«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2006-08-11 | #152, 2006-08-12 | #153, 2006-08-15


ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱԿՈԲ ՍԻՐՈՒՆՈՒ «ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՕԹԵՐԻ» ԱՌԻԹՈՎ

Արեւմտահայ հասարակական-կուսակցական գործիչ, մտավորական Հակոբ Սիրունու «Ինքնակենսագրական նօթերը» հեղինակի բազմաբեղուն գրչի պատառիկներից են, որոնք պատմում են իր սերնդի երազների ու հուսախաբությունների, հույսերի ու դառնությունների մասին: Գիրքը լույս տեսավ օրերս «Սարգիս Խաչենց» հրատարակչության «Ժամանակ եւ խոսք» մատենաշարով` բարձրաճաշակ տպագրությամբ: Հրատարակության պատրաստել եւ առաջաբանը հեղինակել է գրականագետ Հենրիկ Բախչինյանը:

Նորընծա գրքի առիթով անցյալ ուրբաթ օրը հանդիպում կայացավ գրականության ու արվեստի թանգարանում` մտավորականների, մշակույթի նախարարի, գրքի տպագրության հովանավորների, հրատարակչի հետ:

Հ. Սիրունու կենսագրական եւ ստեղծագործական անդրադարձը կատարեց Հ. Բախչինյանը: Սիրունու գրական ժառանգությանը նախանձախնդիր նրա եղբայրը` Գրիգոր Ճոլոլյանը, տարիներ շարունակ հավաքել, կազմել եւ ամբողջացրել է ինքնակենսագրական նոթերը, սակայն վերահաս մահը կանխել է գրքի տպագրությունը: 1975-ին չնայած ժողովածուն ուղարկվել է Երեւան` հանձնվել ԳԱԹ-ին, սակայն նման գրքի հրատարակման համար ժամանակները բարենպաստ չէին. նոթերում հեղինակն անդրադառնում է թուրքական եւ խորհրդային ռեպրեսիաներին նաեւ:

Սիրունին ծնվել է Ատաբազարում, սովորել Պոլսի Էսայան եւ Կեդրոնական վարժարաններում, ավարտել Պոլսի համալսարանի իրավաբանական բաժինը: Դեռեւս դպրոցական տարիներից, հատկապես «Ազատամարտ» թերթը խմբագրելիս 2 անգամ ճաշակել է թուրքական բանտային կտտանքները, 1915-18-ը մնացել է Պոլսում, թաքստարաններում ծանր օրեր ապրել: 1922-ին տեղափոխվել է Ռումինիա: 1940-ից դառնում է ստալինյան ռեպրեսիաների թիրախ, Ռումինիայից աքսորվում Սիբիր, բռնագրավվում է 5 սնդուկ նրա գրական ժառանգությունը եւս:

Առավել քան ընդգրկուն է մտավորականի ստեղծագործական կյանքի շառավիղը. սկսել է բանաստեղծություններով, 1-ին հատորյակը` «Մթնշաղ» մեծարենցյան շնչով գրված, տպագրվել է 1908-ին, հետագայում պոլսահայ մամուլում հայտնվում են նրա պատմվածքները: Սիրունուն թատերգության մղել է իր դպրոցական ընկերը` մեծն Վահրամ Փափազյանը, նա հեղինակել է տասնյակ հոդվածներ, կատարել թարգմանական աշխատանքներ, լեզվաբան է, բառարանագիր, բանագետ, ձեռագրագետ:

Ստեղծագործական կյանքին զուգընթաց նաեւ Պոլսի գրական-թատերական կյանքի կազմակերպիչն էր (գրական ասուլիսներ, թատերական ներկայացումներ): Դանիել Վարուժանի հետ 1914-ին հրատարակել է «Նավասարդ» գրական տարեգրքի, ցավոք, միակ համարը, որը սակայն հայ մշակութային անցյալի ամենաարժեքավոր նմուշներից մեկն է համարվում: Սակայն Սիրունու վաստակի ամենաբեղուն դրսեւորումը հայ պատմագիտության ասպարեզում եղավ, նա թողեց գիտական հսկայական ժառանգություն: Մեծարժեք ներդրում է «Պոլիս եւ իր դերը» բազմահատոր աշխատությունը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացված է հայկական Պոլսի 500 տարին:

Վազգեն Ա կաթողիկոսի հրավերով Հակոբ Սիրունին բազմաթիվ անգամներ այցելել է Հայաստան, եղել է նաեւ գրականության եւ արվեստի թանգարանի հյուրը: Նրան հանդիպած միակ այսօրվա աշխատակիցը թատերագիր Բախտիար Հովակիմյանն է, որը պատմեց նաեւ այդ մասին: Նա գիրքը համարեց իբրեւ հեղինակի` մոր հանդեպ գնահատանքի բացառիկ օրինակ:

Շնորհանդեսին ընթերցվեց փարիզահայ պատմաբան Լեւոն Քեչեյանի խոսք-ուղերձը գրքի հրատարակությունն իրականացնելու առիթով:

Հանդիպմանը ներկա էին հատորի տպագրության հովանավորները` հեղինակի եղբորորդիներ, փարիզաբնակ Պատրիս եւ Կլոդ Ճոլոլյանները: Հոր` Գրիգոր Ճոլոլյանի մահից հետո Պատրիսը դառնում է նրա արխիվի պահապանը, որտեղ կան հազարավոր պատմական լուսանկարներ փարիզահայ կյանքի կարեւոր իրադարձությունների մասին (Կոմիտասի, Անդրանիկի թաղումները, Ֆրանց Վերֆելի այցը Փարիզ), իսկ հորեղբոր` Հ. Սիրունու ինքնակենսագրական նոթերի մշակութային արժեքը հայտնաբերելուց հետո արդեն, Պատրիս Ճոլոլյանի համար էական է դարձել դրանց պահպանումն ու տարածումը, որն էլ ի կատար ածվեց հայրենիքում: Երկու եղբայրների խոսքերը սրտառուչ ու հուզական էին, հատկապես երբ անդրադարձան հոր մահից 30 տարի հետո գրքի շնորհանդեսին իրենց մասնակցությանը, որ «առաջին հիշատակն է հայրենի հողին վրա»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4