«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2006-08-15 | #154, 2006-08-16 | #155, 2006-08-17


ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՆՎԱԶԵԼ-ՉԼԻՆԵԼ

Երեւանում ինձ հաճախ են հարցնում` իրո՞ք Ռուսաստանի բնակչությունը նվազում է, եւ ինչքանո՞վ է դա նկատելի: Իհարկե, բուն Մոսկվայում դա տեսանելի չէ. հսկա մեգապոլիսը ձգում-կլանում է բազում ռուսաստանցիների ու ներգաղթողների: Բայց երբ լինում ես փոքր քաղաքներում ու հատկապես գյուղերում... Այս գերհրատապ խնդիրը քննարկվում է Ռուսաստանի իշխանության բարձրագույն մարմիններում, ընդունվում են որոշումներ, բայց արմատապես ոչինչ չի փոխվում: Ըստ Պուտինի հրապարակած վերջին տվյալի, երկրում մահացությունը ծննդաբերությանը գերազանցում է մոտ 700 հազարով:

Ազգաբնակչության քանակի նվազում, անշուշտ, նկատվում է նաեւ Հայաստանում, սակայն տարբեր են երկու երկրներում այդ տխուր երեւույթի սոցիալական, քաղաքական, բարոյական եւ մյուս պատճառները: Սակայն, թերեւս, օգտակար լինեն մեր հայրենիքի համար այն սոցիալական հետազոտությունների արդյունքները, որ անցկացվում են Ռուսաստանում:

Սկսենք վիճակագրությունից նախապես զգուշացնելով, որ բոլոր տվյալները վերցված են ռուսաստանյան մամուլից ու առանձին հրապարակումներից եւ վերաբերում են գերազանցապես ռուսներին: 1950 թ. Ռուսաստանում բնակվել է 102,7 մլն մարդ, 2000 թ.` 145,6, իսկ նկատի ունենալով մահացության միտումը, 2050 թ. այդ երկրի բնակչության թիվը կկազմի սոսկ 101,5 մլն: Համեմատության համար օրինակ չբերենք, ասենք, Չինաստանը կամ Հնդկաստանը, վերցնենք ԱՄՆ-ը. համապատասխանաբար` 157,8, 285 եւ 408,7 մլն մարդ: Եվս մի թիվ` բնակչության սովորական վերարտադրության համար ծծնդաբերության մակարդակը պիտի կազմի առնվազն 2,15 տոկոս մեկ ընտանիքի հաշվով: Ռուսաստանում ներկայումս կազմում է 1,3 տոկոս: Ինչպես ասում են, մեկնաբանություններն այստեղ ավելորդ են:

Ինչպես ասվեց, Ռուսաստանի ղեկավարության քիչ թե շատ հայրենասիրաբար տրամադրված խավը իրոք մտահոգված է այս խնդրով, եւ նախագահ Պուտինը փորձում է ընտրել դրա լուծման ուղիները: Բայց այն, ինչ առաջարկում է նա, խիստ կասկածելի է ինչպես առաջարկվող միջոցների, այնպես էլ դրանց իրագործման հնարավորությունների տեսակետից: Առայժմ շեշտը դրվում է բազմացող ընտանիքներին ֆինանսապես աջակցելու վրա: Բայց այստեղ արժե ուշադրություն դարձնել մի այսպիսի հանգամանքի վրա. ոչ պատերազմական պայմաններում երկրում ստեղծվել է 2,5 միլիոնանոց անապաստան երեխաների բանակ, եւ մինչդեռ նրանց մեծ մասի ծնողները ողջ են: Արդյոք նյութական խթանը չի՞ գրավի առաջին հերթին այս «ընտանիքներին»: Ի վերջո, ունենալով երկրորդ թե երրորդ երեխան, այդ կարգի ծնողները որոշ ժամանակ կապահովեն իրենց.... օղու պաշարը, իսկ թե ինչ կպատահի իրենց երեխաների հետ` կհայտնվեն նրանք մանկատանը, թե՞ փողոցում, նրանց համար ի՞նչ տարբերություն:

Ցավալին այն է, որ կյանքի ներկա հախուռն պայմաններում նույնիսկ նորմալ ընտանիքներում երեխաների ծնունդը դիտվում է որպես ընտանեկան եկամտի նվազում: Իսկ երբ ծնողները վստահ չեն «կապիտալիստական» վաղվա հանդեպ, ապա հարցականի տակ է դրվում բուն երեխա ունենալու գաղափարը:

Այնուհետեւ ռուսական գյուղերում հանրային տնտեսությունների վերացումը գրեթե կործանման եզրին հասցրեց գյուղական տնտեսությունն առհասարակ: Բայց չէ՞ որ գյուղացիությանն էր բնորոշ բազմանդամ ընտանիքների գոյությունը (որպես աշխատող ուժ): Իսկ այդ հսկա գյուղական զանգվածը, ուղղվելով դեպի քաղաք եւ կանգնելով անորոշ ապագայի առջեւ, հազիվ թե համարձակվի ունենալ մի քանի երեխա:

Ռուսաստանը ազգաբնակչության խոշոր կորուստներ է ունենում նաեւ առողջապահության ցածր մակարդակի, հանցագործությունների, ավտովթարների, ցածրորակ ոգելից խմիչքներ օգտագործելու հետեւանքով:

Կարելի է հիշատակել ռուսաց երկրի ժողովրդագրական անկման այլ պատճառներ` ինքնասպանությունների բարձր մակարդակը, իմպոտենցիայի ջահելացումը եւ այլն: Սակայն երբ հետեւում ես Ռուսաստանի հայրենասիրական ու նացիոնալիստական մամուլին, հանգում ես առաջին հայացքից պարադոքսալ թվացող մի հետեւության` տվյալ բնագավառում ստեղծված հիրավի աղետալի իրավիճակի համար գլխավոր մեղավորը, չարիքների չարիքը համարվում է... դեմոկրատիան: Այլ գաղափարների նկատմամբ իր անհանդուրժողականությամբ «մարքսիզմ-լենինիզմին» հիշեցնող այս լիբերալ կրոնը, առաջ քաշելով մարդու իրավունքների ու ազատությունների թեզը, մոռացության է մատնում, ինչպես բազմիցս արձանագրում է Ալեքսի II-ի հավանական փոխանորդ միտրոպոլիտ Կիրիլը, այդ նույն մարդու պարտավորությունները հասարակության հանդեպ: Եվ այդ պարագայում ի՞նչ կարող է անել պետությունը քննարկվող հարցի կապակցությամբ: Ոչինչ: Դրա «փայլուն» վկայությունը չէ՞ բուն դեմոկրատիայի օրրանը` Արեւմտյան Եվրոպան, որտեղ բնակչության աճ ունի միայն մահմեդական Ալբանիան: Նորեն դիմենք վիճակագրությանը: Վերը հիշատակված մեկ ընտանիքի հաշվով վերարտադրության 2,15 տոկոսը Գերմանիայում կազմում է 1,4, Իտալիայում` 1,2, Շվեդիայում` 1,7, Ֆրանսիայում ` 1,9 տոկոս եւ այլն:

Եվ մեռնող սպիտակ ռասայի այս «քաղաքակրթությունը» ընտանիքի ու բարոյականության իր ամենաթող «արժեքներն» է փաթաթում բոլոր մյուս «հետամնաց» ժողովուրդների վզին: Դեմոկրատացող Ռուսաստանի ԶԼՄ-ներից գրեթե իսպառ անհետացել են իսկական ընտանեկան արժեքները քարոզող հաղորդումները: Փոխարենը` գռեհիկ սեքս, սիրեկանի ու սիրուհու գովք, ծնողի ու ժառանգի փոխադարձ «անկախություն» եւ այլն: Դուք կարծում եք Մոսկվայում արվամոլների շքերթի տապալումը այդ չբեր «տղամարդկանց» մեջ արթնացրե՞ց գոնե տարրական ամոթի զգացումը: Բնավ: Մոսկվայում սնկի պես բազմանում եմ «Միայն տղամարդկանց համար» վերտառությամբ ակումբները: Եվ դեմոկրատիայի այս երկնագույն առաջամարտիկները լի են վճռականությամբ բնական մեծամասնությանը պարտադրելու իրենց փոքրամասնական «իրավունքները», անմնացորդ պայքարելու հանուն իրենց յուրօրինակ «բնական պահանջների» հարգման: Սրանք հաստատ երբեք չեն մտածի ազգի բազմացման մասին:

Հայաստանում բնակչության նվազման միտումը գերազանցապես արտագաղթի հետեւանք է, եւ ինձ համար դժվար է ասել, թե ինչ չափով է պետության ղեկավարությունը մտահոգված այդ հարցով: Եթե մտահոգված է: Սակայն նկատելի է, որ այստեղ ավագ սերունդը խիստ տագնապած է վերոհիշյալ արեւմտյան «դեմոկրատական, լուսավոր, առաջադիմական» հայացքների ներքո ավանդապես ամուր հայ ընտանիքի բարոյական հիմքերի քայքայումից: Եթե դա այդպես է, ապա այդ երեւույթը շատ ավելի ողբերգական ու կործանիչ հետեւանքներ կունենա ազգի համար, քան արտագաղթը: Հայ ժողովրդի գոյատեւման ամենահզոր հենարանն ընտանիքն է, նրանում առկա փոխադարձ հոգատարությունը, ջերմությունը, նվիրվածությունը: Եվ եթե այդ վսեմ օջախը «արդիականացվի» եվրոպականապես, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամն ապրի բացառապես իր անձնական շահերով ու շահագրգռություններով, ապա ընտանեպաշտ մահմեդականներով շրջապատված մեր երկրի դեմ հարկ չի լինել զենք կիրառել: Եվ աստված չանի, եթե մի երկնագույն օր Փարիզի, Բեռլինի, Մադրիդի քաղաքագլուխների օրինակով Երեւանի ապագա քաղաքապետն իր հպատակներին ողջունի այր կողակցի հետ համբուրվելով...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4