«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2006-08-29 | #164, 2006-08-30 | #165, 2006-08-31


ԿՈՒՆԵՆԱՆՔ ՄԱՍՆԱՏՎԱԾ ԵՎ ՔԱՈՍԻ ՄԱՏՆՎԱԾ ԵՐԵՎԱՆ

Եթե կյանքի կոչվի մայրաքաղաքի կարգավիճակի վերաբերյալ ներկայացված երկրորդ տարբերակը

Երեւանի ապագա կարգավիճակի վերաբերյալ քննարկումներ չնայած որպես այդպիսին չեն ծավալվում, բայց առանձին տեսակետներ մամուլում երբեմն արտահայտվում են: Դրանք հիմնականում անդրադառնում են այսպես կոչված այլընտրանքային տարբերակին, որի հեղինակն է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Կառավարական հանձնաժողովի ներկայացրած տարբերակում չնայած լուծված չէ գլխավորՙ քաղաքապետի ուղղակի ընտրության հարցը, բայց գոնե չի առաջարկվում մասնատել մայրաքաղաքը, ինչն առաջարկում է Նարեկ Սարգսյանը: Վերջինս փորձում է իր առաջարկը հիմնավորել Երեւանի թամանյանական գաղափարին հավատարիմ մնալու ձգտմամբ: Ըստ նրա ներկայացրած նախագծի, մայրաքաղաքը նախատեսվում է բաժանել 6 կամ 8 փոքր քաղաքներիՙ դրանց ուղղակի ընտրվող համայնքապետներով: Ինչո՞ւ չի կարելի ընդունել հատկապես այս տարբերակը եւ ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել Երեւանի համար:

Նախ Երեւանի մասնատումը տարբեր փոքր քաղաքների չի կարելի համարել դարձ դեպի թամանյանական Երեւան: Ալեքսանդր Թամանյանի ապրած ժամանակներում, այսինքն անցյալ դարի 20-30-ական թվականներին, ծրագրվում էր մեծացնել Երեւանը, ինչն էլ պատճառ էր դարձել, որ մեր մեծ ճարտարապետը նոր գլխավոր հատակագիծ մշակի: Այսինքն, այն ժամանակ Երեւանն ընդարձակելու, այլ ոչ թե մասնատելու խնդիր էր դրված: Փաստորեն, այն ժամանակ եւ հիմա տարբեր նպատակներ էին դրված: Հետեւաբար, 70-80 տարի անց, երբ ունենք բոլորովին այլ Երեւան, քան անցյալ դարի 20-30-ականներին էր, փորձ է արվում այդ ժամանակվա բոլորովին այլ իրականությունը մեխանիկորեն տեղափոխել մեր ժամանակներ: Այլ կերպ ասած, Ալեքսանդր Թամանյանին վկայակոչելն անտեղի է, քանի որ ներկա եւ նրա ապրած տարիների Երեւանը միմյանցից խիստ տարբերվող քաղաքներ են եւ չի կարելի նույն լուծումն առաջարկել նրանց համար:

Երբ վկայակոչվում է ժամանակակից այլ քաղաքների օրինակը, որոնք կազմված են մի քանի փոքր քաղաքներից, կամա թե ակամա մոռացության է մատնվում այն փաստը, որ այդ ագլոմերացիաների փոքր քաղաքները միավորվել են մայր քաղաքի հետ, այլ ոչ թե անջատվել նրանից: Այս առումով նույնպես զուգահեռներ տանելը տեղին չէ: Փաստորեն այն փաստարկները, որոնք բերում է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը հօգուտ իր ներկայացրած տարբերակի, հիմնավոր չեն: Դրանք փաստորեն չեն համապատասխանում իրականությանը:

Այժմ ըստ էության, թե ինչու չի կարելի ընդունել Երեւանի մասնատման տարբերակը: Առաջինըՙ դրանով ոչ թե որեւէ խնդիր ենք կարգավորում, այլ ընդհակառակըՙ ստեղծում ենք նոր խնդիրների մի ամբողջ կույտ: Որո՞նք են այդ խնդիրները:

Եթե ներկայիս Կենտրոն համայնքն է մնում որպես Երեւան, իսկ մյուսները դառնում են արբանյակ քաղաքներ, ապա նրանց բնակիչներն էլ, մի օր արթնանալով իմանում են, որ իրենք այլեւս երեւանցիներ չեն կամ նախկին երեւանցիներ են, իսկ հիմա աջափնյակցի, մալաթիա-սեբաստացի կամ շենգավիթցի են: Ընդ որում, դեռ խորհրդային տարիներին մայրաքաղաքի կենտրոնի տներից տեղափոխված եւ ծայրամասերում բնակարան ստացած հին երեւանցիները նույնպես վերածվում են «երկրորդ կարգի» երեւանցիների, իսկ վերջին երկու-երեք տարիներին կենտրոնում բնակարան ձեռքբերածները կդառնան «առաջին կարգի» երեւանցիներ: Սակայն սա բնավ էլ ամենամեծ խնդիրը չէ:

Ինչպիսի թաղապետներ ունենք մայրաքաղաքում եւ ինչպես են նրանք ընտրվումՙ բոլորս գիտենք: Նրանցից յուրաքանչյուրը չթագադրված արքա է համարում իրեն տվյալ համայնքում, տիրապետում եւ շահույթ է ստանում բոլոր օրինական եւ ապօրինի հնարավորություններն օգտագործելով, փոխարենը ձմռանը փողոցները մնում են ձյան տակ, իսկ ամռանըՙ աղբի մեջ կորած: Պատճառն այն է, որ նրանք գործնականում դուրս են ինչպես վերադաս մարմնի, այնպես էլ հասարակության վերահսկողությունից: Երեւանի քաղաքապետն իրավասություն չունի որեւէ թաղապետի պարտադրելու կատարել իր պարտականությունները, իսկ ընտրողներն էլ կամ ավագանինՙ վերահսկելու նրա աշխատանքը: Եթե Երեւանը մասնատվի փոքր քաղաքների եւ նրանց ուղղակի ընտրվող ղեկավարներն ընդհանրապես չունենան որեւէ համակարգող մարմնի, ի դեմս Երեւանի ընտրվող քաղաքապետի վերահսկողությանը, ապա վայրկյան անգամ չի կարելի կասկածել, որ մայրաքաղաքում կհաստատվի քաոս եւ համայնքապետների կամայականությունները կբարձրանան որակապես նոր աստիճանի վրա:

Մեկ այլ հարց է, թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով են կառավարվելու այդ փոքր քաղաքները: Եթե նրանք ունենալու են սեփական բյուջեները, ապա դրանք խիստ տարբեր կլինեն, եւ մենք կունենանք հարուստ Երեւանՙ ի դեմս Կենտրոն համայնքի եւ աղքատ Երեւաններՙ ի դեմ մյուս համայնքների:

Ունենք համաքաղաքային նշանակության խնդիրներ: Օրինակՙ քաղաքաշինությունը: Ասել, որ կա գլխավոր հատակագիծ եւ դրան պետք է հետեւեն նաեւ Երեւանի արբանյակ քաղաքները, նշանակում է միամիտ ձեւանալ: Հենց Նարեկ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ ապօրինի կառույցներ կառուցվեցին կանաչ տարածքների, մայթերի, հասարակական նշանակություն ունեցող այլ տարածքների վրա եւ ոչ մի հասարակական վերահսկողություն չկարողացավ դա արգելել: Նման ապօրինությունները կծաղկեն փոքր քաղաքների «նորընտիր իշխանիկների» պարագայում, գլխավոր հատակագիծը վերածելով պարզապես մի թղթի կտորի:

Հաջորդը տրանսպորտային խնդիրներն են: Անկախ այն բանիցՙ արհեստականորեն է ժամանակին ուռճացվել Երեւանը, թե՞ ոչ, ներկայումս միասնական մարմին է եւ այս խնդիրը հնարավոր է կարգավորել միայն որպես մեկ միասնական քաղաքի խնդիր: Տրանսպորտային սխեմաները ժամանակ առ ժամանակ փոփոխման կարիք են ունենում: Դրա համար ի՞նչ է, պետք է պարբերաբար համայնքապետների խորհրդաժողով գումարե՞լ:

Համաքաղաքային նշանակության հարցերը բազում են: Ո՞վ եւ ի՞նչ պետք է ձեռնարկի, եթե հանկարծ Նոր Նորքի համայնքապետը որոշի իր քաղաք, միաժամանակ նաեւ Երեւան մտնող մայրուղին նորոգել, կառուցապատել եւ ուղղությունը փոխել ըստ իր քաղաքի անհրաժեշտության, անտեսելով նրա համաքաղաքային նշանակությունը: Կամ եթե Էրեբունու համայնքապետը որոշի տեղափոխել Սասունցի Դավթի արձանը, ո՞վ է դա արգելելու եւ ի՞նչ իրավունքով:

Վերոնշյալը թերեւս բավարար է մայրաքաղաքը մասնատելու գաղափարը ի սկզբանե մերժելու եւ ավելի կարեւորՙ քաղաքապետի ուղղակի ընտրության խնդրի վրա կենտրոնանալու համար: Ամենայն հավանականությամբ, Նարեկ Սարգսյանի այս տարբերակի իրական նպատակը, ինչպես նախկինում առիթ ենք ունեցել նշելու, իշխանություններին հաճոյանալն ու քաղաքապետի ուղղակի ընտրության խնդրից հասարակության ուշադրությունը շեղելն է եղել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4