Այնտեղ խոսում են միայն լուծարումներից
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ հետկեսօրին մի քանի պատգամավորի կարելի էր հանդիպել առանձնասենյակներում:
ՕԵԿ խմբակցությունում մնացած Գագիկ Ավետյանը շոգ-կրակին ուսումնասիրում էր «Դեղերի մասին» օրենքը, որի 5 համահեղինակներից է նա. նախագիծը մի անգամ առաջին ընթերցմամբ մերժվել է, հիմա նայում է, թե ինչ փոխեն, ո՞ր առաջարկները ներառեն, որ աշնանը նորից ներկայացնեն առաջին ընթերցմամբ: Երեւանում է եղել, չի հանգստացել. «Ի՞նչ փող ենք ստանում, որ հանգստանամ», չգիտեմ կատակեց, թե լուրջ բողոքեց Գ. Ավետյանը: Դե, եթե Կանարյան կղզիներում հանգստի մասին էր խոսում նա` ճիշտ որ մեր պատգամավորների չոր աշխատավարձը դրա համար քիչ է: Իսկ այ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը տասը օր ընտանիքի հետ լավ սեւացել էր Սեւանում: Ֆինանսավարկային, տնտեսական եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւս Հայաստանում էր հանգստացել` իր արձակուրդի միայն 12 օրն օգտագործելով: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Գոհար Պողոսյանը սեւացել էր Իտալիայի արեւի տակ եւ Հռոմի թխահեր կանանց կերպարով երեկ առաջին օրը եկել աշխատանքի:
ԱԺ նախագահի ընդունարանում մեզ ասացին, որ նա շուտով կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` պարզաբանումներ տալու մամուլում լայն արձագանք ստացած ԱԺ երկու լուծարված վարչությունների եւ մյուս կառույցների առիթով: Ի դեպ, ԱԺ աշխատակազմի` արձակուրդից վերադարձող աշխատակիցների քննարկման տաք թեման եւս կրճատումներն էին:
Նրանցից շատերը միայն օրերս էին իմացել, որ լուծարվել են սոցիալական հիմնախնդիրների հետազոտման, տարածքային քաղաքականության վերլուծության վարչությունները, իրավաբանական եւ հրատարակչական ծառայությունները, պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի քարտուղարությունը: Այս կառույցներն իր նախագահության տարիների ընթացքում ստեղծել էր Արթուր Բաղդասարյանը: Գնացողների հետ արդեն բարեկամացածներն ափսոսում էին, դա համարում ԱԺ նախկին նախագահի կողմնակիցների հեռացում, ՀՀԿ-ին մոտ կանգնածները խրախուսում են այս լուծարումներն իրականացնող իրենց կուսակից ԱԺ նախագահին` խոսելով ԱԺ աշխատակազմի ուռճացման եւ ՕԵԿ-ականներով հագեցած լինելու մասին:
Վերջիններս հիմնավորում էին, որ այս առիթով մի անգամ եւս ջանադրաբար ուսումնասիրել են աշխարհի 50 պառլամենտների փորձը, այդ վարչությունների նման կառույց այդ պառլամենտներում չի եղել: Եվ Ա. Բաղդասարյանին էլ, որ նոր վարչությունները ստեղծում էր, բարեկամաբար խորհուրդ տվողներ եղել են, որ արդեն հաջորդ գումարմանը այդ նոր ստեղծված օղակները կլուծարվեն, ավելի լավ է դրանք չստեղծել: Մարդիկ եւ կառույցներն ավելացել են աստիճանաբար, նախկին խոսնակի օրոք ԱԺ աշխատակազմն ավելացել է 80-ով` տեխնիկական աշխատողները ներառյալ: ԱԺ-ն 501 աշխատակից ուներ, որի կազմում էին ե՛ւ խումբ-խմբակցությունների փորձագետները, ե՛ւ նախագահի ու նրա տեղակալների օգնական-խորհրդականները (այսինքն` նաեւ հայեցողական պաշտոնները): Ընդ որում` շատ դեպքերում կրկնակառույցներ են ստեղծվել: Օրինակ էր բերվում իրավաբանական ծառայությունը, որը զբաղվում էր քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրությամբ, բայց կար նաեւ նամակների բաժին, որը հենց նույն գործով էր զբաղվում: Օրենսդրության զարգացման եւ վերլուծության վարչությունն էլ էր քաղաքացիներով զբաղվում: «Լավ, այդ կառույցներից որեւէ մեկը արդյունավետ չէ՞ր աշխատում». մեր այս հակափաստարկ-հարցին լուծարման կողմնակիցները հակադրում էին կառույցները կրկնության բացառման եւ աշխատակազմը ՕԵԿ-ականներից ազատելու անհրաժեշտության մոտեցումը: Եթե ընդունված մոտեցումը շարունակվեր` պետք է ստեղծվեին տրանսպորտի, ագրարային եւ այլ վարչություններ, որոնք կրկնելու էին գործադիրի անգամ գործառույթները, ասում էին:
Այս պահի դրությամբ հայտնի է, որ կրճատվում են 38 հոգի, որոնք արդեն հոկտեմբերի 2-ից ազատված կհամարվեն` ամեն ամիս 3 մլն դրամից ավելի գումար թողնելով ԱԺ-ում: Թե ինչի վրա կծախսվի այդ գումարը` հոկտեմբերից արդեն պարզ կլինի, սակայն այդ 38 հոգին (նոր կրճատումներ եւս սպասվում են) իրենց կուսակցական պատկանելության պատճառով, փաստորեն, որքան էլ հղումներ արվեն պրոֆեսիոնալիզմին եւ գործառույթների կրկնությանը, դառնում են գործազուրկ: Արդյոք ազատված մասնագետները չե՞ն բողոքի կամ հետագայում չե՞ն պայքարի` վերականգնելու իրենց իրավունքները. իմ այս հետաքրքրությունը զրուցակիցներս չափազանց միամիտ համարեցին: Նախ, որ նրանք բոլորն էլ գործընթացին իրենց համաձայնությունը տվել են, հետո, բոլորն էլ գիտեին` ինչպես են եկել իրենք ԱԺ, երրորդ` ամեն ինչ արվում է օենսդրության ոգուն եւ տառին համապատասխան:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանից (որն, ի դեպ, հրաժարվեց կրճատումների մասին տեղեկատվություն տալ, ասելով, որ դա առաջիկայում անելու է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը), հետաքրքրվեցինք. արդյոք նա ՕԵԿ անդա՞մ է, ինչպես որ մամուլն է գրել, եւ ուրեմն մասնակցում է ՕԵԿ նախագահի ստեղծած կառույցների լուծարմանը: Ոչ, հնչեց պատասխանը, 2000 թվականից, ՀԺԿ անդամ լինելուց հետո, նա որեւէ կուսակցության անդամ չի եղել, օրինացերկրականՙ նույնպես:
ՀՀ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի 27 հոդվածի առաջին կետի չորրորդ ենթակետում ասված է, որ աշխատակազմում պետական ծառայողն իրավունք չունի իր ծառայողական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունը կատարելիս այլ քաղաքական եւ կրոնական գործունեություն իրականացնել: Իսկ քաղծառայության օրենքով այս հիմքով կարելի է անգամ ազատել աշխատանքից: ԱԺ-ում աշխատանքից ազատելու այդպիսի հիմք չեն ընտրել, թեեւ կարող էին, քանզի ստեղծված կառույցները հենց ՕԵԿ-ական ԱԺ նախագահի համար բարենպաստ քարոզչական միջավայր ստեղծելու խնդիր են ունեցել: Սա ամեն քայլի անպաշտոն պնդում են լուծարման կողմնակիցները. «Աշխատակազմում չպետք է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, կարող են կուսակցական լինել եւ միայն: Լուծարված կառույցները լցված էին ՕԵ կուսակցականներով»:
Մնում է ապագայում ցուցակագրում անել` տեսնելու, թե որքան հանրապետական կամ այլ կուսակցությունների անդամներ են աշխատում ԱԺ-ի` հիմա արդեն 500-ից պակաս աշխատակազմում:
Հ.Գ. Ըստ որոշ տեղեկությունների` անորոշ է նաեւ «Ազգային ժողով» ամսագրի ճակատագիրը, որը թերեւս կմտնի հասարակայնության հետ կապերի վարչության կազմ, բայց առայժ դա հստակ որոշված չէ: