Հունիսին Ռոտերդամում Չիո Չիո Սան երգելուց հետո Հասմիկ Պապյանը սկսում է թատերաշրջանը Էսսենի Աալտո թատրոնում` սեպտեմբերի 1-ին Տոսկայով: Բեմական հետաքրքրական ավանդույթներ ունեցող հիշյալ թատրոնում ունկնդիրը հիշում է ոչ միայն տարիներ առաջ նրա խաղացած Տոսկան, այլեւ Աիդան, Լեոնորան («Տրուբադուր»): Ներկայացման բեմադրիչը Քրիստինե Միիլիթցն է, դիրիժորը` Պիետրո Ռիցցոն: Կավարադոսսիի դերում հանդես կգա Միխայիլ Դավիդոֆը, Սկարպիայի դերակատարները երկուսն են` Բորիս Ստատչենկոն եւ Կարոլի Սցիլագիին: Պուչչինիի «Տոսկան» Աալտո թատրոնում կարելի է դիտել նաեւ սեպտեմբերի 17, 24-ին: Սեպտեմբերի 1-ի ուշ երեկոյան` 22.15-ին, երբ փակվի վարագույրը, եւ դերակատարները դուրս գան բեմ խոնարհվելու, «Ազգն» արդեն տպարանում կլինի, բնականաբար անկարող փոխանցելու ներկայացմանը կարոտած հանդիսատեսի` որքան կռահելի, նույնքան անակնկալ վերաբերմունքը: (Նախորդ անգամ` 1997-ին նույն թատրոնում Պապյանի հիշյալ դերակատարումը, հիշում եմ, անվերջանալի ծափերի ու փայլուն գնահատանքի արժանացավ):
Երբ «Ազգի» այս համարը լույս տեսնի, իմ ապառնիով շարադրանքն արդեն անցյալ կդառնա: Բայց ներկա էլ կա` շամպայնի գավաթների ֆորտեն հիշեցնում է` շնորհավոր տարեդարձդ: Ու շնորհակալություն գեղեցիկ ու սպասված նվերի համար. Գերմանիայում լույս է տեսել Հասմիկ Պապյանի եւ դաշնակահար Վարդան Մամիկոնյանի «Hommage` a Komitas» սեւ կազմով, ոսկեգույն տառերով գեղարվեստական ձեւավորմամբ սկավառակը, որ ներառում է 26 հայերեն, 9 գերմաներեն երգ: Ունի հայերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն լեզվով բուկլետ: Կոմիտասի կյանքն ու գործը ներկայացրել է Կլոդ Մութաֆյանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա