«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2006-08-11 | #152, 2006-08-12 | #153, 2006-08-15


«ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԻՑ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԳՐԵԹԵ ՉԵՆ ԿՐՃԱՏՎԻ»

Ողջ հանրապետությունում, ինչպես նաեւ Լոռու մարզում, կստեղծվեն առողջապահական համալիրներ, որոնք միավորելու են առաջնային եւ ստացիոնար բուժօգնությունը մեկ հիմնարկության մեջ:

Ի՞նչ նպատակ ունի առողջապահական հիմնարկների օպտիմալացումը, ի՞նչ է նախատեսվում անել այդ ուղղությամբ Լոռու մարզում: Պարզաբանումների համար դիմեցինք Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ռոբերտ Դիլբարյանին:

- ՀՀ առողջապահության նախարարությունը 2006 թվականի համար օպտիմալացման ծրագիր է մշակել, որը սեպտեմբերի կեսերին կդրվի կառավարության նիստի քննարկմանը,- ասաց նա: - Այս ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի պայմանագրային պարտավորությունների շրջանակներումՙ Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) միջոցով:

Հիշեցնեմ, որ բուժհիմնարկների խոշորացման ծրագիրն իրականացվում է հանրապետությունում եւ 2001 թ.-ին սկսված օպտիմալացումից տարբերվում է մի շարք հատկանիշներով:

Լոռու մարզում նախատեսվում է միավորել Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի համաբուժարանները եւ հիվանդանոցները, իսկ Ալավերդիում կմիավորվեն հիվանդանոցը, համաբուժարանը եւ ծննդատունը:

Վանաձորում ուռուցքաբանական դիսպանսերը կմտնի թիվ 1 հիվանդանոցային համալիրի կազմի մեջ: Սպասվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք առայժմ առաջարկների տեսք ունեն եւ հաստատվելուց հետո կհրապարակվեն: Միայն կարող եմ ասել, որ մարզկենտրոնում մի համաբուժարան չի միավորվի: Մեծավանում, Մեծ Պարնիում, Դսեղում եւ Ախթալայում գործող առողջության կենտրոններն այժմ, բացի ամբուլատոր-համաբուժարանային ծառայությունից, զբաղվում են նաեւ հիվանդանոցային բուժօգնությամբ:

Ծրագրի իրականացման արդյունքում այդ կենտրոնները կզբաղվեն միայն առաջնային բուժօգնությամբ, իսկ հիվանդանոցային մասը կհանվի:

Օպտիմալացման այս փուլի հիմնական նպատակն է առավել ռացիոնալ օգտագործել նյութատեխնիկական բազան եւ ֆինանսական միջոցները: Ե՛վ հիվանդանոցները, ե՛ւ համաբուժարաններն ունեն լաբորատոր-ախտորոշիչ առանձին ծառայություններ: Դրանք միավորելովՙ ավելի արդյունավետ կգործեն, կկրճատվեն սպասարկման տարածքները, կկրճատվի վարչական, տեխնիկական աշխատողների թիվը: Խնայված լրացուցիչ գումարները հետագայում կնպատակաուղղվեն փաստացի աշխատողների աշխատավարձի բարձրացմանը: Իսկ բուժանձնակազմից կրճատումներ գրեթե չեն լինի: Եթե նպատակահարմար չլինի որոշ միավորված բուժհիմնարկների տեղափոխումը, դրանք կմնան իրենց տեղում, բայց կգործեն իրավաբանական մեկ անձի կարգավիճակով: Օպտիմալացման ծրագիրը նաեւ բուժհիմնարկների առողջացմանը կնպաստի: Խոսքը հատկապես վերաբերում է Ալավերդուն, որտեղ հիվանդանոցը տարիների ընթացքում մեծ պարտքեր է կուտակելՙ աշխատավարձի, սոցվճարների եւ այլն: Իսկ միավորումը կնպաստի ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործմանը: Բնականաբար, օպտիմալացման արդյունքում, ինչպես ասացի, կկրճատվեն տնօրեններ, հաշվապահներ, տեխնիկական աշխատողներ: Նորից եմ կրկնումՙ բուժաշխատողների կրճատումներ գրեթե չեն լինելու: ՀՀ առողջապահության նախարարության հաստատած չափորոշիչներովՙ յուրաքանչյուր բուժծառայության տեսակ, որը նախատեսված է բնակչության կոնկրետ քանակի սպասարկման համար, պետք է ունենա նաեւ բուժաշխատողների կոնկրետ քանակ, որն արհեստականորեն նվազեցնել հնարավոր չէ:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4