Գոնե օպտիմալացման նման չարվի....
Կառավարությունը երեկ հավանություն է տվել գիտության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումների ցանկին ու դրանց կատարման ժամանակացույցին: Կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ներկայացմամբ, այդ հարցերով կզբաղվի միջգերատեսչական հանձնաժողովը: Առաջին բաժինը կլինի հետազոտություն, ձեւավորվելիք աշխատանքային խմբերը կուսումնասիրեն գիտության ոլորտի բարեփոխումների միջազգային փորձը եւ փոփոխությունների արդեն գործարկված ծրագրերը: Այնուհետեւ կմշակվի բարեփոխումների հայեցակարգ` բովանդակային, ինստիտուցիոնալ ու կառավարման հարցերի ուղղությամբ:
Նախատեսվում է, որ արդեն այս տարի նոյեմբեր-դեկտեմբերին մշակված հայեցակարգը կներկայացվի հասարակական քննարկման: Աշխատանքի համակարգումն, ըստ Լեւոն Մկրտչյանի խոսքերի, «դրված է կրթության եւ գիտության նախարարության վրա` Գիտությունների ազգային ակադեմիայի ակտիվ մասնակցությամբ»:
Անդրադառնալով գիտության ոլորտի բարեփոխումների առնչությամբ ՄԱԿ-ի փորձագետների ներկայացրած եւ խիստ քննադատության արժանացած մոտեցումներին (ԳԱԱ-ի կազմակերպական կառուցվածքի փոփոխության մասին)` կրթության եւ գիտության նախարարը նախ գիտության ոլորտում ներկա վիճակն «ամենավնասակար» որակեց. գիտական ինստիտուտների թիվն աճել է, մինչդեռ գիտնականների թիվըՙ նվազել: Ապա Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ՄԱԿ-ի փորձագետների ներկայացրած զեկույցում իրավիճակի ճիշտ դրույթներ կային, բայց առաջարկվող քայլերը կտրուկ ու արագ էին, ուստի առաջ բերեցին հասարակության հակազդեցությունը:
Պրն Մկրտչյանի մատուցմամբ, բարեփոխումների առանձնակի ընդօրինակելի մոդել չկա, անգամ որոնումների մեջ են արեւմտյան երկրները: Ամեն դեպքում, պետք է հայեցակարգի մշակման ընթացքում վերցնել գիտնականին եւ համակարգը ծառայեցնել նրան:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
P.S. Նախարար Լեւոն Մկրտչյանը, նախօրոք նշելով ընդունելության քննությունների արդյունքների առնչությամբ արդեն իսկ նախատեսված ասուլիսի մասին, մեկ-երկու խոսքով նշեց, որ Հայաստանում առաջնահերթություն հայտարարված ոլորտները դեռեւս անհետաքրքիր են դիմորդների համար: Ասենք, էներգետիկայի գծով երիտասարդներն առանձնակի ցանկություն չունեն դառնալ մասնագետ այն դեպքում, երբ նախընտրում են իրավաբանությունը` իրավաբանների առատության պայմաններում: Պրն Մկրտչյանի ասածն առավել ակնառու է ստացվում. որոշ տեղեկությունների համաձայն, նույն իրավաբանականում հայտնվելու համար յուրաքանչյուր քննական 20 միավորի դիմաց մոտ 50 հզ. դոլար վճարողները... հետո էլ աշխատանք չե՞ն ունենում: