«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2006-08-04 | #147, 2006-08-05 | #148, 2006-08-08


ՀԱՋՈՂՎԱԾ ՆՈՐԱՄՈՒՏ

Մեկամսյա ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 3-րդ շրջանի մեկնարկային տուրում առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Երեւանի «Արարատի» եւ «Բանանցի» մրցավեճը: Դա նախ պայմանավորված էր նրանով, որ մրցակիցները մրցաշարային աղյուսակում հարեւաններ էին եւ հանդիպման ելքը կարեւոր նշանակություն ուներ մրցանակային տեղերի համար մղվող պայքարում: Եվ երկրորդը, «Արարատի» ղեկը ստանձնել էր Վարուժան Սուքիասյանը, թիմի կազմը համալրել էին Էրզրումյան եղբայրները եւ հետաքրքրական էր, թե ինչպիսին կլիներ նրանց նորամուտը նոր կոլեկտիվում: Առաջ անցնելով նշենք, որ նորամուտը հաջողվեց: «Արարատը» խոշոր հաշվով (3-0) վստահ հաղթանակ տոնեց, իսկ Նշան Էրզրումյանն իր նորամուտը նշեց խփած 2 գոլերով: Վարուժան Սուքիասյանի համար էլ հաղթանակը հիշարժան էր նրանով, որ իր սաները 50-ամյա հոբելյանի առթիվ հիանալի նվեր մատուցեցին մարզչին:

Խաղը շատ հաջող սկսվեց արարատցիների համար, որոնք արդեն 2-րդ րոպեին բացեցին հաշիվը: Աչքի ընկավ բրազիլացի Ռենատո դե Մորայեսնՙ անկյունայինի խաղարկումից հետո գրավելով Ռադաջայի պաշտպանած դարպասը: Արարատցիները խաղը կառուցել էին հակագրոհների վրաՙ առջեւի գծում թողնելով միայն բրազիլացի Մարկոսին: Իսկ ահա «Բանանցը» բավական ակտիվ հարձակողական գործողություններ էր ծավալել: Թիմի կազմում իր ակտիվությամբ աչքի էր ընկնում Վահե Թադեւոսյանը, որը մշտապես շարժման մեջ էր եւ դարպասը գրավելու ուղիներ էր փնտրում: Նա մի քանի անգամ հայտնվեց կրակագծում, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեց: Ընդմիջումից քիչ անց կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց «Բանանցի» ֆուտբոլիստ Սուրեն Սարգսյանը: Թեեւ 10 հոգով, սակայն «Բանանցը» ձգտում էր փրկել խաղը: Եվ այստեղ ժամանակին «Արարատի» մարզիչները խաղադաշտ մտցրին Նշան Էրզրումյանին, որը պարզապես փայլեց իր անհատական վարպետությամբ ու գոլ խփելու հիանալի ունակությամբ: Երկու անգամ Մարկոսը նուրբ ու ճշգրիտ փոխանցումներով Նշանին հարվածային դիրք դուրս բերեց եւ «Արարատի» նորեկը ձեռքից բաց չթողեց գոլ խփելու հնարավորությունըՙ վերջնականապես վճռելով հանդիպման ելքը:

Մրցանակային տեղի հավակնորդ «Միկան» էլ շատերի համար անսպասելի չկարողացավ Գյումրիում հաղթել «Շիրակին» (0-0) եւ 2 կարեւոր միավոր կորցրեց: Հետաքրքրական է, որ առաջնության մեկնարկային խաղում էլՙ Գյումրիում «Շիրակի» ու «Միկայի» մրցավեճն ավարտվել էր 0-0 հաշվով:

Իսկ ահա երկրի չեմպիոն «Փյունիկը» հերթական խոշոր հաշվով հաղթանակը տոնեց: Արդեն առաջին խաղակեսում Աղվան Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Արսեն Ավետիսյանը 3 անգամ գրավեցին «Գանձասարի» դարպասը, որին մրցակիցը պատասխանեց Արմեն Պետրոսյանի գոլով: Ընդմիջումից հետո «Փյունիկը» խաղադաշտ դուրս բերեց երիտասարդ մի քանի ֆուտբոլիստների եւ եւս երկու գոլ խփեց: Աչքի ընկան Գեւորգ Ղազարյանն ու Բորիս Մելքոնյանը: Հաղթելով 5-1 հաշվով, «Փյունիկն» ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը:

Գոլառատ էր նաեւ «Ուլիս»-«Կիլիկիա» մրցախաղը: Երկու թիմերում էլ կազմի զգալի փոփոխություններ են կատարվել: Առաջին խաղակեսում շնորհիվ Կարեն Նավոյանի խփած միակ գոլի, «Ուլիսը» հաշվի մեջ առջեւում էր: Սակայն 2-րդ խաղակեսում Գառնիկ Ղասաբյանն ու Սարգիս Մովսիսյանն առաջ մղեցին «Կիլիկիային»: Ճիշտ է, Նիկոլայ Աղասյանը շուտով վերականգնեց հավասարակշռությունը, սակայն խաղավարտից չորս րոպե առաջ Լեւոն Ղասաբօղլյանը խփեց հաղթական գնդակըՙ 3 միավոր պարգեւելով «Կիլիկիային»: Այդ հաղթանակի շնորհիվ «Կիլիկիան» շրջանցեց «Գանձասարին»:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ15141048-1143
2. Միկա1593323-1230
3. Բանանց1591536-1628
4. Արարատ1563619-2221
5. Կիլիկիա1543822-3015
6. Գանձասար1542915-3414
7. Շիրակ1526710-3312
8. Ուլիս15211215-307

Ռմբարկուները

Արամ Հակոբյան«Բանանց»14
Արմեն Շահգելդյան«Միկա»10
Արսեն Ավետիսյան«Փյունիկ»9
Նշան Էրզրումյան«Արարատ»7
Էդգար Սաֆարյան«Արարատ»7
Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»7
Սարգիս Մովսիսյան«Կիլիկիա»7

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4