Եվրոմիության հովանավորությամբ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 10 Երեւանի Նորքի մանկատանը տեղի կունենա ֆրանսախոս երիտասարդների «Հայաստան-Եվրոպայի համար նոր մարտահրավերներ» միջազգային հանդիպումը, որին կմասնակցեն Ֆրանսիայից, Լեհաստանից, Վրաստանից, Գերմանիայից ժամանած պատվիրակները:
SPFA հայ-ֆրանսիական բարեգործական կազմակերպության Գյումրու ֆրանսախոս ակումբի նախագահ Խորենուհի Մազմանյանի ասելով, հիշյալ երկրների նաեւ Հայաստանի ֆրանսախոս երիտասարդները 10 օր կբնակվեն Նորքի մանկատանը, որտեղ կանցկացվեն տարբեր միջոցառումներՙ հայկական երգի ու պարի ուսուցում, ազգային ուտեստների համտեսում, քանդակագործական աշխատանքների ցուցադրություն եւ այլն: Երիտասարդները միասին կվերանորոգեն մանկատան սենյակներն ու բակը: Հյուրերի համար կկազմակերպվեն այցելություններ Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրեր:
Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական զարգացումներն ու խնդիրները կքննարկվեն Հայաստանի ֆրանսիական համալսարանում անցկացվելիք գիտաժողովում, որտեղ իրենց վերլուծություններով հանդես կգան կովկասագետները:
SPFA հայ-ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 1991 թվականին, նպատակ ունենալով սատար կանգնել աղետի գոտու բնակիչներին, նրանց ցուցաբերել բժշկական ու նյութական օգնություն: Այդ ժամանակվանից ի վեր կազմակերպությունը մարդասիրական գործունեություն է ծավալում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ծերանոցներում, հատուկ դպրոցներում ու մանկատներում բարեգործական ծրագրեր իրականացնելով: Կազմակերպությունը առանձնահատուկ տեղ է հատկացնում հայկական մշակույթն ու հայ ժողովրդի պատմությունը Եվրոպային ներկայացնելունՙ ֆրանսիացիների համար տարին 3 անգամ կազմակերպելով ճանաչողական այցեր Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:
Իսկ ֆրանսերենի տարածման համար ստեղծվում են ֆրանսախոս երիտասարդների ակումբներ, որտեղ հաճախողներին տրվում են ֆրանսերենի անվճար դասընթացներ, ինչպես նաեւ կազմակերպության բարեգործական ծրագրերին մասնակցելու հնարավորություն:
Ռ.Պ.