«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2006-08-23 | #160, 2006-08-24 | #161, 2006-08-25


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԻՄԱՆԱՆՔ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ

Ներկայումս նման տվյալներ չկան

2007 թ. կսկսվի Հայաստանում հողերի աղտոտվածության մոնիտորինգը: Համապատասխան լաբորատորիայի ստեղծումից հետո 3-5 տարվա ընթացքում Հայաստանի հողային ֆոնդի աղտոտվածության մասին կունենանք հավաստի տվյալներ: Այս մասին երեկ, ներկայացնելով կառավարության հաստատած հողերի աղտոտվածության գնահատման մասին տեխնիկական կանոնակարգը, տեղեկացրեց բնապահպանության նախարարության վարչության պետ Ջուլիետա Ղլեչյանը: Իսկ ներկա պահի դրությամբ նման տվյալներ չկան, քանի որ չկային նաեւ աղտոտվածության համապատասխան չափանիշներն ու նորմատիվները: Այդ նպատակով էլ ստեղծվել է այս կանոնակարգը, որին, ըստ փաստաթուղթը լրագրողներին ներկայացնողի, պետք է հաջորդի առողջապահության նախարարության կողմից սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները սահմանող որոշումը:

Վերոնշյալ կանոնակարգում ամրագրված են հողն աղտոտող 73 քիմիական նյութերն ու միացությունները, այդ թվում մետաղներ, օրգանական նյութեր, թթուներ, պարարտանյութեր, պեստիցիդներ, ինչպես նաեւ սահմանված են հողերի դասակարգումն ըստ աղտոտվածության աստիճանի: Համաձայն դրա, հողերը կարող են լինել խիստ, միջին եւ քիչ աղտոտված: Խիստ աղտոտված են համարվում այն հողերը, որտեղ աղտոտող քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցված է 5 եւ ավելի անգամ, միջինՙ որտեղ սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցված է 2-5 անգամ, եւ քիչՙ որտեղ կոնցենտրացիայի գերազանցում չկա, բայց այդ նյութերի պարունակությունը ֆոնային մակարդակից բարձր է:

Ըստ աղտոտվածության վտանգավորության աստիճանի հողերը դասակարգվում են հետեւյալ կերպՙ անվտանգ, թույլատրելի, չափավոր վտանգավոր, վտանգավոր եւ խիստ վտանգավոր: Եվ վերջապես, ըստ աղտոտող քիմիական նյութերի նկատմամբ կայունության աստիճանի, հողերը լինում են խիստ կայուն, միջին կայուն եւ քիչ կայուն: Կայունության աստիճանն իր հերթին բնութագրվում է 7 հիմնական ցուցանիշներով (հումուսային վիճակ, թթվահիմնային եւ օքսիդավերականգնման հատկություններ, կենսաբանական ակտիվություն եւ այլն):

Ջուլիետա Ղլեչյանը նշելով, որ մինչ այժմ հողերի պահպանության հարցը իրավական կարգավորում չէր ստացել, հավաստիացրեց, որ այս կանոնակարգի ընդունմամբ այդ խնդիրը կլուծվի եւ համապատասխան նախարարությունների կողմից հողերի պահպանության վերահսկողություն կիրականացվի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4