«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2006-08-19 | #158, 2006-08-22 | #159, 2006-08-23


ՄԵՐ ԴԺՎԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այդ առթիվ երեկ ուղերձ է հղել, որտեղ այդ արժանահիշատակ տարեդարձի առթիվ շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին եւ վստահություն հայտնել, որ ժողովուրդն ու պետությունն աներեր կշարունակեն անկախության ուղին, հավատարիմ կմնան Անկախության հռչակագրում ամրագրված հիմնարար սկզբունքներինՙ հանուն հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայության ապագայի:

Անկախությունն անվիճարկելի արժեք է, հայերս բոլոր ժամանակներում ձգտել ենք դրան: Ու երբ Խորհրդային Միության փլուզումով եւ բոլորիս ձգտումների գումարմամբ Հայաստանի համար անկախ դառնալու հնարավորություն ստեղծվեց, այդ պահին մենք բոլորս, կարելի է ասել, բոլորս երջանիկ էինք: Իսկ ի՞նչ ունեցանք 1990 թվականի Անկախության հռչակագրի ընդունումից հետո, արդյոք անկախությունը մտա՞վ բոլորիս հոգու եւ սրտի մեջ, արդյոք գերադա՞ս ենք համարում այն ամեն ինչից, անգամ սեփական բարեհարմարությունից:

Կարելի է ասելՙ ոչ, որովհետեւ դրան նպաստել են շատ ու շատ հանգամանքներ եւ անձերՙ կաշառակեր պաշտոնյայից մինչեւ անօրեն իրավապահ, այդպիսով հասարակ մարդուն հիասթափեցնելով երկրից, հայրենիքից, պետությունից: Ես մի հայ զույգի եմ ճանաչում, որի կինը Գերմանիայում Հայաստանի իշխանություններից եւ Հայաստան պետությունից հալածյալ ադրբեջանուհի է ներկայացել, միայն թե գնա Հայաստանից ու այդ երկրում ժամանակավոր բնակության կացարան ստանա: Ես ճանաչում եմ շատ հայտնի մի արվեստագետի, որն այստեղ հայհոյում էր պետությանն ու անընդհատ կրկնումՙ «Երկիրը երկիր չէ», մինչեւ մեկնեց Լոս ու հիմա այնտեղ ամենահայրենասեր հայերից մեկն է, նստում է հայկական հեռուստաժամերի ուղիղ եթերներում ու գովերգում հայրենիքը: Ես մի պաշտոնյայի եմ ճանաչում, որ ամեն առիթով խոսում է հայրենիքի սիրուց եւ հայրենակիցների հանդեպ եղբայրաբար վարվելու անհրաժեշտությունից, բայց իրականում վարվում է բոլորովին հակառակըՙ հարստահարում է, հարվածում ընկածին: Չգիտեմՙ սրանց համար ի՞նչ արժեք է անկախությունը:

Սակայն անկախ հայրենի իշխանավորների, իրավապահ մարմինների ՙ մարդկանց հետ իրենց պատկերով ու նմանությամբ վարվելու գործելակերպիցՙ մենք չպետք է խռովենք պետությունից, նեղանանք հայրենիքից ու որպես վրեժ լուծելու ձեւ փնթփնթանք ու բողոքենք մեր դժվար անկախությունից, չպետք է «աբիժնիկություն» անենք: Անկախությունն իսկապես մի արժեք է, որի հետ ոչինչ չի համեմատվի, եւ առանց որի ժողովուրդների ու անհատների կյանքը ոչինչ չի նշանակում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4