«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2006-08-05 | #148, 2006-08-08 | #149, 2006-08-09


ԱՅՍՕՐ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ՆՈՐ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ` 1-2 ԱՍՏԻՃԱՆՈՎ

Նախօրեին գրանցվել է այս տարվա ամռան ամենաբարձր ջերմաստիճանը` Արարատյան դաշտավայրում եղել է 37-38 աստիճան տաքություն: Նույն օրը բարձր ջերմաստիճանով առանձնացել է Տավուշի մարզը` 32-35, իսկ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է լեռնային շրջաններում` 25-26 աստիճան տաքություն: Այս մասին «Ազգ»-ին ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության հիդրոօթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Զարուհի Պետրոսյանը: Նա նաեւ հայտնեց, որ նախորդ տարվա օգոստոսի 7-ին ջերմաստիճանը գրեթե նույնն է եղել` այս տարվա օգոստոսի 7-ին գրանցված ջերմաստիճանից ընդամենը 1 աստիճանով բարձր:

Բաժնի պետի տեղակալի խոսքերով, իրենք օգոստոս ամսվա համար նորմայից բարձր ջերմաստիճան` 1-2 աստիճանով, կանխատեսում էին: Զարուհի Պետրոսյանը տեղեկացրեց, որ երեկ եւ այսօր սպասվում է ջերմաստիճանի բարձրացում` 1-2 աստիճանով, որը կպահպանվի մինչեւ շաբաթվա վերջը: Շոգ ու չոր եղանակը կփոխվի հաջորդ շաբաթվանից, բայց թե որքանով կնվազի ջերմաստիճանը, բաժինը դեռ չի կանխատեսել:

Անտանելի շոգին դիմանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես ցերեկվա ժամերին արեւի տակ չլինել: Նման շոգ օրերը հատկապես անհանգստացնող են հիպերտոնիկ եւ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցնող մարդկանց համար:

Շտապօգնության օպերատիվ բաժնի պետ Արտյոմ Պետրոսյանը «Ազգ»-ի հետ զրույցում նշեց, որ օրական իրենք սպասարկում են 400-450 կանչ, բայց արեւահարության ախտորոշմամբ դեպքերի քանակն առանձնացնելը դժվար է: Նման ահազանգերը, բաժնի պետի վստահեցմամբ, օրական մեկ-երկուսն են լինում: Այլ բան է, որ արեւը նպաստում է որոշ հիվանդությունների սրվելուն: Բարդություններից խուսափելու համար Արտյոմ Պետրոսյանը խորհուրդ տվեց կեսօրից մինչ երեկոյան 5-ը արեւի տակ չլինել, բաց գլխով ման չգալ, այդ ժամանակահատվածում ծանր ֆիզիկական աշխատանք չկատարել եւ որքան հնարավոր է շատ հեղուկ օգտագործել: Ինչ վերաբերում է սննդային թունավորումներին, ապա հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի պետ Սարգիս Ղուկասյանի հավաստմամբ, ջերմաստիճանի սաստիկ բարձրացման պայմաններում վերջին մեկ ամսում որեւէ սննդային թունավորման դեպք չի գրանցվել:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4