«Ինձ համար այսօր կարեւոր եւ նշանակալից օր է: Մեծ պատիվ է` լինել Վանաձորի պատվավոր քաղաքացի: Ես մեծացել, ապրել ու սովորել եմ այս քաղաքում: Երկար տարիներ մենք ապրել ենք քաղաքի կենտրոնական մասում: Հետագայում հայրս նոր աշխատանքի անցավ Խնձորուտում. մենք տեղափոխվեցինք այնտեղ: Տարբեր տարիների, տարբեր պատճառներով, ես սովորեցի տարբեր դպրոցներում, երեւի քաղաքի իմ հասակակիցների մեծամասնությունը իմ դպրոցական դասընկերներն են: Հիշում եմ` փախչում էինք դասից (դա թիվ 3 դպրոցն էր), գնում էինք այգում նստում: Կարոտով եմ հիշում մեր դպրոցական բոլոր ուսուցիչներին. հիանալի մարդիկ էին, շատ բան են տվել ինձ, շատ բան են սովորեցրել...
Հետո աշխատել եմ «Ավտոմատիկա» գործարանում: Սկզբում գծագրող-նկարիչ էի, հետո նշանակվեցի տեխնիկ-կոնստրուկտոր:
1963 թվականն էր. ես արձակուրդ վերցրի աշխատանքից, ոչ ոքի բան չասացի եւ գնացի Մոսկվա: Հանդիպեցի շատ բարի եւ մեծ մարդկանց, իմ ապագայի վարպետներին` Լեոնիդ Կրիստիին, Սերգեյ Գերասիմովին եւ մյուսներին, ովքեր ինձ շատ օգնեցին ընդունվելու ԹթԼԽ (Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ): Ես հպարտ եմ, որ սովորել եւ կրթություն եմ ստացել այդ ինստիտուտում, այդ հոյակապ մարդկանց մոտ: Չեմ մոռանում ոչ մեկին: Մինչեւ անգամ` եթե առիթ է լինում, որ մի տեղ մակագրեմ, գրում եմ` «ԹթԼԽ-ի ուսանող», այդքան երախտապարտ եմ այդ ինստիտուտին:
Մի քանի օր առաջ մեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ինձ հանձնեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով շնորհված ժողովրդականի կոչման վկայագիրը: Այսօր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ինձ հանձնեց Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչման վկայագիրը: Այդ կոչումներն ինձ համար շատ պատվավոր են ու թանկ, բայց միաժամանակ մեծ պատասխանատվություն են ու պարտականություն: Ես ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը»:
Մեծանուն կինոռեժիսոր, 20-րդ դարի կինոարվեստի աշխարհահռչակ ներկայացուցիչ, միջազգային հեղինակավոր մրցանակների դափնեկիր, տարածական (դիստանցիոն) մոնտաժի հիմնադիր, «Մարդկանց երկիրը», «Սկիզբ», «Մենք» «Տարվա եղանակները», «Մեր դարը» եւ այլ ֆիլմերի հեղինակ, ՀՀ Ժողովրդական արտիստ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպումը օրերս տեղի ունեցավ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Ներկաները նախ դիտեցին «Տարվա եղանակները» ֆիլմը:
Բացելով միջոցառումը` ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հակոբ Ազիզյանը վանաձորցիներին ներկայացրեց Արտավազդ Փելեշյանի կյանքն ու ստեղծագործական ուղին (Ա. Փելեշյանը ծնվել է 1938 թ.-ին` Լենինականում, ապրել է Կիրովականում, այժմ բնակվում է Մոսկվայում):
Հ. Ազիզյանը, հանգամանալից խոսելով Փելեշյանի արվեստի մասին, միաժամանակ ցավ հայտնեց. «11 ֆիլմ նկարած կինոռեժիսորը, կինոարվեստին փառք բերած մեծությունը շուրջ 14 տարի ոչինչ չի նկարում: Վաղուց արդեն պատրաստ է նրա «Homo Sapiens» սցենարը: Եվ այսօր` պարապություն....»:
Հ. Ազիզյանը մեծ իրադարձություն համարեց Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպումը Վանաձորում` բեմ հրավիրելով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Վերջինս շնորհավորելով Ա. Փելեշյանին «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանանալու կապակցությամբ` նրան հանձնեց պատվավոր քաղաքացու վկայագիրն ու նվիրեց մի գեղանկար:
Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը ինստիտուտի կոլեկտիվի անունից շնորհավորելով Ա. Փելեշյանին` նրան նվիրեց Հովհ. Թումանյանի արծաթազօծ հատորը, որը կազմել է Հրանտ Մաթեւոսյանը:
Արտավազդ Փելեշյանին շնորհավորեցին եւ ջերմ խոսքեր ասացին ՎՊՄԻ-ի գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանը, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, դրամատուրգ-երգիծաբան Սամվել Խալաթյանը, բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, Լոռու մարզի ավագների խորհրդի նախագահ Հայկ Օհանյանը եւ ուրիշներ:
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Վանաձորի լարային քառյակը: Ցուցադրվեց նաեւ «Սկիզբ» ֆիլմը: Ապա Արտավազդ Փելեշյանը պատասխանեց ներկաների հարցերին:
Հարցին, թե չի՞ ցանկանում նաեւ գեղարվեստական ֆիլմեր նկարահանել, Ա. Փելեշյանը պատասխանեց. «Երեւի նկատի ունեք խաղարկային ֆիլմերը, քանի որ իմ ֆիլմերն էլ գեղարվեստական են: Այո, նպատակ ունեմ խաղարկային ֆիլմ նկարահանելու` դերասաններով, տարբեր մասնագիտության մարդկանց մասին: Երեւի կստացվի»:
Հարց եղավ նաեւ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Ա. Փելեշյանի մարմնավորած Ռեւազի մասին: Այդ առթիվ նա ասաց. «Ամեն մարդ իր սխալն ունենում է: Դա երիտասարդական տարիների իմ սխալն է. ես դերասան չեմ»:
«Մենք տեսանք «Սկիզբ» ֆիլմը, իսկ հնարավո՞ր է «Վերջը» նկարահանել», այս հարցին Արտավազդ Փելեշյանն այսպես պատասխանեց. «Ես վերջ նկարել եմ, կա այդպիսի ֆիլմ: Բայց ճիշտ հասկացեք` թունելի վերջն եմ նկարել, այսինքն` լույս...» («Վերջ» ֆիլմը նկարահանվել է 1993 թվականին. խորհրդանշական այդ անունով ֆիլմն առայժմ Ա. Փելեշյանի վերջին գործն է):
Ինչ վերաբերում է շուրջ տասնչորս տարվա լռությանը, նա հավաստեց. «Ես տասնչորս տարի չեմ կորցրել. աշխատել եմ, աշխատում եմ եւ պիտի աշխատեմ: Գրում եմ սցենար, դասախոսություն եմ կարդում, պատրաստվում եմ ֆիլմ նկարահանել: Պետք է հաշվի առնել մի հանգամանք, որ կինոարդյունաբերությունը շատ դժվարին գործ է: Դրա համար պետք է ժամանակ: Բայց ես բողոք չունեմ: Երիտասարդ տարիներին կարող է չհասկանայի, բողոքեի, բայց հիմա չեմ բողոքում, նորմալ է ամեն ինչ»:
Վերջում նա շնորհակալություն հայտնեց բոլորին` ասելով, որ այդ օրն իր համար կարեւոր էր ու նշանակալից:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ