Հայաստանի խորհրդարանի պատգամավորական տեղերն այս անգամ երեւի չհերիքեն մեր քաղաքական ուժերի ախորժակը բավարարելուն: Եթե ՀՀԿ-ն ու «Բարգավաճը» կրկնեն «Միասնություն» դաշինքի փորձը, եւ, չնայած մամուլում արտածվող նրանց երեւութական հակամարտությանը, խորհրդարան մտնեն միասին վերցրած 66-70 տեղով (ընտրություններին առանձին-առանձին մասնակցելով եւ միայն խորհրդարանում դաշինք կազմելով)` ապահովելու համար որակյալ մեծամասնություն, ապա մնացած տեղերը, ոնց էլ ձգվի վերմակը, պարզապես չեն հերիքում խորհրդարանում ներկայացված լինել ձգտող բոլոր քաղաքական ուժերին: ՀՅԴ-ն ձգտելու է բարելավել իր այսօրվա դիրքն ու մի 15 պատգամավոր ունենալ: «Դաշինք» կուսակցության աղմկոտ հայտն ու ներկա լռությունը դեռ թույլ չեն տալիս եզրակացնել` ում հետ եւ որքա՞ն տեղերի է հավակնում նա: Իշխանությունը փորձելու է կառավարելի ընդդիմության համար մի 20 տեղ ապահովել, որի մեջ կներառվեն նաեւ «Արդարության» այսօրվա պատգամավորներից, դեռեւս պարզ չէ` այդ թվում կլինի՞ «Օրինաց երկիրը», թե ոչ, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը, Արեւմուտքից ազդակներ ստանալով, կարող է խառնել շատերի խաղաթղթերը:
Բացի այդ` նաեւ ընդդիմության արմատական թեւից «Հանրապետությունը», մեկ-երկու այլ միավորների հետ կարող է տհաճություններ պատճառել եւ խախտել իշխանության գծած սխեմաները: Նախապես ներողություն եմ խնդրում ընտրողից` նրա դերին առայժմ չանդրադառնալու համար, քանի որ վերջին տարիների ընտրական գործընթացները հենց ընթացել են նախապես գծված սխեմաներով, եւ իրականությունից դուրս կլինի ընտրազանգվածի որոշմամբ որեւէ բան պայմանավորելը: Վերադառնալով սխեմային` շարունակենք այնտեղ որոնել քաղաքական մյուս ուժերի տեղը, խոստովանելով, որ այսպիսի սխեման հին ստերեոտիպերի վրա է հիմնվում, քանի որ եղած քաղաքական ուժերը չեն կարող նոր սխեմաներով աշխատել, որքան էլ ցանկանան` նորը դատարկ տեղի վրա չի ծնվում: Սակայն այն սխեման, որի տարբերակները հիմա փորձում են գծել կուսակցական վերնախավերում, կարող է շատ հեշտ խախտվել վերնախավերից բարձր կանգնած անձերի ցանկություններով, եւ, իհարկե, ոչ հօգուտ ընտրությունների գաղափարի: Ասենք` ՀՀԿ-«Բարգավաճ» միայն մակերեսին գտնվող հակամարտության կրակին, մինչեւ ընտրությունների վերջը նրանք խաղարկելու են հակամարտողի կերպարը, կարող է ցախ լցվել միայն այն պատճառով, որ այդ երկու ուժերը փորձելու են միմյանցից գերազանց թվերով ներկայանալ խորհրդարանում: Օրինակ` «Ժողպատգամավորը», որի ղեկավար Կարեն Կարապետյանը ՀՀԿ խորհրդի անդամ եւ նրա տնտեսական հանձնաժողովի նախագահն է, կարող է պահանջել, որ խորհրդարանում լինի իր խմբի 16-17 պատգամավորների մի գերակշիռ մասը (համենայն դեպս` ՀՀԿ ընդունվածները), ինչը սվիններով կընդունեն ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում ընդգրկվելու մտադրություն ունեցող այլ ազդեցիկ, այդ թվում գործարար, հանրապետականները: Հանրապետականները եւս կուզենան պահպանել այժմ պատգամավորական խմբի հիմնական մասը եւ նորանոր ազդեցիկների ընդգրկել ցուցակում: «Գործարար» նոր ստեղծված պատգամավորական խումբը ՕԵԿ-ին նոկաուտի տակ դնելու ծառայության դիմաց ակնկալում է ապագա խորհրդարանում լինելը որպես փոխհատուցում: Ընդհանրապես` ներկա խորհրդարանի բոլոր պատգամավորները, անկախ նրանից մեծամասնականով են ընտրվել, թե ոչ, կփորձեն որեւէ հզոր ուժի հովանու ներքո պահպանել տեղերը: Կստացվի դա, թե՞ ոչ, հարց է, քանի որ պատգամավորական տեղն այսօր նաեւ դրամով չափողներ կան, եւ խոսքը վեցանիշ թվերի մասին է: Ուրիշ խնդիր է, որ «Բարգավաճն» էլ փորձելու է նոր ուժի իմիջով եւ նոր մարդկանցով մտնել խորհրդարան, այս իմաստով նրա դիրքը մի փոքր ավելի շահեկան է, սակայն նայած ովքեր են լինելու այդ մարդիկ: Եթե այդ կուսակցության մտավորականների շարքում չեն լինելու կշիռ ունեցող, ինտելեկտուալ բլոկի մտավորականները, այլ միայն պարողներն ու դերասանները, դա հազիվ թե իմիջի խնդիր լուծի, կմնա միայն փողի փայլն ու շռինդը: Այս կուսակցությունը դեռեւս իրեն ներկայացնող առաջնորդների խնդիրը չի լուծել. ովքե՞ր կլինեն դրանք, դրանից էլ շատ բան է կախված լինելու (Վիկտոր Դալլաքյանի` այդ կուսակցություն գնալու խնդիրը դեռեւս թեական է):
Ինչպես նկատեցիք` ընտրողն այս սխեմայում տեղ չունի: Բայց դա մեր մեղքը չէ: Հայաստանում փորձարկված տեխնոլոգիաներն ընտրողի դերն ընտրություններում հասցնում են նվազագույնի. ամեն ինչ գծվում-կառուցվում է, այդ մասին ակնարկվում կամ լավ էլ կոպիտ ասվում է քարոզարշավներում եւ լրատվամիջոցներով, եւ ընտրողին մնում է հարմար տեղավորվել արդեն նախապես հայտնի սխեմայում` նայելով, թե ով ավելի իրեն «կմուծի»: Էհ, աստված տա` սխալվենք եւ մեր ընտրողն այս անգամ խախտի ամեն սխեմա եւ իսկապես ընտրություն կատարի:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. Ըստ մերձխորհրդարանական արտահոսքերից մեկի` չի բացառվում այնպիսի սխեմայի խաղարկումը, որի արդյունքում Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ, Անդրանիկ Մարգարյանըՙ ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանը` երկրի նախագահ: Ի դեպ` այս ասեկոսեն կարող է նետված լինել` փորձարկելու համար դիմադրության ուժը: Կ. Կարապետյանի բիզնեսի գերակշիռ մասը Մոսկվայում է, մի կողմից նա հազիվ թե ուզի գլուխն ավետարանի տակ դնել` առանց անհրաժեշտության ( բացի այդ, չի էլ «քաշի»), մյուս կողմիցՙ հենց Հայաստանում բիզնես չունենալու դեպքում է հնարավոր աշխատելը: Բոլոր դեպքերում` ամենաանհավանական տարբերակների ու ասեկոսեների քննարկման ականատեսն ենք լինելու դեռ Գալուստ Սահակյանի ասած «անկախության թերեւս ամենաանհանգիստ ամառվանից» հետո: