Երեկ ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հերթական հանդիպմանը որոշակի պարզաբանումներ տվեց որոշ ֆուտբոլիստների հավաքական չներկայանալու առնչությամբ: Նա խստորեն քննադատեց հատկապես Արտավազդ Քարամյանին, որն ըստ նախագահի, Բուխարեստի «Ռապիդում» ընդգրկվելուց հետո անընդհատ տարբեր պատճառաբանություններով հրաժարվում է հավաքականի հրավերներից: Պատճառաբանություններից մեկն էլ ժամանակին եղել է այն, որ եղբորը` Արման Քարամյանին հավաքական չեն հրավիրել: ՀՖՖ նախագահը նշեց, որ Արտավազդ Քարամյանը չպետք է մոռանա, որ հայկական ֆուտբոլը նրան ամեն ինչ ժամանակին տվել է, ֆեդերացիան շատ հարցերում ընդառաջել է: Եվ այդքանից հետո ֆուտբոլիստն ինչպես է վարվում հավաքականի հետ:
Ռոման Բերեզովսկու խնդրով Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ խնդրել է նրան գոնե այս խաղին մասնակցել, քանի որ երկրորդ դարպասապահ Արմանդո Համբարձումյանը վիրահատվել է վերջերս: Սակայն Ռոմանը պատճառաբանելով տարիքն ու ընտանեկան վիճակը, հրաժարվել է այսուհետեւ հավաքականում հանդես գալուցուց: ՀՖՖ նախագահն ափսոսանք հայտնեց, որ մեր ընտրանում մեծ ծառայություններ ունեցող Ռոման Բերեզովսկին որոշել է հեռանալ հավաքականից, միաժամանակ ընդգծելով, որ Ռոմանը չպետք է մոռանա, որ ժամանակին, երբ ինքը ծանր կացության մեջ էր, ֆեդերացիան ու անձամբ նախագահը ինչպիսի աջակցություն ցույց տվեցին դարպասապահին:
Նախագահը հիշեցրեց նաեւ ժամանակին Ալբերտ Սարգսյանի արհամարհական վերաբերմունքը հավաքականի հանդեպ` նշելով, որ այդքանից հետո ճիշտ չի լինի նրան կրկին հավաքական հրավիրել: Եվ ընդհանրապես, ըստ նախագահի, նման ֆուտբոլիստները ժողովրդի եւ լրատվամիջոցների կողմից պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան: Նախագահը նման ֆուտբոլիստներին դիտում է որպես դավաճանների, որոնք չունեն ազգային արժանապատվություն:
Փոխարենը կան ֆուտբոլիստներ, որոնք նույնիսկ վնասվածքով անհրաժեշտության դեպքում օգնում են հավաքականին: Նախագահը նրանց թվում նշեց Ռոմիկ Խաչատրյանին, Կարեն Դոխոյանին, Սարգիս Հովսեփյանին, Եղիշե Մելիքյանին եւ էլի շատ ֆուտբոլիստների:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Զեբելյանին, ապա նա արդեն հայկական անձնագիր ունի, երազում է խաղալ ՀՀ հավաքականում: Ըստ նախագահի, Զեբելյանը չի մասնակցի միայն այս հանդիպմանը, իսկ մյուս խաղերին արդեն կներկայանա: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Նանսիում» հանդես եկող Սարգսյանը հրաժարվել է Հայաստանի հավաքականում խաղալ, իսկ Էդգար Մանուչարյանն իրոք վնասվածքից հետո նոր է ապաքինվել ու սկսել մարզումները, ուստի բելգիացիների հետ խաղին չի կարող մասնակցել:
Վերջում Ռուբեն Հայրապետյանը հույս հայտնեց, որ հավաքին ներկայացած ֆուտբոլիստներն իրենց լավագույն կողմերով կդրսեւորեն առաջիկա խաղում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ