«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2006-08-24 | #161, 2006-08-25 | #162, 2006-08-26


ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵ՞Ն ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ

Այս հարցն է տրվում գործընթացի բնականոն կամ արհեստական լինելու վեճերին զուգահեռ

Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է հայկական դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման ամենօրյա դանդաղ գործընթացը: Փոխարժեքն արդեն իջել է եւս մեկ հոգեբանական սահմանիցՙ 1 դոլարի դիմաց 400 դրամից եւ այժմ 1 դոլարը գնվում է 395 եւ վաճառվում է 399 դրամով: Վեճերը, թե որքանո՞վ է այս գործընթացը բնականոն կամ արհեստական, շարունակվում են, դրանք նույնպես պետք է բնական համարել, քանզի տարիներ շարունակ տեղի էր ունենում հակառակ գործընթացը:

Հայկական դրամը տարիներ շարունակ արժեզրկվում էր, դա համարվում էր երկրի տնտեսական կացությանը համարժեք վիճակ ու տարակարծություններ չէր առաջացնում: Սակայն այնպես, ինչպես անհավատալի էր թվում բնակչության մի ստվար հատվածի համար Հայաստանում տնտեսական աճի առկայության փաստը, այնպես էլ ներկայումս անհավատալի է թվում ազգային արժույթի արժեւորման փաստը: Եվ պետք է ասել, որ երկու դեպքում նման մոտեցումներն ունեն իրենց օբյեկտիվ պատճառները:

Տնտեսական աճին շատերը չեն հավատում այն պարզ պատճառով, որ դրա դրական արդյունքները չեն զգում իրենց կյանքում կամ այդ արդյունքներն այնքան էլ մեծ փոփոխություններ չեն առաջացնում իրենց կենսամակարդակի մեջ: Նույն պատճառով արժանահավատ չի թվում նաեւ ազգային արժույթի արժեւորման գործընթացը: Բացի այդ, մասնավոր փոխանցումներ ստացող մեր համերկրացիները դրամի արժեւորման հետեւանքով կորուստներ են կրում եւ ընդգծված բացասական վերաբերմունք ունեն այդ գործընթացի նկատմամբ: Դրամական եկամուտներ ստացողների համար էլ դրամի արժեւորումը, ճիշտ է, զսպում է նրանց աղքատացումը, բայց միայն այդքանըՙ չնպաստելով իրական եկամուտների ավելացմանը:

Սակայն վերոնշյալն ամենեւին էլ չի նշանակում, որ դրամի արժեւորման գործընթացը զուրկ է որեւէ իրական հիմքից եւ կատարվում է արհեստականորեն: Այնպես, ինչպես չի կարելի ասել, որ վերջին տարիներին Հայաստանը չի ունեցել տնտեսական աճ: Ի վերջո, բացառված է, որ Հայաստանի այս կամ այլ իշխանություն կարողանար երկու-երեք տարվա ընթացքում այսպես ասած արհեստականորեն արժեւորել ազգային արժույթն արդեն ավելի քան 30 տոկոսով: Նախ, մեր երկիրը չունի այդքան ռեսուրսներ ազգային դրամի փոխարժեքը շարունակաբար արհեստականորեն արժեւորելու համար: Ապա, այդ կացության դեպքում, շատ ավելի վաղ, քան երկու-երեք տարին է, դա լուրջ ցնցումներ կառաջացներ մեր տնտեսության մեջ:

Այլ բան է, որ փոխարժեքի կտրուկ տատանումները կարող են լինել այս կամ այն խոշոր տնտեսվարողի, միջազգային տնտեսական կառույցի գործողությունների, խոշոր միջազգային ներդրումային ծրագրի իրականացման հետեւանքով: Կարելի՞ է դրանք համարել փոխարժեքի արհեստական տատանումներ: Կարելի է: Կենտրոնական բանկի խնդիրն է մեղմացնել այդ տատանումները: Կարելի է վիճել, թե հաջո՞ղ է կատարում իր այդ խնդիրը ԿԲ-ն, թե՞ ոչ: Սակայն ակնհայտ է, որ փոխարժեքի արհեստական կոչված տատանումներն այդքան կտրուկ չէին լինի, եթե Հայաստանի ֆինանսական շուկան այդքան փոքր չլիներ, որտեղ անմիջապես ալեկոծություն է առաջանում, երբ խոշոր արտարժութային միջոցներ են ներհոսում: Այս առումով իսկապես կարելի է քննադատել ինչպես Կենտրոնական բանկին, այնպես էլ կառավարությանը, որոնք Հայաստանի ֆինանսական շուկան զարգացնելու անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկում:

Դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման պատճառների վերաբերյալ վեճերին զուգահեռ մշտապես քննարկվում է, թե ի՞նչ կլինի հետագայում: Կանխատեսումներ անելն այստեղ խիստ բարդ է, քանզի այդ գործընթացը պայմանավորված է բազմաթիվՙ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով: Այդուհանդերձ, հիշեցնենք Արժույթի միջազգային հիմնադրամի վերջերս արված այն կանխատեսումը, ըստ որի առաջիկայում ամերիկյան դոլարը կարժեզրկվի 15-35 տոկոսով: Կոնկրետ ժամանակահատված կանխատեսման մեջ, ճիշտ է, չէր նշվում: Հայաստանում դոլարի արժեզրկումն ու դրամի արժեւորումը ամենայն հավանականությամբ առաջիկայում կշարունակվեն պայմանավորված նաեւ ներքին գործոններով: Մասնավոր փոխանցումները արտասահմանից շարունակվում են մտնել Հայաստան եւ տարեցտարի ավելանում են: Գյուղմթերքների իրացման եռուն շրջանը նույնպես շարունակվում է: Շինարարության ծավալները շարունակում են աճել, որտեղ բնականաբար խոշոր արտարժութային ներդրումներ են կատարվում: Սրանք ավանդական գործոններն են գումարած զբոսաշրջությունից մուտք ստացվող արտարժութային հոսքերը: Վերոնշյալին ավելացել են այլ գործոններ եւս:

Այս տարի Հայաստանում կսկսվի իրագործվել «Լինսի» հիմնադրամի երկրորդ ծրագիրը 60 մլն դոլար արժողությամբ: Դոլարային խոշոր ներհոսք է ակնկալվում ամերիկյան կառավարության «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրով, որի առաջին աշխատանքները նույնպես ակնկալվում է, որ կսկսվեն այս տարի:

Դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման վրա վերջին ժամանակներս սկսում է իր ազդեցությունը թողնել եւս մեկ կարեւոր գործոնՙ բնակչության մոտեցումների փոփոխությունը: Դոլարի արժեզրկման գործընթացից կորուստներ չունենալու նկատառումներով Հայաստանի բնակիչներից շատերը ձգտում են ստացած դոլարային փոխանցումը կամ այլ եկամուտը ոչ թե պահպանել, այլ անմիջապես վերածել դրամի: Սա թեեւ մտայնության պարտադրված եւ ինչ-որ տեղ ցավոտ փոփոխություն է, բայց բերում է Հայաստանի շուկայի դոլարացման մակարդակի նվազեցմանը: Նշենք, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունները Հայաստանին վարկանիշ շնորհելիս հենց դոլարացման բարձր մակարդակն էին նշել որպես մեր երկրի համար հիմնական բացասական գործոններից մեկը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4