«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2006-08-19 | #158, 2006-08-22 | #159, 2006-08-23


ՆՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԵՑ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բաժնի միջոցով երեկ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնին հանձնեց 25 հազար դոլար արժողությամբ համակարգչային սարքավորումներ եւ գրասենյակային կահույք: ԱԱԾ ղեկավարի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ստորագրեցին պաշտոնական հանձնման հուշագիր:

ԱԱԾ սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնի հետ ԱՄՆ կառավարության համագործակցությունը կանոնակարգվում է 2001 թ. հունիսի 11-ին երկու կառավարությունների միջեւ ստորագրված նամակ-համաձայնագրով, որի շրջանակներում սահմանապահ զորքերի կենտրոնի վերանորոգման համար ԱՄՆ կառավարությունը տրամադրել է 130 հազար դոլար: Ուսումնական կենտրոնի վերանորոգված շենքը շահագործման է հանձնվել այս տարվա մարտ ամսին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տրամադրված տեղեկության մեջ նշվում է, որ կենտրոնին նախկինում տրամադրված սարքավորումներն էլ հաշվի առնելով` ԱՄՆ կառավարության աջակցության չափն ուսումնական կենտրոնին այս պահին կազմում է ավելի քան 250 հազար դոլար:

«Մի քանի ամիս առաջ, այս նույն սենյակում ես նշել եմ, որ երկրի սուվերեն իշխանության համար կարեւորը երկրի սահմանները պաշտպանելու կարողությունն է», ասաց դեսպան Էվանսը արարողության ժամանակ, ապա հավելեց, որ ինքը գոհ է Հայաստանի հետ գործընկերությունից եւ հույս ունի, որ ուսուցման համար տրամադրված այդ համեստ նվիրատվությունը կծառայի իր նպատակին: Դեսպան Էվանսը գոհունակություն հայտնեց Հայաստանի հետ գործընկերությունից ոչ միայն ռազմական, այլեւ մյուս ոլորտներում` հույս հայտնելով, որ այդ համագործակցությունը մեծ արդյունքների կբերի:

Սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնը սահմանապահների ուսուցման եւ վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում` այդ թվում թրաֆիկինգի զոհերի ճանաչումն ու նրանց փոխանցումը իրավապահ մարմիններին կամ հասարակական կազմակերպություններին: Արդեն ավելի քան 150 սահմանապահներ մասնակցել են սահմանային վերահսկողության, ինչպես նաեւ հոգեբանության, էթիկայի եւ անգլերենի դասընթացների: Մեզ հետ զրույցում սպաներից մեկը (անունը չցանկացավ հայտնել) նշեց, որ ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացները բավական արդյունավետ են: Նրա խոսքով, օրինակ, շատացել են կեղծ անձնագրով սահմանն անցնելու կանխարգելման դեպքերը: Վերապատրաստում անցած զինվորների հիմնական մասը ծառայությունն անցկացնում է «Զվարթնոց» օդանավակայանում եւ հսկիչ անցագրային կետերում:

Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Մարտիրոս Մարտիրոսյանի խոսքերով, նախատեսվում է մոտ ապագայում դասընթաց կազմակերպել անձնագրային վերծանման սարքերի եւ ժամանակակից սարքավորումների օգտագործման վերաբերյալ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4