Հայաստանում «Միսս Կովկաս» գրասենյակը արդեն վեցամյա պատմություն ունի: 2003-ին գեղեցիկ աղջիկների մրցույթ անցկացվեց Նալչիկում, 2004-ին Վլադիկավկազում, իսկ 2005-ինՙ Երեւանում: Առաջիկա մրցույթը կանցկացվի երկու հանրապետություններում Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Գլխավոր` «Միսս Կովկաս» միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 2-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Մրցույթին մասնակցելու են մոտ 20 կովկասյան գեղեցկուհիներ, որոնք ներկայացնելու են ոչ միայն իրենց գեղանի մարմինները, այլեւ իրենց ազգային մշակույթը, երգն ու պարը:
Ինչ վերաբերում է ադրբեջանցի գեղեցկուհիներին, ապա նրանց թերեւս չեն սպասի, քանի որ ադրբեջանական «Էխո» էլեկտրոնային թերթի էջերում Միլի մեջլիսի պատգամավոր Մայիս Սաֆարլին քննադատության է ենթարկել ԼՂՀ-ի մասնակցությունն այս մրցույթին: Ավելին, նա սպառնացել է, որ հայաստանյան իշխանությունների «անօրինական» այս գործողությունը ոչ հեռու ապագայում պատժվելու է:
«Միսս Կովկաս» գրասենյակի եւ գեղեցկության փառատոնի նպատակն է համախմբել Կովկասի ժողովուրդներին «Խաղաղություն Կովկասում» կարգախոսի շուրջը, քարոզել գեղեցկությունն ու ազգային արժեքները», «Ազգի» հետ զրույցում նշեց «Միսս Կովկաս» գրասենյակի եւ մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արման Անտոնյանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ