«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2006-08-29 | #164, 2006-08-30 | #165, 2006-08-31


ԱՄՆ-ՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ԱՂԱՆԴԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Նեւադայի նահանգում երեքշաբթի օրը ձերբակալվել է մորմոնների արմատական աղանդի առաջնորդ Ուորեն Ջեֆսը: Նրա ձերբակալությունը մամուլի ուշադրությանն է արժանացել նախ եւ առաջ այն պատճառով, որ ընթացիկ տարվա գարնանը ՀԴԲ-ն որոնվող ամենավտանգավոր 10 հանցագործների ցանկում ընդգրկել էր Ջեֆսի անունը, որն ինքնակոչ մարգարե է եւ այսպես կոչված «Հիսուս Քրիստոսի վերջին օրվա սրբերի արմատական եկեղեցու» առաջնորդը:

Այսպիսով, Ջեֆսը համարվում է «Ալ Ղաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի եւ կոլումբիացի «թմրաբարոն» Դիեգո Մոնտոյա Սանչեսի կարգի հանցագործ: Ջեֆսը ամբաստանվում է մի ամբողջ շարք սեռական հանցագործությունների մեջ, ներառյալ անչափահասի այլասերումը եւ բռնաբարության օժանդակումը, ինչպես նաեւ անչափահաս աղջիկների տարեց տղամարդկանց հետ ամուսնացնելը:

ՀԴԲ-ի տվյալներով, նրա աղանդը ունի ավելի քան 10 հազար հետեւորդ, մինչեւ օրս թույլատրում է բազմակնությունը, որը 1890 թվականից պաշտոնապես արգելված է մորմոնների մեծ մասի շրջանում: Վերջին տարիներին Ջեֆսը փաստորեն չէր հեռանում աղանդավորական բնակավայրերից, տեղաշարժվելով միայն հավատարիմ զինյալների խմբի ուղեկցությամբ: Նախկին ուսուցիչ եւ հաշվապահ Ջեֆսը համարվում էր «զինված եւ վտանգավոր» հանցագործ:

Մոտ 1830 թ. մորմոնական եկեղեցու հիմնադիր Ջոզեֆ Սմիթին հրեշտակի իբր փոխանցած «հայտնությունն» է մորմոնական կրոնի հիմքը, որն ԱՄՆ-ում պաշտոնապես ճանաչված կրոններից է: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության տվյալներով, Մասաչուսեթսի մորմոն նահանգապետ, հանրապետական Միթ Ռոմնին նույնիսկ համարվում է 2008 թ. նախագահական ընտրությունների մասնակիցներից մեկը:

Այդուհանդերձ, շատերը, այդ թվում հենց մորմոնական միջավայրից ելած որոշ անձինք, մորմոններին քննադատում են ոչ միայն բազմակնության դրսեւորումների, այլեւ մեկուսացվածության, ներեկեղեցական գործերի գաղտնիության համար: Լրագրողուհի Թրիշա Էրիկսոնը, որը մորմոն եպիսկոպոսի դուստր է, եկեղեցական վերնախավն անվանում է «ամերիկացի հաստաքսակների կորպորացիա»:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4