«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2006-08-19 | #158, 2006-08-22 | #159, 2006-08-23


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ԽԻՍՏ ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ Է

Երգիչ Ավրաամ Ռուսոյի դեմ կատարված մահափորձի լուրը լայն արձագանք գտավ: Առաջ քաշվեցին բազում վարկածներ` տարաձայնությունները նրա եւ պրոդյուսերի ու հովանավորների միջեւ, այլատյացություն, անձնական դրդապատճառներ, նախանձ, ինքնագովազդ եւ այլն: Չի բացառվում, որ նրան փորձել են սոսկ վախեցնել, որովհետեւ մարդասպանը ավտոմատի 60 փամփուշտից բաց է թողել սոսկ 6-ը:

Չնայած Ռուսոն ընդունում է իր հայկական ծագումը, սակայն Ռուսաստանում այդ մասին գրեթե չի հիշատակվում (այս անգամ գրեցին, որ «իբր» նրա անունն է Աբրահամ Իպջիյան կամ Եֆրեմ Ապջյան): Նա ծնվել է Հալեպում: 1994 թ. Կիպրոսում ունեցած մի համերգից հետո նրան է մոտեցել Մոսկվայի «Արբատ» ռեստորանի տնօրեն Թելման Իսմայիլովը եւ առաջարկել հանդես գալ Ռուսաստանում` իր ռեստորանում: Սակայն նրան ճանաչված է դարձրել նշանավոր պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը: Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունել 2005 թ.:

Սա Ռուսոյի դեմ ուղղված բռնության երրորդ գործողությունն է:

Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցում նրան բուժող բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Պարզապես երգիչը արյուն շատ է կորցրել. գնդակները վնասել են նրա ազդրը եւ սրունքը:

Ներկա մահափորձը կրկին վկայում է, որ Ռուսաստանի շոու- բիզնեսը խիստ քրեականացված է, որտեղ ամենազորը փողն է: Ռուսոյի հովանավորները նրան հանրաճանաչ դարձնելու գործում ներդրել են մոտ 2 միլիոն դոլար եւ գտնում են, որ երգչի մեղքով ծախսերը չեն արդարանում, որ վերջինս հաճախ է խախտում պայմանավորվածությունները: Ռուսոյին համակրողներն էլ գտնում են, որ նա, տեղացի չլինելով, ճիշտ չի կողմնորոշվում իրեն աջակցող կովկասցի հրեաների հետ հարաբերություններում, որոնք էլ ուզում են «պարտքի» դիմաց նրան դուրս մղել երգարվեստի ռուսաստանյան ասպարեզից: Նկատի ունենալով Ռուսաստանում ստեղծված ազգամիջյան անառողջ մթնոլորտը, հազիվ թե երկրորդական համարվի այն վարկածը, ըստ որի ռուս նացիոնալիստներին դուր չի գալիս այլազգի երգիչների մեծ քանակությունը տեղի շոու-բիզնեսում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4