«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2006-08-08 | #149, 2006-08-09 | #150, 2006-08-10


2005 Թ. 940 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԿԲ-ն դոլար-դրամից չի խոսում

Դոլար-դրամ հարաբերակցության «անկանխատեսելի» վայրիվերումների վերջերս ի հայտ եկած նոր մոտեցումների առնչությամբ անգամ չդոլարացված հայրենական աշխատավարձային վաստակողներն են հետաքրքրված: Փոխարժեքային արտաքին թեթեւակի տատանումներին հիստերիկ իջեցումների ձեւով արձագանքը վերջին երեք օրվա ընթացքում մտահոգության ու քննարկման թեմա է ամենուր: Սակայն մեր Կենտրոնական բանկը բնավ էլ կարծես չի շտապում որեւէ կերպ բացատրել իրավիճակը, եւ դա այն դեպքում, երբ Երեւանի փոխանակման որոշ կետերում մարդիկ հսկայական գումարներ են դրամի վերածում: Որեւէ կերպ իրավիճակը պարզ ու ընկալելի դարձնելու փոխարեն Կենտրոնական բանկը երեկ հրավիրած ասուլիսում թերեւս հիմնավորված, բայց չարդարացված նախապես փակեց դրամ-դոլար իրավիճակի առնչությամբ որեւէ բացատրություն ստանալու բոլոր «ախորժակները»` հղում անելով կոմպետենտությանը, կարծես ԿԲ-ն չէր կարող կոմպետենտ մեկին էլ հրավիրել հանդիպմանը` ախտորոշելու 400 դրամի սահմանից էլ ներքեւ հայտնված դոլարի «առողջական վիճակը»:

Դոլարի արժեզրկման ու դրամի արժեւորման հարցերում ոչ կոմպետենտ, իսկ ասուլիսի առիթ դարձած դրամական փոխանցումների հարցում լավատեղյակ ԿԲ վիճակագրական վարչության աշխատակցուհի Կարինե Կարապետյանը ներկայացրեց «Արտերկրներից ստացվող դրամական փոխանցումների գնահատման նպատակով հարցման արդյունքները»: «Ալֆափլաս քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը ԿԲ ձեւավորած հարցաթերթիկների հիման վրա իրականացրել է հարցում` ընդգրկելով 3 հիմնական ոլորտներ. դրամական փոխանցումներ ստացող 2000 տնային տնտեսություններ, 2000-ը` դրամական փոխանցումներ ուղարկողներ Մոսկվայից, եւ Հայաստանում գործող մի քանի կազմակերպություններ, որոնք զբաղվում են դրամական փոխանցումների ստացմամբ եւ դրանց բաշխմամբ:

Ըստ այդմ, 2005 թ.-ին Հայաստանի տնային տնտեսություններն արտերկրից ստացել են մոտ 940 մլն դոլար դրամական փոխանցումներ, հիմնականում միջին խավի բնակիչներ: Փոխանցումների մոտ 34 տոկոսը ստանում են երեւանաբնակները: Հարցման համաձայն, փոխանցվող գումարների 78 տոկոսը ստանում են բանկային համակարգի միջոցով:

Դրամական փոխանցումները հիմնականում ստացվում են Ռուսաստանից` 72 եւ ԱՄՆ-ից` 14 տոկոս: Մյուս երկրներից առանձնանում են Գերմանիան, Հունաստանը, Ուկրաինան` միասին մոտ 5 տոկոս: Ընդ որում, Ռուսաստանից գումարներն ավելի շուտ փոխանցվում են բանկային համակարգով, իսկ Միացյալ Նահանգներում բանկային փոխանցման համար պահանջվում են փաստաթղթեր, սակագներն էլ բարձր են: Դրամական փոխանցումների մոտ 31 տոկոսը ստացվում է սեզոնային աշխատողների արտերկրում ստացած եկամուտներից, իսկ 69 տոկոսըՙ արտերկրում բնակվող ընտանիքի անդամներից, ազգականներից եւ այլ անձանցից: Գումարներ ուղարկողները հիմնականում զբաղված են շինարարության ու առեւտրի ոլորտներում` համապատասխանաբար 36 եւ 20 տոկոս:

Հարցումը այլ հետաքրքրական հանգամանքներ էլ է բացահայտել: Մասնավորապես փոխանցումների միայն 6 տոկոսը ստացվում է 15 տարուց ավելի արտերկրում գտնվող հարազատներից, այսինքնՙ 15 տարուց պակաս դրսում գտնվողների կապը հայրենիքի հետ շատ ավելի ամուր է:

Կենտրոնական բանկի` նման հարցում անցկացնելու նպատակն է եղել գնահատել Հայաստանի բնակչության ստացած անհատույց միջոցների ներհոսքը, որը չի ընդգրկում Հայաստան ներհոսող բոլոր ֆինանսական միջոցները, օրինակ, անշարժ գույքի շուկա հոսող ոչ ռեզիդենտների ֆինանսական միջոցները կամ այլ նպատակներով բերվող կանխիկ արտարժութային հոսքերը եւ այլն:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4