Ինչպես տեղեկացնում է Կալիֆոռնիայից ստացված հաղորդագրությունը, Միացյալ հայկական ֆոնդը օգոստոսի հինգին հերթականՙ մեկ միլիոն արժողությամբ մարդասիրական օգնությունն է ուղարկել Հայաստան: Օգնությունը հիմնականում դեղորայք է եւ բժշկական պիտույքներ:
Միացյալ հայկական ֆոնդը միավորում է մի շարք կազմակերպություններ, ինչպիսիք են Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայ օգնության միությունը, Հայ առաքելական եկեղեցու հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդարանը, Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի թեմի առաջնորդությունը եւ «Լինսի» հիմնադրամը:
Այս անգամվա նվիրատվական ձեռնարկմանը մասնակցել են մի շարք հայրենանվեր կազմակերպություններ, միավորումներ ու անձինք:
Հիշեցնենք, որ Միացյալ հայկական ֆոնդի ինքնաթիռները Երեւան են ժամանում Ք. Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով:
Ս. Մ.