«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2006-08-08 | #149, 2006-08-09 | #150, 2006-08-10


ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

Վճարահաշվարկային ծառայությունները բավականին լայն հասկացություն են: Ըստ «Վճարահաշվարկային համակարգի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետՙ Օրենքի) «վճարահաշվարկային ծառայություններ» հասկացությունը ընդգրկում էՙ բանկային հաշիվների բացումը եւ վարումը, դրամական միջոցների փոխանցումները թե՛ բանկային հաշվի միջոցով, թե՛ առանց բանկային հաշվի, վճարային քարտերի, չեկերի եւ այլ վճարային գործիքների թողարկումը, սպասարկումը եւ իրացումը (տարածումը), պրոցեսինգի/քլիրինգի իրականացումը, երրորդ անձանց համար դրամարկղային գործառնությունների իրականացումը եւ այլն:

Ներկայումս ՀՀ տարածքում վճարահաշվարկային ծառայություններ կարող են մատուցել միայն հետեւյալ անձինք. ՀՀ կենտրոնական բանկը, առեւտրային բանկերը, ՀՀ կենտրոնական բանկից վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիա ստացած անձինք, այլ անձինք, որոնք վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունք ունեն ՀՀ օրենքներով, միջազգային պայմանագրերով:

Օրենքով սահմանված է վճարահաշվարկային բնագավառում ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորման, թույլտվության ստացման, տեղեկացման ենթակա գործունեության հետեւյալ ռեժիմները.

Օրենքի համաձայն, սահմանված է որոշակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման իրավասությունը բանկ չհանդիսացող կազմակերպությունների կողմիցՙ ՀՀ կենտրոնական բանկից ստացված վճարահաշվարկային կազմակերպությունների հետեւյալ տեսակի լիցենզիայի հիման վրաՙ

ա) դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա, որի հիման վրա դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է վճարումների ընդունումը եւ կատարումըՙ առանց բանկային հաշիվների բացման.

բ) վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման լիցենզիա, որի հիման վրա իրականացվում է պրոցեսինգ եւ(կամ) քլիրինգ երրորդ անձանց համար:

Վերոնշյալ գործունեության համար լիցենզիաների առկայության պահանջը չի տարածվում ՀՀ բանկերի վրա, որոնք «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, իրավունք ունեն իրականացնել ցանկացած տեսակի վճարահաշվարկային ծառայություններ:

Ներկայումս դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա են ստացելՙ

«Հայփոստ» ՓԲԸ-նՙ իրականացնում է դրամական փոխանցումներ իր ներքին համակարգերով, ինչպես նաեւ «Կոնտակտ» եւ «Թրավելեքս» դրամական փոխանցումների համակարգերով.

«Արմենիան Էքսպրես» ՍՊԸ-նՙ իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ «Արմենիան Էքսպրես» դրամական փոխանցումների համակարգով:

Պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման լիցենզիա է ստացել «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն, որն իրականացնում է «ԱրՔա» քարտային գործառնությունների պրոցեսինգ եւ քլիրինգ, ինչպես նաեւ միջազգային «Վիզա» եւ «Մաստերքարդ» քարտային գործառնությունների պրոցեսինգ:

Օրենքի շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրվող թույլտվությունների հետեւյալ տեսակներըՙ

ա) Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման եւ գործունեության իրականացման, որը ստանում է տվյալ համակարգի օպերատորը.

բ) Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության, որը ստանում է հայաստանյան մասնակից բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը:

Ներկայումս գործում են հայաստանյան հետեւյալ վճարահաշվարկային համակարգերըՙ «Էլեկտրոնային վճարումների համակարգը» եւ «Թղթային եղանակով համախառն հաշվարկների համակարգը» (օպերատորՙ ՀՀ կենտրոնական բանկ), ««ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգը» (օպերատորՙ «Արմենիան Քարդ» ՓԲԸ): ՀՀ բանկերը եւ վճարահաշվարկային կազմակերպությունները մասնակցում են արտասահմանյան «Վիզա», «Մաստեր Քարդ» քարտային համակարգերում, «Յունիսթրիմ», «Վեսթերն Յունիոն», «Մոնեյ Գրեմ», «Արմենիան Էքսպրես», «Անելիք», «Կոնտակտ», «Միգոմ», «Բիստրայա Պոչտա», «ՍՏԲ Էքսպրես», «Պրիվատ Մոնեյ Տրանսֆեր», «ՎԻՊ Մոնեյ Տրանսֆեր», «Ինտեր Էքսպրես», «Թրավելեքս» եւ այլ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերում:

Թույլտվության տրամադրման հիմնական եւ գլխավոր նպատակն էՙ ապահովել, որ ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերը չստեղծեն համակարգային ռիսկեր, լինեն անվտանգ, արդյունավետ եւ կայուն, ինչը կամրապնդի հանրության վստահությունը վճարահաշվարկային բնագավառի նկատմամբ եւ արդյունքում կնպաստի ՀՀ վճարահաշվարկային համակարգի զարգացմանը:

Օրենքի շրջանակներում նախատեսված է որոշ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, այն էՙ վճարային գործիքների սպասարկումը (բացառությամբ երրորդ անձանց օգտին վճարումների ընդունման եւ կատարման հետ կապված) եւ/կամ իրացումը (տարածումը), բանկ չհանդիսացող անձանց կողմից առանց բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայի առկայության: Համաձայն օրենքի, այդպիսի գործունեություն իրականացնող անձը պետք է ունենա վճարային գործիք թողարկողի կողմից կամ վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն տրված համապատասխան իրավասություններ եւ տեղեկացնի իր գործունեության մասին ՀՀ կենտրոնական բանկին:

Տեղեկացումը չի պահանջվում, եթե վճարային գործիքների սպասարկումը եւ/կամ իրացումը իրականացվում է որեւէ ՀՀ բանկի միջոցով:

Վճարահաշվարկային բնագավառում օրենքով պահանջվող պայմանների խախտմամբ գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ կիրառվում են ՀՀ օրենքներով սահմանված պատասխանատվության համապատասխան միջոցներ:

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4