«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2006-08-15 | #154, 2006-08-16 | #155, 2006-08-17


ՀԱՆՐԱՅԻՆԻ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հեռուստաընկերությունում, սակայն, բարելավում են խոստանում

«Ազգ»-ի գերմանահայ ընթերցողներից մեկն իրենց համայնքի հայ բնակչության անունից երեկ նամակ էր ուղարկել խմբագրությանը, ուր դժգոհություն էր հայտնում Հանրային հեռուստաընկերության արբանյակային ծրագրերի պատրաստման, ֆիլմերի թարգմանությունների եւ ընտրության առնչությամբ:

«Հարգելի խմբագրություն, խնդրում ենք Ձեզ անդրադառնալ արտասահմանում հեռարձակվող Հ1-ի արբանյակային ալիքի ծրագրերին: Հավատացեք, դրսի հայերն այդ արտասահմանյան ֆիլմերի կարիքը չունեն, մենք ցանկանում ենք մեր երեխաներին այստեղ հայ պահել, գեղեցիկ հայերեն սովորեցնել, մեր մշակույթին ու պատմությանն իրազեկ դարձնել ու այդ առթիվ մեծ հույսեր էինք կապում հայկական առաջին ալիքի հետ», գրում է գերմանաբնակ Հելեն Գրիգորյանը: Սա խմբագրության ստացած միակ նամակը չէ հիշյալ հարցի կապակցությամբ. մեզ խնդրով մտահոգ բազմաթիվ սփյուռքահայեր են դիմել: Մեր հերթին դիմեցինք Հանրային հեռուստատեսության ծրագրերի տնօրեն Մարատ Օրդյանին, որն էլ պատրաստակամ ներկայացրեց իրավիճակը:

Մեր զրույցը ծրագրերի տնօրենի հետ սկսեցինք հարցից, թե արդյոք արբանյակային հեռուստաալիքի, այլ կերպ ասած, դրսի հայերի համար հեռարձակվող հաղորդումներն ու ֆիլմերը տարբերվո՞ւմ են Հայաստանում Հ1-ի սփռած հաղորդումներից: «Դրսի հայերը ներսի հայերից մի քանի մանրամասներով (դետալ) են տարբերվում», ասաց պրն Օրդյանը` հավելելով, որ առանձնակի տարբերություններ չկան, իրենք պարզապես պատրաստում են հաղորդումներ հայերի համար հայերեն լեզվով եւ չեն մտածում տեսագրել մի հաղորդում, ասենք, Գերմանիայում կամ Բեյրութում ապրող հայերի համար: Զրուցակցիս խոսքերով, կոնկրետ որեւէ երկրում ապրող հայերի համար հաղորդում պատրաստելը ոչ միայն բարդ, այլեւ անհեթեթ է: Օրդյանը պատմեց, որ իրենք էլ են ստանում բազմաթիվ նամակներ` թե՛ բողոքների, թե՛ գոհունակությունների տեսքով, որոնք հաճախ հակասում են: «Հաճախ միեւնույն երկրի հայը մի հաղորդման համար կարող է զանգահարել եւ դժգոհել, իսկ նույն այդ հաղորդման համար նույն երկրի մեկ այլ հայ գոհունակություն է հայտնում», իրավիճակի բարդությունն է ցանկանում ընդգծել ծրագրերի տնօրենը: «Բայց չէ՞ որ սփյուռքի համար հաղորդում պատրաստելու դեպքում առանձին մի կուրս, ամեն դեպքում, պետք է վերցնել, եթե ոչ շատ մասնավոր, գոնե Հայաստանում հեռարձակվող արտադրանքից տարբերվող», մեր հարցին ծրագրերի տնօրենը պատասխանեց, որ իրենք հնարավոր ամեն բան անում են: «Արբանյակային հաղորդումների հեռարձակման առաջին ամիսներին սփյուռքահայերը շատ տարօրինակ արձագանքներ ունեին, լեզուն չէին հասկանում կամ այլ բան: Բայց հիմա, տարբեր երկրներում ապրող հայերն անգամ սկսել են իրար ճանաչել: Սա առաջին քայլն է, որն արել ենք. այլ բան է, որ լավ կամ վատ է, մարդիկ կողմ կամ դեմ են», ընդգծեց Օրդյանը: Հաջորդ քայլը հնարավորինս լավ հեռուստաարտադրանք ունենալն է, որի ուղղությամբ էլ, Օրդյանի վստահեցմամբ, իրենք աշխատում են:

Սփյուռքահայերի հաղորդումների պահանջի ուսումնասիրություն թեեւ հեռուստաընկերությունը չի արել, բայց իրենց ստացած դժգոհություններից իրենք արդեն ձեւավորել են սփյուռքի պահանջարկը, որոնց հիմնականում հետաքրքրում են մշակութային հաղորդումները, հայկական երաժշտությունը եւ կինոն, լուրերը, հայկական ֆուտբոլը, Հայաստանի անցուդարձին նվիրված յուրաքանչյուր հեռուստաարտադրանք: «Ազգ»-ի հետ զրույցում Օրդյանը նշեց, որ իրենք հիշյալ բնագավառներին վերաբերող բավական մեծ ծավալի հաղորդումներ ունեն, սակայն դա էլ չի բավարարում: Նա ասաց, որ Հանրայինն այժմ մեծ արխիվ է հավաքում ոչ միայն եթերային հաղորդումների, այլեւ հում նյութի: Դրանք հետագայում կդառնան մշակութային մեծածավալ ֆիլմեր, որոնք ժամեր շարունակ կցուցադրվեն եւ կփորձեն լրացնել հեռուստադիտողների մշակութային պահանջը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենք հեռարձակում են արտերկրի հայերի պատրաստած նյութերը` աշխարհասփյուռ հայությանը միմյանց խնդիրներին ծանոթացնելու նպատակով: Մարատ Օրդյանը նշեց, որ իրենք դիմել են բոլոր հեռուստաընկերություններին` նրանց հաղորդումները եւս արբանյակով հեռարձակելու համար, բայց այսօր համագործակցում են միայն «Երկիր մեդիա», «Արմեն-Ակոբ» եւ «Շողակաթ» հեռուստաընկերությունների հետ:

Ինչ վերաբերում է հայկական հին ֆիլմերի սակավ ցուցադրությանը, որը դժգոհությունների առանցքում է, ծրագրերի տնօրենը նշեց, որ այդ հարցում երկու խնդիր կա: Հեռուստաընկերությունը պետք է նոր պայմանագիր կնքի «Հայֆիլմ»-ի հետ, որը ձգձգվում է, եւ հետոՙ հին ֆիլմերը տեխնիկապես վատ որակ ունեն եւ այժմ վերականգնվում են հիշյալ կինոստուդիայում: Օրդյանը խոստացավ, որ այդ հարցերը շուտով կկարգավորվեն, մեկ տարի առաջ դադարեցված հայկական ֆիլմերի ցուցադրումը եւս կվերականգնվի: Անդրադառնալով ֆիլմերի, մուլտֆիլմերի, սերիալների թարգմանությանը` Օրդյանը նկատեց, թե քննադատելը շատ հեշտ է, բայց պետք է հաշվի առնել, որ իրենք եւ մյուս հեռուստաալիքները բավական քաջ են եղել` առանց անհրաժեշտ թարգմանիչների եւ դերասանների այդ քայլին գնալով: Օրդյանն ընդգծեց, թե առաջին եւ երրորդ տարիների ֆիլմերի կամ սերիալների կրկնօրինակները դիտելիս տարբերությունը նկատելի կլինի. «Այսինքն` այս ճյուղն էլ կայացման ճանապարհին է: Բավական անորակություն էլ կա, բայց այս տեմպի մեջ պետք է հասցնել, եւ մենք աշխատում ենք տասնյակ թարգմանիչների եւ դերասանների հետ: Լավ չի լինում, լավին ձգտում են եւ այդ գործընթացն է գնահատելի»:

Իհարկե, մտահոգող հարցերը շատ են` ընդ որում ոչ միայն սփյուռքի համար հեռարձակվող ծրագրերում, այլեւ մեզ մատուցված հեռուստաարտադրանքում: Ցանկալի է անշուշտ, որ հանրային հեռուստաընկերությունը հասնի այն պատշաճ մակարդակին, որը պատիվ կբերի հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս գտնվող յուրաքանչյուր հայի:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4