«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2006-08-22 | #159, 2006-08-23 | #160, 2006-08-24


«ԲԱՆԱՆՑՆ» ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂԱԿ ԳՏՆՎԵՑ

Երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրը: Կենտրոնականն անշուշտ մրցանակային տեղերի հավակնորդ «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր, որի ելքը չափազանց մեծ նշանակություն ուներ առաջնության պարգեւների համար մղվող պայքարում: Այս խաղում «Բանանցի» կազմում բացակայում էր առաջնության լավագույն ռմբարկու Արամ Հակոբյանը, որը փորձաշրջանի է մեկնել Եկատերինբուրգի «Ուրալ»: Ինչ խոսք, նրա բացակայությունը զգացնել տվեց: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, «Բանանցի» գրոհներին պակասում էր սրությունը:

Երկու թիմերն էլ բավական զգույշ էին գործում` հիմնական ուշադրությունը դարձնելով պաշտպանությանը: Դա է պատճառը, որ առաջին 30 րոպեներին քիչ թե շատ վտանգավոր պահեր չստեղծվեցին դարպասներին: Կարելի է թերեւս հիշատակել Արմեն Շահգելդյանի դիպուկ հարվածը, որը որսաց Ռադաջան: Իսկ ահա առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներին երկու թիմերն էլ դիմեցին ակտիվ հարձակողական գործողությունների: Երկու անգամ հեռահար հարվածներով դարպասը գրավելու փորձ կատարեցին «Բանանցի» ֆուտբոլիստներ Ռոմեո Ջենեբյանն ու Սամվել Մելքոնյանը, սակայն ապարդյուն: 39-րդ րոպեին արդեն «Միկան» էր մոտ հաջողությանը, բայց Շահգելդյանի հիանալի փոխանցումը չկարողացավ եզրափակել Դավթյանը: «Միկայի» հաջորդ գրոհը եւս վտանգավոր էր: Ձախ թեւից Դավիթ Գրիգորյանի փոխանցմանը Ռադաջան սխալ ընդառաջ դուրս եկավ եւ քիչ էր մնում Արտյոմ Ադամյանը գրավեր դարպասը: Առաջին խաղակեսի ավարտին էլ Վահե Թադեւոսյանի գլխի հարվածը մի փոքր շեղ ստացվեց:

Ընդմիջումից հետո էլ խաղն ընթացավ փոխնիփոխ հաջողությամբ: Կրկին հիանալի խաղաց Շահգելդյանը` ճշգրիտ փոխանցումով հարվածի դուրս բերելով Ադամյանին, սակայն վերջինիս հարվածը բարձր ստացվեց: 7 րոպե անց նույն Ադամյանի հարվածից հետո «Բանանցին» գոլից փրկեց դարպասաձողը: Իսկ ահա «Բանանցն» ավելի հաջողակ գտնվեց: 74-րդ րոպեին աջ թեւով Սամվել Մելքոնյանի սրընթաց անցումն ավարտվեց դարպասի գրավումով: Խաղի մնացած ժամանակահատվածում «Միկան» փորձեց խույս տալ պարտությունից: Նրանց հաջողվեց մի քանի անգամ սպառնալ մրցակցի դարպասին, սակայն այդպես էլ գոլ չգրանցվեց: Յուշկովի հարվածը դիպավ դարպասաձողին, իսկ Շահգելդյանի հարվածը մի փոքր բարձր ստացվեց: Ավելացված ժամանակում էլ «Բանանցը» կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Մուրադյանը չօգտագործեց նպաստավոր պահը:

Այսպիսով, հաղթելով 1-0 հաշվով, «Բանանցը» 18 հանդիպումներում վաստակեց 37 միավոր եւ ամրապնդվեց 2-րդ տեղում` 3 միավորով առաջ անցնելով «Միկայից»: Իսկ ահա առաջնության առաջատար «Փյունիկից» միավորների տարբերությունը պահպանվեց, քանի որ չեմպիոնը հերթական հաղթանակը տոնեց: Փյունիկցիները «Հրազդան» մարզադաշտում 3 անպատասխան գնդակ խփեցին «Կիլիկիայի» դարպասը: 2 անգամ աչքի ընկավ Ալեքսանդր Պետրոսյանը, 1 գնդակ էլ խփեց «Փյունիկի» ռմբարկու Արսեն Ավետիսյանը` գոլերի թիվը հասցնելով 11-ի:

Այսօր կկայանան տուրի ավարտական 2 հանդիպումները: «Արարատը» Կապանում կմրցի «Գանձասարի» հետ, իսկ «Ուլիսը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի «Շիրակին»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4