«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է «ՉՆԿԱՏԵԼ» ԿԵՂԾ ԱՆԴՈՐՐԱԳՐԵՐՈՎ ՎՃԱՐՎԱԾ 1,5 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ

Խարդախության միջոցով ձեռք բերված անշարժ գույքի գործարքները կհամարվեն անվավեր

Կեղծ անդորրագրերով անշարժ գույք ձեռք բերելու 156 դեպք է արձանագրվել Երեւանում անցյալ եւ այս տարվա ընթացքում: Դրանց գերակշիռ մասն արձանագրվել է Դավիթաշեն թաղամասում, այս տարի, իսկ 23 դեպքնՙ անցյալ տարի: Այս բացահայտման մանրամասներն էր ներկայացրել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը շաբաթ օրը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Աճուրդում ձեռք բերված գույքի դիմաց կեղծ անդորրագրերով վճարումներ կատարելու մասին առաջին ահազանգը կադաստրի մարմիններում ստացվել է այս տարվա հունիս ամսինՙ քաղաքացուց: Քանի որ կադաստրի պետական կոմիտեն իրավասու չէ ստուգելու անդորրագրերի կեղծ կամ իրական լինելը, եւ կեղծ անդորրագրերը իրականից փաստորեն չեն տարբերվել, այդ փաստերը ստուգելու նպատակով կոմիտեի ղեկավարը դիմել է դատախազություն եւ նախագահի վերահսկողական ծառայություն: Հարուցվել է քրեական գործ, արդեն կան ձերբակալված եւ փախուստի մեջ գտնվող մարդիկ:

Ինչ մնում է ձեռք բերված սեփականության հետագա ճակատագրին, ապա ըստ Մանուկ Վարդանյանի, այդ պայմանագրերը կհամարվեն առոչինչ: Դրանով առաջին անգամ Հայաստանում կկիրառվի նաեւ «Վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքը:

Կեղծ անդորրագրերով ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 450 մլն դրամ: Այսինքն այդքան գումար չի ստացվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի եւ այդտեղից էլ Երեւանի քաղաքապետարանի հաշվին: Այս մասին տեղեկացնելով, Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ փաստորեն անհրաժեշտ վերահսկողություն չի եղել հետեւելու համարՙ այդ գումարները մուտք գործե՞լ են, թե՞ ոչ: Այդ փաստը տարօրինակ համարելով, կադաստրի պետական կոմիտեի նախագահին հարց ուղղեցինք, թե ինչո՞վ դա կարելի է բացատրել: Նա կատարվածը բնութագրեց որպես փնթիություն:

Սակայն զուտ փնթիություն դա չի կարելի համարել: Ի վերջո, գրեթե 1,5 մլրդ դրամը փոքր գումար չէ, եւ եթե մուտք չի գործել գանձապետարան կամ քաղաքապետարան եւ այս կառույցները չեն հետաքրքրվել, թե ինչու դա տեղի չի ունենում, ապա դա փնթի գործելակերպ որակելը շատ մեղմ է: Փաստորեն, այստեղ գործ ունենք պետական շահի նկատմամբ համընդհանուր անտարբերության հետ: Եթե այդ գումարից հարյուրապատիկ պակաս գումար չմտներ որեւէ չինովնիկի գրպան, ապա դա նրա համար հաստատապես աննկատ չէր մնա:

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է փոխանցումները կատարած բանկերի կողմից բանկային գաղտնիքի վկայակոչմամբ պետական մարմիններին տեղեկատվություն չտրամադրելը: Մանուկ Վարդանյանի հաղորդմամբ, իրենք հարցում են կատարել փոխանցումներ կատարած բանկերին հավաստիանալու համարՙ կատարվե՞լ են դրանք, թե՞ ոչ, սակայն նրանց պատասխանները տարբեր են եղել: Եթե ACBA-ից եւ «Հայէկոնոմբանկից» ստացվել են անհրաժեշտ պարզաբանումները, ապա «Առէքսիմբանկից» եւ առավել մեծաթիվ փոխանցումներ կատարած «ՎՏԲ-Հայաստան» (նախկին «Հայխնայբանկ») բանկից պատասխաններ չեն ստացվել: Անհասկանալի է, թե ինչ բանկային գաղտնիքի մասին է խոսքը, երբ հարցում է կատարվում պարզելու համար, թե տվյալ բանկերից փոխանցումներ կատարվե՞լ են, թե ոչ: Տրամաբանությունը պետք է հուշեր, որ այդ բանկերը եւս պետք է շահագրգիռ լինեին պարզելու, թե ով է կեղծիք գործել օգտագործելով իրենց անունը, եթե, իհարկե, այդ բանկերը կամ նրանց որոշ աշխատակիցներ նույնպես ներգրավված չեն դրանում: Կամ նույն բանկային գաղտնիքն ինչպե՞ս է թույլ տալիս բանկերից երկուսին տեղեկատվություն տրամադրել, իսկ մյուս երկուսինՙ ոչ:

Ի՞նչ երաշխիք, թե այսուհետեւ չեն լինի նման խարդախություններ: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը հայտնեց, որ կոմիտեի ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համատեղ որոշմամբ դրամային փոխանցումների մասին բոլոր տվյալները գանձապետարանից կադաստրի ստորաբաժանումներ ինտերնետի միջոցով պետք է հաղորդվեն մինչեւ հաջորդ օրվա առավոտյան ժամը 10: Եթե այդ տեղեկատվությունը չի ստացվում, ապա դա հիմք է գրանցումը մերժելու համար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4