Արդեն 35 տարի, 45 տարի, սրանից հետո եւս 105 տարի (Աստված չանի) փորձ է արվում սպանել Պարույր Սեւակին: 1971 թվականի հունիսի 17-ը սոսկ սեւակասպանության օրվա փաստագրումն է: Նրան սպանել են 1971-ի հունիսի 17-ից առաջ, այդ օրը, նրան սպանում են այսօր: Կարող է թվալ, թե մարդասպանության մոլուցքը մեր մեջ վաղուց է նստած: Չէ, այդպես չէ: Պարզապես ոմանք կատարում են ուրիշների թելադրանքը` հայերիս, Հայաստանի հոգեւոր աշխարհն ավերել: Զարմանում ես, մի՞թե այսքան անմիտ ու դաժան մարդ ենք եղել, եւ միայն հիմա ենք իմանում այդ մասին:
Չէ, ինչո՞ւ: Հենց նույն` Պարույր Սեւակի օրինակով կարելի է ասել, որ հայ ժողովրդի մեծերի դեմ մենք հաջողությամբ պայքարել ենք:
Հիշենք 1971-ի հունիսյան օրերը, երբ վթարվեց բանաստեղծը: Հայ ժողովրդի համար այդ ողբերգական ժամանակի հզոր լիցքը, երբ փոքր-ինչ խաղաղվեց, հրապարակ նետվեց պատահական ավտովթարի վարկածը: Ավելին: Կարճ ժամանակ անց «պարզվեց», որ ավտովթարը տեղի է ունեցել միայն ու միայն այն պատճառով, որ Պարույր Սեւակը մեքենա վարել չի իմացել: Մեկ ամիս, մեկ տարի, երկու տարի հետո պարտադրեցին մեզ այս վարկածը: Եվ ամեն ինչ կարելի էր ավարտված համարել: Ժամանակի ընթացքում վերացվեց նաեւ ավտովթարի առիթով կազմված քրեական գործը: Անհեթեթ ու հիմար պատմություններ հնարվեցին, թե իբր Պարույր Սեւակի սպանության գործը չկա ՊԱԿ-ի արխիվներում, թե, իբր, Մոսկվայի (այսինքն` ԽՍՀՄ ՊԱԿ-ի) հրամանով այդ «գործն» այրվել է:
Եթե դա նույնիսկ այդպես է, որին չեմ հավատում, ապա մարդկային հիշողությունը այրել հնարավոր չէ: Մենք դա փորձել ենք անել մեր «Վթար» փաստագրական վիպակում, որը շահագրգիռ անձինք գտնելու պարագայում անպայման կհրատարակենք: Այս գրքում շատ մարդիկ, ովքեր չեն ենթարկվել ՊԱԿ-ի հանձնարարականներին, անչափ կարեւոր փաստեր են հաղորդում:
Սակայն խոսքն այսօր «Վթար» վիպակի մասին չէ:
Վերջին մի քանի օրվա ընթացքում Պարույր Սեւակի սպանության կոծկման եւս երկու դեպք եղավ:
Նախ. «Արմենիա» հեռուստատեսությամբ մի հաղորդում եղավ, որտեղ փորձ էր արվում քողազերծել ավելի քան 35-ամյա ողբերգությունը: Հաղորդման հեղինակների միտումը կարելի կլիներ ազնիվ ուսումնասիրողի ջանք համարել, եթե... Հաղորդման ժամանակ խոսվում էր այն դաժան մթնոլորտի մասին, որ ստեղծվել էր Պարույր Սեւակի շուրջը, անուններ էին տրվում` Անտոն Քոչինյան, Ռոբերտ Խաչատրյան, Հայկարամ Ութմազյան, Գեւորգ Հայրյան... Ուշադրությամբ դիտում էիր այդ դետեկտիվը եւ սպասում էիր հարցիդ պատասխանին. ի վերջո, ո՞վ սպանեց Պարույր Սեւակին: Եվ, ահա, պարզվում է, որ Պարույր Սեւակի շուրջ ստեղծված այդ թունոտ մթնոլորտի միակ պատասխանատուն մնում է... միայն Խիկար Բարսեղյանը, պետական հրատարակչության մի տնօրեն, որի զեկուցագրի հիման վրա արգելվել է բանաստեղծի «Եղիցի լույս» ժողովածուի տպագրությունը եւ որը բանաստեղծին հասցրել է հոգեկան դաժան տվայտանքների: Այս հաղորդումն էլ եկավ փակելու Սեւակի «գործը»: Գտնվեց ամենաանմեղ (սա` զուտ հարաբերական իմաստով) թիրախը, առավել եւս, որ Խիկար Բարսեղյանը վաղուց արդեն ոչ եւս է, իսկ նրա փոխարեն հազիվ թե գտնվեն պատասխանողներ:
Հենց այս նույն օրերին («Արմենիայի» այս հաղորդումից նույնիսկ որոշ ժամանակ առաջ) եւս մեկ փորձ է արվում սպանելու Պարույր Սեւակին: Ստեփանակերտում «Վաչագան Բարեպաշտ» հրատարակչությունը տպագրում է Սերգեյ Սարինյանի «Ի հեճուկս: Հուշերի երկրի առասպելը» գիրքը:
Հայաստանի անկախացումից հետո 1937-ական թվականների բազմաթիվ վկայությունների ծանոթացանք: Թվում էր, թե այս ամենը մեզ համար պիտի դաս լիներ ազնիվ ու խաղաղ ապրելու համար: Սակայն, չէ: Պարզվում է, որ կա մի «ականավոր մտածող», որի հուշագրականի գլխավոր առանձնահատկությունների մեջ ամենահատկանշականը «ճշմարտախոսությունն է, որը զուգորդվելով իրականության ընկալման սարինյանական ինտելեկտուալ մտքի կուռ տրամաբանությամբ, եւ որը ստեղծում է «հուշերի երկրի» առասպելը` «երկիր դրախտավայրի» արցախական համեմունքներով...»: Գրքի դարձէջին տպագրված այս շնչակտուր ներկայացումից հետո, խոսելով սարինյանների գերդաստանի ազնվական գոմշակովի եւ այլ հիշարժան բաների ու մարդկանց մասին, «ականավոր մտածողի» գրքի 270-րդ էջում մի ահասարսուռ բան ենք կարդում.
«... Պարույրի սկիզբը իսկական հայտնություն էր եւ պոետական նրա նախերգանքները միանգամայն այլ մոտիվ էին գծում ժամանակի հայ բանաստեղծության համապատկերում: Նրա մտահղացման շարքերը` «Խռովքի երգեր», «Մահվան Վեներա», «Խաչելության երգեր», «Հոգեվարքի երգեր», «Reqviem», «Վերադարձի կարոտ», «Սոնետներ», ինքնին արդեն նոր մտածողություն են հուշում հայ բանաստեղծությանը: Սակայն պոետական այդ մուտքը ընդմիջվեց տարիների ընդհատումով` թե ժամանակային եւ թե աշխարհայացքային իմաստով: Երբ Պարույրը եկավ Երեւան` համալսարանական ուսուցման, նրա առաջին խորհրդատուները եղան Հովհաննես Ղազարյանը եւ Սուսաննա Բաբայանը: Իսկ վերջիններս կապված էին համապատասխան օրգանների հետ եւ, բնականաբար, Պարույրին եւս ներգրավում են իրենց օղակում: Սա հայտնի բան է, եւ Պարույրը բնավ չէր թաքցնում, միանգամայն ազնիվ իմաստ տալով դրան, որ եթե ինքը չլիներ, ապա իր փոխարեն կլիներ ստոր մի արարած, որը ի չարը կգործադրեր հանձնառությունը...»:
Ես չգիտեմ, թե ինչն է ուղղորդել հարգարժան «ականավոր մտածողին», որի գրիչը կարողացել է այսպիսի տողեր գրել Պարույր Սեւակի մասին: Տեր Աստվա՜ծ, մի՞թե Սերգեյ Սարինյանը քիչ բաներ է ստացել եւ ստանում. որքան գիտենք, շատ ու շատ գրքեր է տպագրել, հավուր պատշաճի գովել է շատ ու շատ գրողների ու բանաստեղծների, արժանացել է շատ ու շատ բանի, հիմա էլ (ով զարմանք, «համեստության» ինչպիսի՜ փայլատակում) թույլ է տվել իր իսկ գրքում իրեն կոչել «ականավոր մտածող»... Իր ինչի՞ն էր պետք Պարույր Սեւակին անվանել «համապատասխան օրգանների» մարդ:
Այս խորհրդածությունը չէր լինի, եթե վերոնշյալ տողերի հեղինակը հիմար մեկը լիներ: Չենք կարծում, որ այդ այդպես է: Ի՞նչ է: Ուրեմն արդեն լրջագույն տարիքի հասած մարդը լծվո՞ւմ է Պարույր Սեւակի (այսինքնՙ մեր մեծագույն արժեքներից մեկի) ավերման գործին:
Հսկայածավալ քո գրքում, որը գոմշակովի փառաբանությունն է, մի՞թե արժեր այնպիսի բաներ գրել, որի համար քո ընթերցողը պիտի քեզանից խռով մնար: Չէր կարելի, չէ՞: Ինչո՞ւ այդպես դաժանորեն ավերեցիք Սերգեյ Սարինյան անունը, «ականավոր մտածող»:
Պարզ զգացվում է, որ Դուք միայն մեկ խնդիր եք կատարել. կրկին փորձել սպանել բանաստեղծին:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ