Երեկվա համարում «Ազգն» արդեն տեղեկացրել է Կապանի քաղաքապետարանի առջեւ կազմակերպված բողոքի ցույցի մասին, որ կազմակերպել էին կապանցի մի խումբ մարդիկ: Նրանք բողոքում էին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատ) ղեկավարության աշխատանքից եւ աշխատանքային ծառայության հետեւանքով խեղված կամ մահացած աշխատակիցների ու նրանց հարազատների նկատմամբ ձեռնարկության անտարբերությունից:
Ըստ «Նոյյան տապանի», երեկ բողոքավորներից մեկը` 61-ամյա աշխատակից Վլադիմիր Բադալյանը նստացույց է հայտարարել արդեն Սյունիքի մարզպետարանի շենքի մոտ: Վերջինս պահանջում է վճարել իրեն հասանելիք մի քանի տարվա հաշմանդամության նպաստը, որի ընդհանուր գումարը կազմում է մոտ 800 հազար դրամ (մոտ 2 հազ. ԱՄՆ դոլար): Սակայն ձեռնարկության ներկայիս տնօրենությունը իրեն լեռնահարստացման կոմբինատի իրավահաջորդ չի համարում եւ հրաժարվում է վճարել այդ գումարը:
Ս. Մ.