«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2006-08-12 | #153, 2006-08-15 | #154, 2006-08-16


ԵԼՔ ՓԱԿՈՒՂՈՒՑ

Ըստ Վարդան Պետրոսյանի

Վարդան Պետրոսյանը երկխոսության է հրավիրում բոլորիս, մարդկանց այն հավաքականությանը, որ իրենց հայ են համարում: Թատերարվեստի հանդեպ զուտ հետաքրքրասիրությունը կամ էքսցենտրիկ մտահղացումներով տեսարանները չեն, որ օգոստոսյան այս անհանգիստ տապին Ստանիսլավսկու անվան թատրոնի անկոնդիցիոներ (օդորակիչ) դահլիճում 2 ժամ գամում են դիտողին:

Սովորաբար հիվանդ հասարակությանը օգնելու համար ժամանակի պետական գործիչները ռեֆորմիստական ծրագրեր էին մշակում, իսկ ճգնաժամը խորանալու պարագայում հեղափոխական, ապստամբական տրամադրություններն ու ազատագրական շարժումներն էին գլուխ բարձրացնում: Այսօր մենք ազատագրական շարժման կարիք չունենք, արդեն 15 տարի արձանագրել ենք մեր դարավոր բաղձանքն ու կալանել այն, որովհետեւ ազատության չտեսությունը սանձարձակացրել է մեր երեւակայությունը այնքան, որ վտանգի է ենթարկվել քրիստոնյա մեր հազարամյա գոյակերպն ու մտածողությունը:

Չկարողանալով (օբյեկտիվորեն նաեւ) խուսափել պատմական մեր անցյալի օրգանական շարունակությունից, պատմությունը վատ սերտած աշակերտի պես նույն սխալը կրկնում ենքՙ մեր թուլամտությունը սքողելով «հայի բախտ կամ ճակատագիր» արտահայտության չարչրկումով: Այն դեպքում, երբ քրիստոնեական պատկերացումները մերժում է ֆատալիզմը, եւ քրիստոնեության ֆենոմենըՙ ազատ ընտրության հնարավորությունը, ճակատագիրը փոխելու կարողություն է ընձեռում: Այդ ճանապարհը նորկտակարանային պատվիրաններին ընդառաջ գնալն էՙ ապրելու նոր կերպը, նոր հավատամքը, սկզբունքը, որն էլ Վարդան Պետրոսյանի «Ի՞նչ անել» ներկայացման պատասխանն է. «Հույսդ դիր նախ Աստծո, հետո քո վրա»:

Այս թատերախաղում Վարդան Պետրոսյանը խնդիր չի դնում արտիստական շնորհները ի ցույց դնելու: Սա նրա ծրագրային ելույթն է, հայ մտավորականի ու քաղաքացու իր կեցվածքը: Բեմական պայմանականություններ, դեկորացիաներ, պատկերակիր սիմվոլներ չկան. նա թատրոն չի սարքում, հանդիսատեսի աչքը խաբող որեւէ դետալ: Ինքն էՙ պարզ կոստյումով ու մի աթոռ: Երաժշտական եւ լուսային որոշ տարրերը միակ եւ անհրաժեշտ այն կոմպոնենտներն են, որ օժանդակում են պերսոնաժները լրացնելու եւ ներկայացնելու: Միակ իմիտացիանՙ պատմության, ժամանակների կանգառներն ենՙ գնացքի պատրանքով: Վարդան Պետրոսյանը մոնոներկայացման 2 ժամերին տառացիորեն իշխում է հանդիսականի մտավիճակներին: Բեմական դինամիկան ու բազմազանությունը ապահովում է արտիստական կերպարանափոխության իր շռայլ տաղանդի շնորհիվ, ժեստերի ու դիմաշարժերի երբեմն ծայրահեղությունները ընդգծում են ծաղրի ենթակա պերսոնաժներին: Երաժշտությունը ներկայացման լրացուցիչ «դերակատարն» է: Օրինակՙ «էլիտար» հասարակության ռաբիսը: Ռաբիսըՙ կործանարար առումովՙ ոչ միայն արտաքին ատրիբուտներովՙ հագուստ, խոսք, պահվածք, եւ ամենակարեւորըՙ մտայնությամբ: Սա վերաբերում է բովանդակազուրկ, հոգու ու մտքի խեղանդամ, դեգրադացված մարդկանց այն խմբին, որ «բախտի քմահաճույքով» (առիթներ, որակներ, հանգամանքներ) ինչքի տեր դառնալով զավթեց իշխանական, պետական լծակները, եւ հիմա էլ պարտադրում է իր բարոյականությունն ու ճաշակը, փորձելով դրանով իսկ ազատվել հոգեբանական անլիարժեքության ժամանակին ունեցած իր զանազան բարդույթներից: Հասարակական այս խոցից («էլիտար» ռաբիսից) ազատվելու միջոցը նրանց ազատազրկե՞լն է: Ո՛չ: Առաջարկվում է այլ «պատիժ». տանել օպերային թատրոն, բջջային հեռախոսը վերցնել, շղթաներով գամել բազկաթոռին ու լսել տալ... «Ռեքվիեմը»ՙ Մոցարտի ու նա... սպանված է, հոգեպես ոչնչացված:

Ներկայացման մեջ պատմությունը խոսում է այսօրվա լեզվով: Արտիստը մարմնավորում է հայ մտավորականի ընդհանրացված կերպարը, որը ե՛ւ վերլուծաբան է, ե՛ւ ուսումնասիրող, ե՛ւ մեկնաբան, ե՛ւ եզրահանգող. ոչ վաղ անցյալի (1915 թ.-ից սկսած) կուսակցական, ազգային, մտավորական հայ գործիչների մոլորված միտքըՙ աշխարհի մեծ քաղաքականության զոհասեղանին: Աշխարհի բախտը որոշող մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա) հայացքից հույս մուրացող հայկական սինդրոմը մերժվում է այդ նույն երկրների ժողովուրդների ամենապարզ սովորույթներն ու թուլությունները ծաղրի ենթարկելով: Նպատակը հստակ էՙ սեփական տունդ կառուցելու փոխարեն մի դարձիր օտար խաղերի խամաճիկն ու ապա նաեւՙ զոհը: Սա է ողբերգությունը ու դրանից սերված այսօրվա նահանջներըՙ բարոյական ու մտավոր, ու հետեւանքը անդիմագիծ հասարակական այս իշխող խաժամուժն է, նրանց արժեքային համակարգըՙ էլիտար ավտոմեքենաներից մինչեւ էլիտար ճանճերն ու էլիտար թուրքական երաժշտությունը: Սարկազմը սպանիչ ու տեղին է: Հայրենական տերերիՙ սեփական ժողովրդի հարստահարումներին կնախանձեին անգամ անցյալներում վաչկատուն ցեղերի բարբարոս նվաճողները: Հայ փողատեր տղամարդու ճարպոտ ցինիզմը արեւելքի շուկաներում առուծախի է հանել սեփական կնոջ մարմնական «ունեցվածքը»: Կանացիացող մեր հասարակությանը սպառնացող վտանգները դեռ առջեւում ենՙ թաքնված ազգային սնամեջ երազների որոգայթներում:

Թատերական այս հրապարակախոսությունըՙ մեր կյանքի հայելային արտապատկերն է, որ մերկ քննադատություն չէ, այն բարոյախոսական ենթատեքստ է կրում: Սա արվեստագետի ներքին ապրումների ու տառապանքների արտահայտությունն է, ցավը իր սերնդակցի, ժողովրդի, հայ մարդու վտանգված ապագայի համար: Վարդան Պետրոսյանն իր հարցադրման պատասխանը ձեւակերպում է շատ հստակ. «Ոտքի կանգնիր, հայ ժողովուրդ, եթե ապրելու կամքդ թեկուզ մեկ ժամ լքես, արդեն կորած ես, խաչ կքաշես քո հազարամյա պատմության վրա:

Հույսդ դիր նախՙ Աստծո, ապա քո վրաՙ խորապես համոզված, որ դու բարոյական ու մտավոր այնքան բարձր արժեքների տեր հին, պատմական ժողովուրդ ես: Դու հին ու պատմական ժողովո՛ւրդ ես, որ կոտորվել է, կոտորակվում է, բայց չի մեռնում: Մի վախեցիր օտար թշնամուց: Այլ վախեցիր քո այն զավակներից, որոնք երեկ բռնակալությունդ էին շահագործում, իսկ այսօրՙ անկախությունդ: Եթե անկեղծորեն քեզ սիրող 10 անձնազոհ զավակներ ունենայիր ղեկավարներիդ մեջ, որից ժողովրդիդ խոնարհ զավակներիդ մեջ հազարներով ունես, եւ որոնք ազնվություն, ուժ, քաջություն ունենային իրենց կրքերը, նախանձը, փառամոլությունը, շահամոլությունը ստորադասելու հայրենիքի շահերին, ապա այսօր անպայման քեզ ավելի լավ բախտ կվիճակվեր: Բայց քանի դեռ դերակատարներդ նույնն են, դու այլ ելք չունես, ոտքի կանգնի՛ր, հայ ժողովուրդ, հիշիր, որ մենք այսօր հնձում ենք այն, ինչ ցանեցին մեր նախորդները, եւ վաղը նշանակում է սերունդները հնձելու են այն, ինչ մենք այսօր պիտի ցանենք: Որեմն դու հուսահատվելու իրավունք չունես, ինչ էլ լինի գլուխդ մի կախիր, հիշիր, որ Աստված քեզ հետ է: Ոտքի կանգնի՛ր...»:

Դահլիճը ոտքի է կանգնում: Մնացածը դեռ դրսում են:

Եթե հանդիսականի վերաբերմունքն է սովորաբար չափանիշը ներկայացման հաջողության, ապա դերասանի մենախոսությունը անընդհատաբար խլանում էր ծափերի տարափով, հանդիսականը հաճախ երկխոսության մեջ էր նրա հետՙ դա շատ մտերիմ էր, հարազատավարի:

Սոս Սարգսյանը հայրաբար գրկում է երիտասարդ արվեստակցին. «Այս էլ որերորդ անգամ Վարդան Պետրոսյանը մեր ոգին բարձրացնում է, հիշեցնում, որ մենք մարդ ենք, որ մենք ազգ ենք, իրավունք չունենք հուսահատվելու: Ինքը հանճարեղ դերասան է, քաղաքագետ, հանճարեղ հայ, ինքը ինձ համար մի զարմանալի երեւույթ է, ինքը իմ ժողովրդի հարազատ զավակն է»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4