«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2006-08-03 | #146, 2006-08-04 | #147, 2006-08-05


«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» ՄԵՐՆ Է, ԹԵ՞ ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱՆԸ

Կա՞ր պետական օրհներգը փոփոխելու անհրաժեշտություն

Հայաստանի օրհներգի շուրջը հայտարարված մրցույթն ավարտվեց: Ներկայացվել են նոր օրհներգի մի քանի տասնյակ առաջարկներ: Թե դրանցից ո՞րը կընտրվի որպես երկրի պետական օրհներգ, կամ ո՞ր տարբերակները կդրվեն հասարակական քննարկման, հավանաբար այնքան էլ շուտ հայտնի չի դառնա: Հանձնաժողովի առջեւ իսկապես բարդ, կարելի է ասել, անլուծելի խնդիր է դրված: Ինչո՞ւ անլուծելի:

Ինչպես են երգերը դառնում պետական օրհներգ

Սովորաբար այս կամ այն երկրի օրհներգը ոչ թե հանձնաժողովներն են որոշում, որքան էլ դրանք համալրված լինեն հայտնի մտավորականներով, այլ դա հիմնականում տեղի է ունենում ինքնաբերաբար: Օրհներգ է դառնում կա՛մ մինչ պետականության ստեղծումը տվյալ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի երգերից առավել հանրաճանաչը, կա՛մ հեղափոխական երգերից մեկը, կա՛մ պետականությունը, տվյալ երկիրը, ժողովրդին խորհրդանշող որեւէ երգ: Այս բոլորի համար սակայն ընդհանուրն այն է, որ օրհներգ դարձած խոսքն ու երաժշտությունն ունենում են որոշակի ավանդույթներ, մինչ օրհներգ դառնալը ճանաչված եւ սիրված են լինում տասնյակ տարիներ, երգվում ժողովրդի մեջ:

Բնական է, որ այն ժողովուրդները, որոնք չունեն նման երգ, դիմում են նոր օրհներգ ստեղծելուն: Եվ ոչ միայն օրհներգ: Միջինասիական կամ ծայր հյուսիսում բնակվող ժողովուրդներից շատերը մինչ խորհրդայնացումն անգամ այբուբեն չունեին, եւ այդ այբուբենը նրանց պարգեւեց նորՙ խորհրդային իշխանությունը: Այժմ հարց է առաջանում, արդյոք մենքՙ հայերս չունե՞նք այնպիսի երգ-երաժշտություն, որը ճանաչված լինի որպես ազգային-ազատագրական պայքարի երգ, ունենա ավանդույթներ եւ արժանի լինի օրհներգ դառնալու: Հեռու գնալ պետք չէ: Մենք ունենք այդպիսի երգ, դա «Մեր հայրենիքն» է, խոսքըՙ Միքայել Նալբանդյանի, երաժշտությունըՙ Բարսեղ Կանաչյանի: Թե ինչո՞ւ առաջացավ այն նոր օրհներգով փոխարինելու հարցը, մինչ այժմ ոչ ոք որոշակի պարզաբանում չի տվել, ոչ երկրի նախագահը կամ կառավարությունը, ոչ մեր հայտնի մտավորականներից որեւէ մեկը: Որոշակի ոչ պաշտոնական պատճառաբանություններ այն փոխարինելու համար երբեմն լսվել են: Անդրադառնանք դրանց:

Պատճառաբանություններն ընդդեմ «Մեր հայրենիքի» հիմնավոր չեն

Առաջին եւ գլխավոր պատճառաբանությունը, որ իբր խանգարում է մեր օրհներգին, նրա առաջին տողն էՙ «Մեր հայրենիք թշվառ անտեր»: Սա փորձ արվեց փոխարինել «ազատ-անկախով», ինչից, բնականաբար, ոչինչ չստացվեց: Կա՞ր այստեղ ինչ-որ այլ լուծում: Իհարկե կար եւ հիմա էլ կա: Օրհներգը պարզապես պետք է սկսել ոչ թե առաջին, այլ երկրորդ քառյակիցՙ «Մեր հայրենիք այսքան տարի շղթաներով կապկապված, յուր քաջ որդվոց սուրբ արյունով պիտի լինի ազատված»: Ի վերջո Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը ոչ թե երկու-երեք քառյակից է բաղկացած, այլ 18: Դա չի նշանակում, թե մեր օրհներգը նույնպես պետք է ընդգրկեր 18 քառյակ: Բավարար է նաեւ 2-3-ը:

Ի դեպ, «Իտալացի աղջկա երգի» մասին: Սա համարվում է օրհներգը փոխելու համար բերվող երկրորդ պատճառաբանությունը: Իբր մեզՙ հայերիս վայել չէ, որ օրհներգ դառնա իտալացի աղջկա համար գրված երգը: Այսպես ասողները հավանաբար ծանոթ չեն Միքայել Նալբանդյանի գործունեությանն ու գաղափարներին, նրա ապրած ժամանակաշրջանին եւ անգամ մինչեւ վերջ չեն կարդացել վերոհիշյալ բանաստեղծությունը, որի վերջին քառյակում իր հիացմունքն արտահայտելով իտալացի աղջկա վարմունքի հանդեպ, հեղինակը ցավում է, որ «հայ կանայք փափկասուն» պայքարի նման օրինակ չեն ցույց տվել հայ տղաների համար:

Միքայել Նալբանդյանի կյանքին եւ գործունեությանն անծանոթ անձանց ասենք, որ նրա գործունեությունն ուղղված էր Հայաստանն օտարերկրյա տիրապետությունից ազատագրելուն եւ այդ ազատագրության ուղիների փնտրտուքին: Հայաստանի ազատագրության գաղափարն էլ ընկած է նրա ստեղծագործությունների, այդ թվումՙ «Իտալացի աղջկա երգի» հիմքում: Հետեւաբար, դա համարել ոչ հայեցի կամ օտարի համար գրված, կամ օտարներից ներառած, առնվազն անգրագիտություն է: Ինչն էլ ենթադրել է տալիս, որ օրհներգը փոխարինելու այս պատճառաբանությունն էլ չի դիմանում որեւէ քննադատության:

Եվ վերջապես երրորդ պատճառաբանությունը, որ կապված է երաժշտության հետ: Այն, ըստ այդ պատճառաբանությունը ներկայացնողների, այնքան էլ բարձրարժեք գործ չէ եւ գրված ու սազական չէ օրհներգի համար: Այս պատճառաբանությունը նույնպես սնանկ է, քանի որ արդեն նշեցինք, թե որպես կանոն որ երգերն են դառնում օրհներգ եւ ի սկզբանե նրանք գրված չեն լինում օրհներգ դառնալու համար: Եվ հաջորդը: Եթե բարձրարժեք գործ չէ, ապա ի՞նչ երաշխիք, որ նորը կլինի ավելի բարձրարժեք: Կամ, եթե կարեւորը օրհներգի երաժշտության բարձրարժեք լինելն է, այլ ոչ թե վերը նշված գործոնները, ապա ի՞նչ կարիք կար մրցույթ հայտարարելու: Կարելի էր պարզապես վերցնել Մոցարտի կամ Բեթհովենի, կամ թեկուզ հայ կոմպոզիտորի բարձրարժեք գործերից որեւէ մեկը եւ դարձնել օրհներգի երաժշտություն: Գուցե այսպե՞ս վարվենք: Պարզ է, որ երաժշտության ոչ բարձրարժեք լինելու պատճառաբանությունը չի կարող լուրջ հիմք համարվել օրհներգը փոխելու համար: Առավել եւս, որ տվյալ երաժշտությունը ամենեւին էլ այնքան ցածրարժեք չէ, որ խոսքի հետ համատեղ արժանի չլինի օրհներգ լինելուն:

«Մեր հայրենիքին» տեր չկանգնեց անգամ դաշնակցությունը

Սա այն մասին, թե ինչու է սխալ «Մեր հայրենիքը» օրհներգից հրաժարվելը: Իսկ ինչո՞ւ այն պետք է շարունակվի մնալ այդպիսին: Այս հարցի պատասխանը մասամբ տրվեց: Ասվածին ավելացնենք, որ գրվել է 19-րդ դարում եւ հետագայում դարձել է մեր ազգային-ազատագրական պայքարի հանրաճանաչ երգերից մեկը: Ավելի ուշ դարձել է Հայաստանի առաջին հանրապետության պետական օրհներգը, իսկ 1991 թ.-ին, շարունակելով ավանդույթները, դարձել նաեւ ներկայիս հանրապետության օրհներգը: Այո, գուցե 1991 թ.-ին որոշակի ոգեւորվածության եւ հոգեբանական ճնշման ներքո ընդունվեց խորհրդարանի կողմից, բայց մի՞թե մեր պետության մյուս խորհրդանիշներըՙ դրոշն ու հատկապես զինանշանը ավելի մեծ առավելություններ ունեն կամ ավելի հին ավանդույթներ ունեն, քան օրհներգը: Այդ դեպքում ինչո՞ւ դրանք չեն վերանայվում: Ո՞րն է տրամաբանությունը:

Գործող օրհներգը փոխելու վերաբերյալ գործնականում անտարբեր մնացին մեր քաղաքական ուժերըՙ իշխանական թե ընդդիմադիր: Փոխվում է պետության խորհրդանիշներից մեկը եւ քաղաքական ուժերից որեւէ մեկը չի պահանջում հիմնավորել դրա անհրաժեշտությունը: Նման արտառոց բան միայն Հայաստանում կարող է կատարվել: Առավել տարօրինակը Հայ հեղափոխական դաշնակցության լռությունն է: Այս կուսակցությունը հակում ունի ազատագրական պայքարի, Հայաստանի առաջին հանրապետության, Հայ դատի հետ կապված ամեն ինչ համարել միայն իրենը, բայց ոչինչ չասաց հօգուտ «Մեր հայրենիքի» պահպանման: Միայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը արտահայտվեց ներկա օրհներգի պահպանման օգտին: Սակայն այս գործչի ազդեցությունը քաղաքական կյանքում աննշան է եւ նրա ձայնը անլսելի մնաց նոր օրհներգի տենդով համակված ընդհանուր աղմուկի մեջ:

Ինչեւէ: Նոր օրհներգի համար մրցույթը հայտարարված է, առաջարկներըՙ ներկայացված: Եթե հանձնաժողովն այնքան կոմպետենտ գտնվի եւ համարի, որ պետության օրհներգը սոսկ երաժշտություն կամ բանաստեղծություն չէ, որոշակի փոփոխություններով կվերականգնի «Մեր հայրենիքը», իսկ եթե ոչ, ապա ցանկացած այլ ընտրության դեպքում դժվար է հավատալ, որ կունենանք մի օրհներգ, որը կընդգրկի պետական օրհներգ դառնալու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները եւ կընդունվի հասարակության կողմից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4