«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2006-08-26 | #163, 2006-08-29 | #164, 2006-08-30


ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏԸ ԿԴԱՌՆԱ ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Արդեն 4 ամիս Վանաձորի Թագավորանիստ տեղանքում ընթանում են հնագիտական պեղումներ: Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսված հնագիտական այս աշխատանքները շատ կարեւոր են, որովհետեւ մարզում պեղումները երբեք ակտիվ բնույթ չեն կրել, չնայած Լոռի-Փամբակը շատ հարուստ է հնագիտականՙ մասնավորապես բրոնզի-երկաթի դարերի հուշարձաններով. դրանք շատ լավ ուսումնասիրված են Սեւանի ավազանում, Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտավայրում:

Թագավորանիստում հնագիտական աշխատանքները կազմակերպելու կապակցությամբ պայմանագիր է կնքվել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ:

Զրուցեցինք արշավախմբի պետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանի հետ:

- Լոռու մարզում ծավալուն համակարգված հնագիտական աշխատանքներ կատարվել են միայն Ստեփանավանի մոտ, Լոռի-Բերդ հայտնի բրոնզեդարյան հնավայրում, ինչը հսկայածավալ նյութ տվեցՙ հարստացնելով ոչ միայն հայկական, այլեւ կովկասյան հնագիտությունը:

Դեռեւս 1893 թ.-ից Թագավորանիստը հայտնի էր որպես հնագիտական հուշարձան: Բազմաթիվ այլ հուշարձաններ կան Վանաձորի Բազում, Դիմաց թաղամասերում (շինարարական աշխատանքների ժամանակ եղել են պատահական գտածոներ), բայց Թագավորանիստն է այն հիմնական օջախը, որի ուսումնասիրությունը կամփոփի Լոռի-Փամբակի հին մշակույթը:

Անցած դարի 50-60-ականներին թե՛ Վանաձորի թանգարանի, թե՛ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակիցները փոքրածավալ կարճաժամկետ ուսումնասիրություններ կատարել էին, բայց հուշարձանի վերաբերյալ ամփոփ պատկեր չկար: Հնագիտական պեղումները Հայաստանում ակտիվացել են, մեր ինստիտուտի հնարավորությունները չէին կարող ապահովել Թագավորանիստի վեցամսյա պեղումները: Մարզի իշխանությունների այս նախաձեռնությունը աննախադեպ էրՙ մեծ ծավալով հնագիտական աշխատանքներ իրականացնելու համար:

- Ի՞նչ էիք ակնկալում, եւ ի՞նչ տվեցին պեղումները:

- Մեր պատկերացումներով Թագավորանիստը բազմաշերտ բրոնզեդարյա բնակատեղի էր, որտեղ պիտի լինեին մ.թ.ա. 3-րդ, 2-րդ եւ 1-ին հազարամյակների շերտեր: Ժամանակագրության առումով պատկերն այլ էրՙ բացված հնագիտական տվյալները վերաբերում են մ.թ.ա. առաջին հազարամյակին, այսինքնՙ անմիջապես հետուրարտական ժամանակին, որը հնագիտական գրականության մեջ կոչվում է երկաթի լայն տարածման ժամանակաշրջան: Այն ժամանակ (մ.թ.ա. 8-4-րդ դդ.) Թագավորանիստը գրեթե ամբողջությամբ կառուցապատված էր: Այդ ուշ շերտերը վնասել են նախորդՙ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի ինֆորմացիան, երբ, ըստ երեւույթին, առաջին բնակեցումն է եղել Թագավորանիստում: Շատ բարդ ռելիեֆ եւ մեծ տարածք ունեցող հուշարձան է Թագավորանիստը, ինչը պեղելու համար երկար ժամանակ է պետք: Այն Հայաստանի, միգուցե Կովկասի ամենախոշոր հուշարձաններից մեկն է: Այս ամիսներին մեծածավալ աշխատանք կատարվեց: Այժմ ավարտական փուլին ենք մոտենում. առնվազն մեկ ամիս կպահանջվի, որ բաց հատվածները (3 փոսորակ է արվելՙ 4x4 չափի) կոնսերվացվեն, որովհետեւ բաց երկնքի տակ ճարտարապետական մնացորդները (բացված պատերը եւ այլն) կվնասեն, դրանք պետք է ծածկել: Կշարունակենք պեղումները եւ, նախատեսվածի համաձայն, Թագավորանիստը կդառնա թանգարան բաց երկնքի տակ:

Ինչպես նշեցի, այն ամենը, ինչ բացվել է պեղումների ընթացքում (պատեր, տնտեսական-պահեստային նշանակության բազմաթիվ հորեր), վերաբերում է մ.թ.ա. առաջին հազարամյակին: Այն, ինչ տեսնում ենք, բավականին ակտիվ տնտեսական կյանքի մասին է խոսում:

Տպավորիչ էր ժայռը հենապատող կառույցը: Գտածոների մեջ շատ էր քարե շինությունըՙ նախատեսված հացահատիկ աղալու համար:

Ռ. Բադալյանը նշեց, որ բացված շերտերը հարուստ են այրված ծառերի մնացորդներով, ածուխով, ինչը մեծ տեղեկատու նյութ է հնագետի համարՙ ժամանակն առավել ստույգ պարզելու նպատակով (կա, այսպես կոչված, ռադիոածխածնային մեթոդ): Կարող են պարզել նաեւ ծառերի տեսակներըՙ այդ ժամանակաշրջանում Լոռի-Փամբակի բուսական աշխարհի մասին պատկերացում ստանալու համար: Հնագիտական նյութը, ինչպես նշեց դոկտորը, չի սահմանափակվում միայն ժամանակագրական պատկերը եւ մշակութային կապերը պարզելով, ներառում է նաեւ բուսական, կենդանական աշխարհի մասին տեղեկությունները: «Պեղումներից մեր ստացած ինֆորմացիան օբյեկտիվ է, հարուստ եւ մեծ ժամանակ կպահանջվի նյութի վրա աշխատելու համար», ասաց պարոն Բադալյանը:

Այս պեղումները հսկայական քանակի նյութ են տվել, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, պահվելու է տեղում (հատուկ մշակման ենթարկվելուց հետո): «Բեկորված խեցեղենը պետք է գրանցվի, մշակվի: Կպահվի Լոռի-Փամբակի թանգարանում: Նույն հուշարձանի հավաքածուները ցրված են. մի մասը Երեւանում է, մյուսըՙ Վանաձորում, 1893 թ. նյութերն էլ, որքան տեղյակ եմ, Թբիլիսիում են: Ի մի բերելը ճիշտ կլիներ», ասաց Ռ. Բադալյանը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4