համար, միշտ կա:
Արցախում գիտական կենտրոն հիմնելու մասին տրված մեր հարցին ի պատասխան Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ նախ պետք է բազա ստեղծել:
-Եկող-գնացող գիտնականներով գիտություն չես ստեղծի: Գիտնականը պետք է տեղում նստած, գիշեր-ցերեկ մտածի: Ենթադրենքՙ Հայաստանից ժամանակ առ ժամանակ գիտնականներ գան այստեղ աշխատեն, հետո գնան Երեւանում հոդված տպագրեն եւ տակը գրենՙ Շուշիի գիտական կենտրոն, դրանից գիտությունը Ղարաբաղում կզարգանա՞... Պետք է այստեղի բուհը դարձնել ժամանակակից, կադրերի հարցում մեծ փոփոխություններ կատարել: Ես կսկսեի համալսարանիցՙ լաբորատորիաներ, գիտական սարքավորումներ ձեռք բերելուց եւ անպայման դրանք Հայաստանի գիտական կենտրոնների հետ կապելով: Իմ կարծիքով, եթե բարեգործական հիմնադրամ լիներ գիտության համար, ինչպես, ասենք, «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման դեպքում, պակաս գումար չէր հավաքվի: Պետք է անպայման լինի ծրագիր եւ այն չպիտի միայն թղթի վրա գրված մնա:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը հիշեցրեց նաեւ հայտնի բանաձեւըՙ եթե գիտությանը տրամադրվող միջոցները քիչ են ՀՆԱ-ի մեկ տոկոսից, ապա այդպիսի գիտությունը չի կարող ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա: Հայաստանի Հանրապետությունում այն կազմում է շուրջ 0.24 տոկոս (ի համեմատությունՙ Կանադայում 3.4 տոկոս է), իսկ ԼՂՀ պարագայում գիտությանը տրամադրվող միջոցները պարզապես աննշան են: Սա, թերեւս, Արցախի գիտական հեռանկարը բնութագրող հիմնական շտրիխն է:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ