«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2006-08-16 | #155, 2006-08-17 | #156, 2006-08-18


ԱԽ ԱՅԴ ՄԵԾ ՔԻԹԸ

Մոսկվայում բարեհաճ ըմբռնումով ընդունվեց «Հայկական քիթ» մրցույթի վերաբերյալ Հայաստանից տրված հումորաշատ հեռուստառեպորտաժը: Արձակուրդիս Երեւանում հանդիպելով վաղեմի բարեկամիսՙ թիվ 3 քաղաքային կլինիկական հիվանդանոցի քիթ-կոկորդի բաժանմունքի վարիչ, բժշկագիտության թեկնածու Արթուր Մուրադյանի հետ, «ջերմ» ցանկություն առաջացավ զրուցել նրա հետ հայերիս համար այնքա՜ն կենսական այդ խնդրի շուրջը:

- Բժիշկ, մեծ քիթը ազգային թերությո՞ւն է, թե հարստություն:

- Իհարկե հարստություն: Եթե շատ ժողովուրդների մեջ գոյություն ունի մեծ քթի դեֆիցիտ, մեզանում, փառք Աստծո, պակաս չի զգացվում (ծիծաղում է): Այդ հանգամանքը, ի դեպ, Առնո Բաբաջանյանին, Ֆրունզիկ Մկրտչյանին բնավ էլ չէր խանգարում, եթե չասենք օգնում էր, դրսեւորելու իրենց տաղանդը:

- Ֆիզիոլոգիական առումով դեմքի այդ ամեհի ցցվածքը առավելություն տալի՞ս է, գուցե ավելի հե՞շտ է շնչել:

- Նախ, խնդրում եմ հարգանքով արտահայտվել այդ անհրաժեշտ օրգանի հասցեին, եթե նույնիսկ նա անհարկի մեծ է: Ինչ վերաբերում է հարցի էությանը, ապա, որպես կանոն, բնության պարգեւած քիթը նորմալ է յուրաքանչյուր մարդու համար:

- Երբ հիմնանորոգում եք իր մեծությամբ տիրոջ աչքից ընկած այդ, քո դատողությունից հետոՙ հարգարժան օրգանը, ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում:

- Նախ որոշում ենք փոքրացման նվազագույն չափը. այն չպիտի խանգարի շնչառական ուղիների աշխատանքին: Հետո նոր ուշադրությունը կենտրոնացնում ենք հոգեբանական-էսթետիկական կողմին: Այսինքն, նորացված քիթը պիտի ներդաշնակվի տիրոջ դիմագծերին: Բավականին նուրբ աշխատանք է:

- Ո՞ր սեռի ներկայացուցիչներն են ավելի հաճախ դիմում ձեր օգնությանը:

- Իհարկեՙ իգական: Հոգեբանորեն դա հասկանալի է, կին արարածը միշտ էլ ձգտում է ունենալ գրավիչ արտաքին, ինչը մենք միշտ ողջունում ենք: Հայ աղջիկները դժգոհում են, որ մեծ քիթն իրենց ապրելուն խանգարում է:

- Իսկ հայ տղամարդիկ երեւի դժվարությամբ են հաղթահարում արական արժանապատվության կոմպլեքսները: Ի դեպ, ասում են մեծ քիթը նաեւ սեքսուալ առումով գիգանտ տղամարդու խորհրդանշան է:

- Գեղարվեստական գրականության մեջ հանդիպում են նման «համաչափությունների» վերաբերյալ հիշատակումներ, սակայն ինձ հայտնի չեն բժշկագիտական լուրջ հետազոտությունների արդյունքներ: Իսկ հոգեբանորեն ամեն ինչ հնարավոր է: Եթե մեծաքիթ հայ տղամարդը ինքնագովության թե ինքնաներշնչման ուժով ավելի արդյունավետ է կատարում իր ամուսնական պարտականությունները, ապա այդ միֆը կարելի է համարել օգտակար:

- Արտասահմանից գալի՞ս են:

- Եթե Ռուսաստանը համարենք արտասահման, ապա հայրենակիցների ամենամեծ հոսքը նկատվում է այդ երկրից: Նախ, մեր վիրահատությունները 10 անգամ էժան են, քան Արեւմուտքում, եւ 5 անգամՙ քան քո «հայրենի» Մոսկվայում: Եվ հետո, շտկվողներն իրենց լավ են զգում հայրենիքումՙ ըմբռնումով կամ նույնիսկ հումորով վերաբերվող հարազատների ու բարեկամների շրջանում: Բայց ամենակարեւորն այլ գործոն էՙ Ռուսաստանում մեծ քիթը շուտ է գրավում միլիցիոներների ու սափրագլուխների ուշադրությունը:

- Ասել է, թե հայկական քիթը ձեռք է բերում նաեւ քաղաքակա՞ն նշանակություն:

- Ցավոք, այդպես է: Մի քանի հոգի եկել էին սկինհեդներից տուժած քթերով: Շտկեցինք-գեղեցկացրինք:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք մեծ քիթ ունեցողներին:

- Ապրեք, եթե դա ձեզ չի խանգարում, իսկ եթե խանգարում է, համարձակորեն եկեք մեզ մոտ: Կարող եք չկասկածել, որ առաջին հերթին դուք ինքներդ կհիանաք ձեր նոր արտաքինով: Իսկ հայ տղամարդկանց հատուկ ուզում եմ հանգստացնելՙ արհեստականորեն փոքրացված քիթը ոչ մի ձեւով չի կարող բացասաբար անդրադառնալ բնականորեն ձեւավորված սեռական «արժանապատվության» վրա:

Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4