Պարենային ապրանքներից շատերի գները շեշտակի աճ են արձանագրել
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նախՙ վկայակոչենք ազգային վիճակագրական ծառայության տվյալները, թե ինչպես են փոխվել սպառողական գներն այս տարվա հուլիսինՙ նախորդ տարվա հուլիսի համեմատ: Համաձայն այդ տվյալների, գներն աճել են ընդամենը 0,8 տոկոսով: Առաջին հայացքից կարծես թե դրանք այնքան էլ չեն բարձրացել, բայց դա միայն առաջին հայացքից: Պատկերն այլ է, եթե դիտարկենք գների փոփոխությունն ըստ ապրանքների:
Գաղտնիք չէ, որ բնակչության մեծ մասի առօրյա ծախսերի առյուծի բաժինն ուղղվում է պարենային ապրանքների ձեռքբերմանը: Ահա այստեղ գներն այս տարվա հուլիսին 2005 թ.-ի հուլիսի նկատմամբ աճել են 8,4 տոկոսով: Սա դեռ ամենը չէ, քանզի առանձին, առավել մեծ սպառում ունեցող պարենային ապրանքների գներն էլ ավելի առաջանցիկ տեմպերով են աճել ընդհանուր ցուցանիշների համեմատ: Այսպես, մրգերի գներն աճել են 17,4 տոկոսով, բանջարեղենինըՙ 48,5 տոկոսով: Այդ թվում այս տարվա հուլիսին լոլիկի գինն աճել է 32,3 տոկոսով, վարունգինըՙ 67,4 տոկոսով, կարտոֆիլինըՙ 67,6 տոկոսով, սմբուկինըՙ 61,5 տոկոսով, կանաչ լոբունըՙ 32,4 տոկոսով, կաղամբինըՙ 2,3 անգամ, գազարինըՙ 2,2 անգամ եւ այլն: Հավանաբար կարիք չկա հանգամանորեն բացատրելու, որ հատկապես բանջարեղենը Հայաստանում ամենամեծ սպառումն ունի:
Մրգերից ծիրանի գներն այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ բարձր են եղել 244,7 տոկոսով կամ գրեթե 2,5 անգամ, դեղձինըՙ 85,4 տոկոսով, սալորինըՙ 85,6 տոկոսով, տանձինըՙ 42,6 տոկոսով, խնձորինըՙ 19,4 տոկոսով եւ այլն:
Պարենային այլ ապրանքներից ձկնամթերքի գինն աճել է 60,9 տոկոսով, շաքարավազինըՙ 36,1 տոկոսով: Ավելի ցածր գնաճ է արձանագրվել մսամթերք ապրանքախմբումՙ 5,5 տոկոս: Սակայն հարկ է նկատի ունենալ, որ գնային առումով մսամթերքն ավելի թանկ ապրանք է, հետեւաբար համեմատաբար ցածր գնաճն այստեղ ավելի մեծ ազդեցություն է ունենում շարքային քաղաքացու գրպանի վրա, քան, ենթադրենք, վարունգի բարձր գնաճը: Նույնը կարելի է ասել նաեւ ձվի 5,4 տոկոս գնաճի մասին:
Չնայած կենդանական, բուսական յուղի, կաթնամթերքի, հացամթերքի, սուրճի, թեյի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքների գներն էական փոփոխություններ չեն կրել, բայց վերեւում հիշատակված առաջին անհրաժեշտության ապրանքների գների, կարելի է ասել, շեշտակի աճն արդեն իսկ բավարար է վիճծառայության մատնանշած գնաճի ընդհանուր ցուցանիշին անվստահությամբ մոտենալու համար: Սակայն վիճակագրական ծառայությունն իր ստացած տվյալները հրապարակելիս նկատի է ունենում ոչ միայն պարենային կամ մեր հիշատակած ապրանքների, այլեւ հարյուրավոր այլ, այդ թվում ոչ պարենային ապրանքների, ծառայությունների գները: Վերջիններիս զգալի մասի հետ բնակչությունն ամենօրյա առնչություն չի ունենում, բայց նրանց գների ոչ այնքան մեծ գնաճը կամ անգամ որոշակի գնանկումն իրենց ազդեցությունն են թողնում գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա: Փաստորեն, երբ շարքային քաղաքացին տեսնում է, որ կարտոֆիլը թանկացել է գրեթե 70 տոկոսով, եւ լսում, որ գնաճը կազմել է 0,8 տոկոս, բնական է, որ առանց մանրուքների մեջ խորանալու հավատում է իր տեսածին, այլ ոչ թե պաշտոնական վիճակագրության հաղորդած թվին:
Գնաճը մենաշնորհների եւ պահանջարկի ավելացման հետեւանք է
Այժմ շատերին հետաքրքրող այն հարցը, թե ինչո՞ւ դրամի արժեւորումը չի հանգեցնում գների նվազմանը: Միանշանակ այս հարցին անհնար է պատասխանել, քանի որ ապրանքների գների փոփոխությունը բացառապես փոխարժեքի տատանումների հետեւանքով չի լինում: Ավելին, հաճախ փոխարժեքի փոփոխությունը կարող է ընդհանրապես որեւէ կերպ չազդել գների վրա:
Գյուղմթերքների պարագայում, որտեղ, ինչպես արդեն տեսանք, գրանցվել է բավականին բարձր գնաճ, դա պայմանավորված է երկու հիմնական գործոնովՙ պահանջարկի ավելացմամբ եւ նախորդ տարվա համեմատ ցածր բերքատվությամբ: Գյուղատնտեսության համար այս տարին թեեւ ընդհանուր առմամբ բարենպաստ էր, բայց ամռան երաշտն իր բացասական ազդեցությունն ունեցավ եւ նախորդ տարվա համեմատ ավելի ցածր բերք ստացվեց:
Գյուղմթերքների գնաճի մյուս գործոնը պահանջարկի ավելացումն է: Չի կարելի կասկածել այն փաստին, որ բնակչության սպառումն ավելացել է, ինչը կենսամակարդակի որոշակի բարելավման հետեւանք է: Ոչ կարտոֆիլը, ոչ վարունգը կամ լոլիկը հաստատապես ունեւոր խավի սնունդ չեն, եւ ունեւոր խավը կարող է ավելին ուտել, քան մարդու ստամոքսի ծավալն է: Գյուղմթերքների նկատմամբ պահանջարկն ավելացել է ոչ միայն բնակչության, այլեւ վերամշակման ձեռնարկությունների կողմից, որոնց առաջարկած մթերման գները նույնպես նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի բարձր էին:
Այս ոլորտում նաեւ բացակայում են մենաշնորհներն ու հակամրցակցային համաձայնությունները, քանզի հարյուր-հազարավոր գյուղացիական տնտեսություններն ուղղակի չեն կարող իրար հետ գներ պայմանավորվել: Հետեւաբար, գյուղմթերքների գների բարձրացումը տեղի է ունենում մեր մատնանշած գործոնների պատճառով եւ դրամի արժեւորումն այստեղ ամենեւին էլ չէր կարող զսպել գնաճը:
Սակայն, եթե գյուղմթերքների արտադրության ոլորտում մենաշնորհներն ու հակամրցակցային համաձայնությունները չեն խանգարում շուկայական գնագոյացմանը, ապա նույնը չի կարելի ասել մյուսՙ պարենային եւ ոչ պարենային ապրանքների մասին: Հայաստանում ապրանքային շուկաների բարձր կենտրոնացվածության եւ մենաշնորհների առատության փաստն արձանագրում է նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որն ըստ էության, բացի այս փաստն արձանագրելուց, ոչինչ չի ձեռնարկում եւ իրավասություն էլ չունի ձեռնարկելու այս ուղղությամբ: Արդյունքում, Հայաստանում շարունակվում են նորանոր ոլորտներ դառնալ մենաշնորհային, եւ պատահական չէ, որ Միջազգային տնտեսական ֆորումի գնահատականով, 117 երկրների մեջ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է ընդամենը 110-րդ տեղը: Բնական է, որ մենաշնորհների նման առատությունը չի կարող ազդեցություն չթողնել գնաճի վրա:
Օրինակ, շաքարավազ ներմուծում է միայն մեկ ընկերություն: Պատահական չէ, որ այստեղ մեկ տարվա ընթացքում չնայած դրամն արժեւորվել է, բայց արձանագրված գնաճը կազմել է 36,1 տոկոս: Նմանատիպ պատկեր է, օրինակ, ձվի կամ թռչնամսի արտադրության ոլորտում: Այստեղ գործող երեք-չորս ընկերությունները փոխադարձ պայմանավորվածությամբ բարձրացնում են իրենց ապրանքի գները այս կամ այն տոնից առաջ, որից հետո դրանք այլեւս չեն իջնում: Այս իրավիճակը բնորոշ է նաեւ բազմաթիվ այլ մենաշնորհային կամ բարձր կենտրոնացված ապրանքային շուկաներին (աղ, ցեմենտ, գաջ, այլ շինանյութեր, սեղմված գազ, հացահատիկ, ձավարեղեն եւ այլն), որտեղ նույնպես դրամի արժեւորումը որեւէ ազդեցություն չի գործում: Այդ ապրանքների գները շարունակում են բարձրանալ անկախ փոխարժեքի տատանումներից, պահանջարկի ավելացումից, քանզի այդ գները որոշվում են ոչ թե շուկայում, այլ մենաշնորհատեր ընկերությունների ղեկավարների թելադրանքով:
Այսպիսով, երբ դրամի արժեւորման հետեւանքով ապրանքների եւ ծառայությունների գները Հայաստանում չեն իջնում, պետք չէ զարմանալ: Դրա հիմնական պատճառները ինչպես օբյեկտիվ են, այնպես էլ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ պահանջարկի ավելացման պարագայում գները չեն կարող իջնել, իսկ սուբյեկտիվը, որ մենաշնորհներն ու հակամրցակցային համաձայնությունները խոչընդոտում են ազատ շուկայական գների ձեւավորմանը, որի դեպքում դրանք կարող են եւ բարձրանալ, եւ իջնել: