Կրասնոդարի գեղարվեստի երկրամասային թանգարանում օգոստոսի 6-ին տեղի ունեցավ կրասնոդարցի հայտնի նկարիչ Գեորգի Պետրոսյանի 75-ամյակին նվիրված ստեղծագործական երեկո: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հաղորդում է, որ թանգարանում բացված հայ նկարիչների «Հոգուս պարտեզը» ցուցահանդեսը ներառում է ինքնօրինակ գեղանկարիչ Պետրոսյանին նվիրված մենագրական բլոկ:
Իր ստեղծագործության մեջ նկարիչը դիմում է Հայաստանի բնությանը եւ հայկական մշակույթի գործիչների կերպարներին: Գեղարվեստի ինստիտուտում ուսանելիս առաջին անգամ տեսնելով Հայաստանը` սիրահարվեց նրա ասկետական բնությանը: 1976 թվականից Արարատյան դաշտը, Արաքսը եւ Արարատը նրա ստեղծագործության մշտական թեմաներն են:
Գեորգի Պետրոսյանն իր կտավներում վերարտադրում է անկրկնելի տիեզերական լայնարձակությունը, լեռնալանջերի ռիթմը, սաղարթների գույնն ու ճարտարակերտությունը: «Արարատ: Եվ նորից գարուն է», «Ծաղկուն այգի է», «Լեռներում» բնանկարներում բնության ակնածալի ներզգացումը միահյուսվում է լավատեսությամբ, բարությամբ, լույսով հագեցված գուներանգի հետ:
Նկարչի բոլոր բնանկարներն աչքի են ընկնում հագեցվածությամբ, տաք եւ սառը գույների միահյուսմամբ, արտահայտիչ վրձնահարվածներով եւ հուզականությամբ:
Պետրոսյանին հուզում է Հայաստանի հին եւ ժամանակակից պատմությունը, որն արտացոլված է նշանավոր մարդկանց դիմանկարներում: Դրանք են հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, միջնադարյան հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու, հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի կերպարները, որոնցում մարմնավորված է ստեղծագործող, որոնող մարդու նկարագիրը գեղագրական միջոցներով կերտելու ձգտումը:
Գեորգի Պետրոսյանի աշխատանքները պահվում են Կրասնոդարի, Մոսկվայի, Երուսաղեմի, Մարսելի, Երեւանի թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում: Նկարելուց բացի, նա հեղինակել է մշակույթին, արվեստին եւ արվեստագետի դերին նվիրված մանրապատումների, աֆորիզմների եւ ասույթների երեք ժողովածու:
Հիշյալ ցուցահանդեսը գործում է 2006 թ. հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 20-ը:
Պ. Ք.