Մոսկովյան մամուլը խայթիչ, եթե չասենք թունոտ տոնով մեկնաբանեց ամերիկացի սենատոր Ջոն Մաքեյնի «պատմական» այցը Վրաստան: Եվ մեղավորը ոչ այնքան իր բացահայտ ռուսատյացությամբ հայտնի հյուրի հայտարարություններն էին (ասենք` «Պուտինը երբեք նախագահ չի լինի վրաց հողում»), որքան Միխայիլ Սաակաշվիլու հիացմունքը նման պահվածքից ու ոգեկոչումներից: Դժվար է բացատրել, թե ինչի վրա է հենվում վերջինս, մի քանի անգամ սենատորին համարելով ԱՄՆ-ի հաջորդ ղեկավար: Արդյոք նրա հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ բավարա՞ր է Սաակաշվիլու համար: Զգացմունքային առումով` գուցեեւ, սակայն ո՜վ չգիտի, որ քաղաքականությունը զուրկ է սենտիմենտից: Լո՞ւրջ բան է, որ ոգեւորվես այն աստիճան, որ Վրաստանը համարես, ըստ «Իզվեստիայի» վկայության, «ամերիկացի նախագահների դարբնոց»: Հետաքրքրական է, իսկ որտե՞ղ են «կոփելու» Հիլարի Քլինթոնին:
Ռուսաստանյան թերթերից մեկը բավականին ցուցադրաբար վերտառել էր նաեւ Մաքեյնի մի այլ էկզոտիկ հայտարարություն` «Չեչնիայի պատերազմը այն առաջին քայլն էր, որ ռուս նացիոնալիստները ձեռնարկեցին հին խորհրդային կայսրությունը վերականգնելու համար: Այսօր Չեչնիան, վաղը` Վրաստանը, հետո Հայաստանը: Դա կործանում է»: Ես չեմ կարծում, թե այս կարեկցաշատ կրեմլամերժ ընդվզումը հայերիս կներշնչի այն աստիճան, որ մենք դրա հեղինակին անվանենք, ասենք... թագաժառանգ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա