«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2006-08-10 | #151, 2006-08-11 | #152, 2006-08-12


ՎԵՐԵՎՆԵՐԻ ԹՈՂՏՎՈՒԹՅԱՄԲ ԴՈԼԱՐՆ ՈՒ ԴՐԱՄԸ «ԱՎԱԶ ԵՆ ՄԱՂՈՒՄ»

Կոկորդիլոս բազմացնելու... կամ դրամի արժեւորման մասին

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երբ մեր հյուսիսային հարեւանի` Ռուսաստանի իրականությունից ոչինչ չեն հասկանում, ասում են. «Բանականությամբ Ռուսաստանը չես հասկանա»: Հայաստանյան դրամական շուկայում արդեն որերորդ անգամ վայրիվերումները հիրավի ապացուցում են, որ Հայաստանում եւս իրավիճակը բանականությամբ չես ըմբռնի, թեեւ, չմոռանանք, ըմբռնումով մոտենալու եւ ոչ հասկանալու հսկայական փորձ ունենք. չէ՞ որ մի տեւական ժամանակ հայ ժողովրդին ներկայացվող միակ պահանջը «ըմբռնումով մոտեցեք»-ն էր:

Ախր ինչպե՞ս ըմբռնումով մոտենաս այնպիսի մի հարցի, ինչպիսին է ժամառժամ գրպանիդ առանց այն էլ սուղ միջոցների փոշիացումը: Ոչ մեկը չի մտածում, ոչ ոք մտահոգ չէ, ոչ մի կառույց` պետական ու ոչ պետական չի էլ անհանգստանում. թերեւս սեփական միջոցներն առավել քան ապահով են, ի՞նչ կարիք կա ինչ-որ քաղաքացիների մտահոգությունների համար նեղություն պատճառել ինքն իրեն ու էս շոգին մեկ էլ դրամ-դոլար հարաբերությունները «պարզել»:

Այն, որ դոլարն «ուշագնաց» է լինում, այնքան էլ զարմանալի երեւույթ չէ. շուկայում ինչ ասես հնարավոր է: Բայց ինչպե՞ս է, որ դա որակվում է դրամի արժեւորում, հասկանալի չէ: Այդ ինչպե՞ս է դրամը հաջողացնում արժեւորվել, երբ 1 դոլարը 500 դրամից բարձր փոխարժեքի ժամանակ, օրինակ, շաքարավազն արժեր մոտ 280 դրամ, իսկ ներկայումս 1 դոլարը մոտ 390 դրամի պայմաններում շաքարավազի նույն 1 կգ-ը դարձել է մոտ 330: Եթե սա արժեւորում է, ուրեմն Հայաստան երկիրը երեւի գտնվում է Աֆրիկա աշխարհամասում, մենք էլ ազգովին զբաղված ենք կոկորդիլոսների բազմացմամբ:

Եվ քանի կոկորդիլոսների բազմացումն այնքան էլ շահավետ բիզնես չէ, իսկ փղոսկրի առեւտուրը հիմնականում էլիտար մարդիկ են ձեռք գցել, հայերից շատերը, ասենք ամիսը մեկ, մի հարյուր դոլարանոց ստանում, գնում էին «Փեթակ», կամ էլ նման մի տեղ տան առեւտուր անելու համար: Վստահություն կար, որ որոշ բաներ ամսվա կտրվածքով հնարավոր էր ապահովել: Իսկ ներկայումս 100-դոլարանոցով ամսվա համար հարց չես լուծի:

Բայց դե, ինչպիսի անկարեւոր թեմա, ո՞ւմ դարդն է, թե ով ինչպե՞ս է ապահովում իր ընտանիքի գոյությունը: Կարեւորը պետական ամենաբարձր մակարդակով հայտարարված առաջնահերթություններն են, ասենք, ներդրումային բարենպաստ մթնոլորտի ապահովումն ու զբոսաշրջության զարգացումը: Շատ լավ ենք զարգացնում զբոսաշրջությունը, խոսք չկա: Անխոս է նաեւ ներդրումային մթնոլորտի բարելավման հարցերում կառավարական հաջողությունների «պատվո տախտակին փակցված բովանդակությունը»: Մնում է միայն զարմանալ, թե փոխարժեքային «վալսի» փոխարեն նման «քոչարի պարող» երկիրն ինչպե՞ս է ապահովում «ինվեստիցիոն մթնոլորտ», երբ դրա կարեւորագույն հատկանիշներից մեկը` կայունությունն ուղղակի կապ չունի այս շուկայի հետ: Եվ եթե դրան ավելացնենք Հայաստանում առանց այն էլ սահմանափակ քանակությամբ գործող արտադրությունների վիճակի «տխուր» իրողությունը, հստակորեն կարող ենք խորհրդարանական սպասվող ընտրություններում մեր «վստահության քվեն» տալ որեւէ քաղաքական ուժի, որը հետագայում էլ նույն «չաշխատելու» տրամաբանությամբ կշարունակի գործել: Սա էլ, ի դեպ, բանականությամբ հասկանալու քիչ հավանականություն ունի, քանի որ ընտրություն էլ կա, ընտրություն էլ:

Զբոսաշրջության զարգացումն էլ յուրօրինակ նպատակակետ է հայտարարված Հայաստանի համար: Բայց, խեղճ զբոսաշրջիկ, ինչպե՞ս կարողանաս կարգավորել Հայաստանում ծախսելիք քո գումարների ճիշտ բաշխումը, երբ երկիր ժամանելու պահին ունեցած դրամը մի 15 օրում կարող է այնքան արագորեն հալվել, որ ծրագրած բոլոր ճաշերը վերածվեն թեթեւ նախաճաշերի: Եվ հետո, հոգեբանությունը, թե դոլարային ոչ մեծ գումարը կարող է ապահովել Հայաստան այցելության ծախսերը, շատ դեպքերում զբոսաշրջիկների այցելության հիմք է, մինչդեռ հիմա` դա էլ չիք...

Զբոսաշրջության համար նախատեսվող դիտարժան վայրերը շատ են եւ հեռու, ասենք, Տիգրան Մեծի անունը կրող փողոցից: Սակայն այս օրերին այսպես կոչված «ֆիրդուսնոցը» եւս դիտարժան է: Բանն այն է, որ այստեղ երեւանյան փոխանակման կետերն աչքի են ընկնում դռներին անգամ ցերեկվա շոգ ու տոթ ժամերին ձգվող հերթերով: Սա էլ պետական ատյանների, երեւի թե շոգից ընդարմացած լինելու պատճառով ժողովրդին իրավիճակի մասին տեղեկություն չտրամադրելու հետեւանքն է, որ ավելի պարզ կոչվում է խուճապ: Մարդիկ մեծ գումարներ են փոխանակում` սարսափած այն մտքից, որ դոլարն արդեն իսկ հայտնվել է 400 դրամից ցածր հարթակում եւ հավանաբար «ուշագնաց լինելու ճանապարհին» կարող է հատել նաեւ 350-ի, 300-ի հարթակները:

Այս ամենով հանդերձ, դրամական հարթակներն ավելի փոքր նշանակություն ունեն, քան մարդկային հարաբերությունները: Օրերս էլ ՀՀ Կենտրոնական բանկն էր ուսումնասիրել ու պարզել, որ 2005 թ.-ին Հայաստան դրսից մոտ 1 մլրդ դոլար գումար է մտել որպես մասնավոր տրանսֆերներ: Սա վկայում է հայերի ընտանեկան ու բարեկամական կապերի ամրության մասին: Բայց ի՞նչ կմնա այդ բարեկամությունից ու հարազատությունից, երբ միմյանց օժանդակելու մեզանում տարածված սովորության համաձայն հարազատներին ու ծանոթներին պարտք տված ու պարտք վերցրած մարդիկ անձնական խնդիրների առաջ են կանգնում: Իբր չվերադարձնելու դեպքերն ու դրանց պատճառած նյութական եւ բարոյական վնասները քիչ էին, հիմա էլ մի քանի ամսով վերցրած գումարը վերադարձնելը ցավ պիտի պատճառի իր տվածից պակաս արժեք ստանող պարտատիրոջը եւ պարտապանին, որ բարեկամություն ու հարազատություն պիտի մոռանա` փոխանակման «լողացող» կուրսերի ջրապտույտների պատճառով:

Սա էլ ու վերջ, էլ ոչ մեկը մտահոգող խնդիր չի ունենա, քանի որ մտահոգության աղբյուր չի լինի, չենք ունենա ոչ մի խնդիր: «Ազգի» խմբագրություն դիմած քաղաքացիների այս հարցադրումներն էլ թողնում ենք բաց. եթե կան պատասխանատու անձինք ու կառույցներ, թող պատասխանեն, իսկ եթե այդպիսիք Հայաստանում չկան, ուրեմն արժե մտածել համազգային մի հանրաքվե անցկացնելու մասին` որոշելու, թե այսուհետեւ ով պիտի զբաղվի ՀՀ բնակչությանը հուզող դոլար-դրամ էպոպեայով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4