Ավտոմոբիլային տրանսպորտը որոշ ժամանակ անց եւ որոշ օրենսդրական փաստաթղթերի ընդունումից հետո կունենա կարգավորման առանձին օրենք ու հարակից օրենսդրական ակտեր` հիմնականում նոր լիցենզիաների սահմանմամբ: Ինչպես կառավարության երեկվա նիստից հետո լրագրողներին ներկայացրեց տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, այսուհետեւ կլիցենզավորվի ընդհանուր հասարակական տրանսպորտը կազմակերպող եւ տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեությունը: Պրն Բեգլարյանի տեղեկացմամբ, կփոփոխվի նաեւ ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնելու կարգը, իսկ ավելի կոնկրետ` դրանով այլեւս չի զբաղվի ոստիկանությունը, այլ մրցութային պայմաններում հաղթանակած որեւէ տնտեսական սուբյեկտ` համապատասխան լիցենզավորմամբ: Ընդ որում, պետտուրք չի լինի, դրա փոխարեն վարորդները կվճարեն որոշակի ստանդարտներ ունեցող մոտ 57 հոսքագծերի միջոցով տեխզննման ծառայության դիմաց կառավարության սահմանած սակագնով: Թերեւս այս կերպ փոքրացվի մարդկային գործոնի ազդեցությունը, քանի որ մեզանում հայտնի իրողություն է, թե ինչ կարգով եւ ինչպիսի կոռուպցիոն դրսեւորումներով է իրականացվում ավտոմեքենաների տեխնիկական զննումը: Հրանտ Բեգլարյանի կարծիքով, հասարակական տրանսպորտի ոլորտում լիցենզիաների մուտքը չի անդրադառնա սակագների վրա, քանի որ լիցենզիայի համար նախատեսվում է տարեկան 100 հզ. դրամ:
Ինչ վերաբերում է տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների գործունեության լիցենզավորմանը, ապա այդ կերպ կառավարությունը կսահմանի որոշակի պահանջներ նման ծառայության մատուցման համար: Մասնավորապես հուսանք, որ այսուհետեւ օրենսդրական համապատասխան փոփոխությունների շնորհիվ հայաստանյան տաքսիներում կհայտնվեն հաշվիչներ, ազատ լինելու ցուցիչներ, որոշակի տարբերիչ գունավորում եւ այլն:
Երեկ քննարկված եւս մեկ հարց ներկայացրեց քաղաքաշինության նախարարության քաղաքականության եւ տարածքների պլանավորման վարչության պետ Սարգիս Մկրտչյանը: Ըստ վերջինիս, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նկատառումներով կառավարությունը քննարկել է միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից տարածքների կառուցապատման խնդիրը: Շատ համայնքներում կառուցապատման կամայականությունների պատճառով սպասարկման օբյեկտները ճանապարհների հարակից տարածքներում խիտ են ու մոտ հենց ճանապարհին: Նախատեսվող կանոնակարգմամբ, սպասարկման սուբյեկտները միջպետական ճանապարհներից 18 մետր, իսկ հանրապետական նշանակության ճանապարհներից` 15 մետր կհեռացվեն:
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը նշեց այսօրվա կարեւորագույն խնդիրներից մեկի` ավտոկանգառների, ավտոկայանատեղերի, ուղեւորների հանգստի, սննդի, առեւտրի օբյեկտների տեղաբաշխման մասին: Թերեւս այս հարցի առնչությամբ կարելի է շատ թղթային ձեւակերպումներ տալ, սակայն, ելնելով անվտանգ երթեւեկության ապահովման նպատակից, մեր ճանապարհներին տիրող իրավիճակում փոփոխություն մտցնելու ցանկությունն էլ, պարզվում է, Եվրոխորհրդի մակարդակով հուշագրի մի մաս է կազմում:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ