Մեր քաղաքի գրեթե բոլոր գեղեցկության սրահների ծառայությունների փաթեթում մի տարածված սխալ կա: Ի թիվս ամենուր հանդիպող լեզվական սխալների, սա էլ շատերի համար սովորական է դարձել: Եվ այդ սխալը, ինչպես երեւում է, չեն նկատում մյուսները, ովքեր հսկայական գումարներ են ծախսում գեղեցկության սրահների կառուցման համար եւ վրայի գրություններն անելիս կրկնում նույն սխալը:
Ուրեմն այսպես, շատերդ նկատած կլինեք հիշյալ սրահների առջեւ դրված առաջարկվող ծառայությունների ստենդը, որի վրա կարող եք կարդալ «տղամարդկանց վարսահարդարում», իսկ դրան զուգահեռ` «կանացի վարսահարդարում»: Առաջինը ճիշտ է եւ նշանակում է վարսահարդարում տղամարդկանց համար: Իսկ եթե գեղեցկության սրահների տերերը ցանկացել են նույնն ասել նաեւ կանանց համար, ապա պետք է գրեին «կանանց վարսահարդարում»: Այս դեպքում հասկանալի կլիներ, որ առաջարկվում է վարսահարդարում կանանց համար: Կանացի բառն ածական է, խոսում է առարկայի կամ ապրանքի որակի մասին: Կանացի նշանակում է նուրբ, քնքուշ եւ կանանց բնորոշ այլ հատկանիշներ: Այսինքն, «կանացի վարսահարդարում» ասվածը չի նշանակում վարսահարդարում կանանց համար: Նույն հաջողությամբ կարելի է տղամարդու կամ տղա երեխայի վարսերն էլ կանացի հարդարել եւ կստացվի կանացի, նուրբ հարդարում:
Գուցե այստեղի՞ց է գալիս մերօրյա տղաների կանացի վարսահարդարումը, որոնց կարելի է հանդիպել փողոցներում շատ ինքնավստահ քայլելիս:
Գ. Գ.