«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2006-08-31 | #166, 2006-09-01 | #167, 2006-09-02


ՀՐԱՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՎԱՔԻ

Ռոման Բերեզովսկին ավարտում է ելույթները ՀՀ հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը սեպտեմբերի 6-ին Երեւանում Բելգիայի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղին` օրական երկու պարապմունք անցկացնելով «Փյունիկ» եւ «Բանանց» ակումբների մարզադպրոցների խաղադաշտերում: Հավաքականը, նոր գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքը սկսել էր դեռեւս օգոստոսի 27-ից: Մարզումներին ներգրավվել էին միայն հայաստանյան թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները: Օգոստոսի 30-ից սահմանված կարգի համաձայն, ուսումնամարզական հավաքին միացան նաեւ արտասահմանյան ակումբներում հանդես եկող հավաքականի անդամները:

Ճիշտ է, տարբեր պատճառներով հրավիրված ոչ բոլոր լեգեոնականներն են ժամանել Երեւան: Ինչպես ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տեղեկացրել է հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը, Էդգար Մանուչարյանն ու Արա Հակոբյանը լուրջ վնասվածքներ ունեն: Վերջիններիս ակումբների բժշկական անձնակազմերը պաշտոնապես դիմել են ՀՖՖ` ներկայացնելով բժշկական տեղեկանք ֆուտբոլիստների վնասվածքների մասին:

Չնայած հրավերին, Երեւան չի ժամանել հավաքականի հիմնական դարպասապահ, փորձառու Ռոման Բերեզովսկին, որը հանդես է գալիս ՌԴ առաջին խմբի «Խիմկի» թիմում: Վերջինիս նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ` խնդրելով թույլատրել Բերեզովսկուն չներկայանալ հավաքին: ՀՖՖ նախագահը չի համաձայնել, որից հետո նույնպիսի խնդրանքով նրան է դիմել Բերեզովսկու եղբայրը` պատճառաբանելով, որ ակումբում Ռոմանը խոշոր գումարներ վաստակելու հնարավորություն ունի: Սակայն կրկին մերժում ստանալուց հետո, ըստ Աշոտ Մանուկյանի, ամենայն հավանականությամբ «Խիմկիի» ղեկավարության պահանջով, Ռոման Բերեզովսկին պաշտոնական նամակով դիմել է ՀՖՖ նախագահին, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի Ռուբեն Ռաֆայելի: Ընտանեկան հիմնախնդիրների եւ մարզական միկրովնասվածքների պատճառով, ինչպես նաեւ հաշվի առնելով իմ տարիքը, հանգամանորեն քննարկելով իրավիճակը, ընդունել եմ ինձ համար թեկուզեւ ոչ հեշտ որոշում` ավարտել ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում: Հաշվի առնելով իմ բազմամյա ելույթները ազգային թիմում պաշտոնական եւ ընկերական հանդիպումներում, հուսով եմ, որ ըմբռնումով կընդունեք իմ կողմից ընդունված որոշումը»:

Այսպիսով, Ռոման Բերեզովսկին էլ հրաժարվեց ազգային հավաքականում ելույթ ունենալուց: Նախկինում նման դեպքեր գրանցվել էին առանձին ֆուտբոլիստների հետ, ինչը վկայում է, որ ոմանց համար ազգային հավաքականում հանդես գալը բնավ էլ պատվաբեր չէ: Անհասկանալի է նաեւ Արտավազդ Քարամյանի բացակայությունը: Նախկինում նա տաբեր պատճառներով հրաժարվել էր ներկայանալ հավաքականի հավաքին: Եվ ահա այս անգամ Բուխարեստի «Ռապիդն» է պաշտոնապես դիմել ՀՖՖ` տեղեկացնելով, որ լուրջ հիմնախնդիրների պատճառով Արտավազդ Քարամյանը հնարավորություն չունի մասնակցելու ազգային հավաքականի հանդիպմանը: Ֆուտբոլասերներին մնում է միայն գուշակել, թե այդ ի՞նչ լուրջ հիմնախնդիրներ են ծագել: Վերջերս շատ էր խոսվում ՌԴ առաջնության առաջին խմբում հանդես եկող Կրասնոդարի «Կուբանի» ռմբարկու Ռոբերտ Զեբելյանին հավաքական հրավիրելու մասին: Հրավերը կայացավ, սակայն պարզվում է, որ Զեբելյանն էլ լուրջ խնդիրներ ունի թիմի հետ կապված, թեեւ պատրաստ է խաղալ Հայաստանի հավաքականում, սակայն այս անգամ չի կարող ժամանել Երեւան: Առավել քան տարօրինակ է ֆուտբոլիստի մոտեցումը:

Մեզ հայտնի չէ, թե ինչի՞ց ելնելով են հավաքական հրավիրել «Փյունիկի» նախկին պաշտպան Խոսե Բիլիբիոյին, արդյոք որեւէ տեղեկություն ունե՞ն նրա ներկայիս մարզավիճակի, Էկվադորի «Էսպոլի» թիմում նրա մրցելույթների մասին: Բայց նա էլ Երեւան չի ժամանի: Պատճառն ավելի քան տարօրինակ է: Ինչպես նշել է Աշոտ Մանուկյանը, Բիլիբիոն իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու հավաքականի ուսումնամարզական հավաքին, բայց Հայաստան կարող է հասնել հանդիպմանը նախապատրաստվելու համար ոչ նպատակային ժամկետում:

Ահա այսպիսի տարօրինակ պատճառաբանություններ: Ինչեւէ, մեզ մնում է հուսալ, որ առանց հավաքի չներկայացած ֆուտբոլիստների էլ ՀՀ հավաքականը հաջող կմեկնարկի ընտրական մրցաշարում: Իսկ վերջում ներկայացնենք այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր նախապատրաստվում են Բելգիայի հավաքականի հետ ընտրական մրցախաղին:

Դարպասապահներ` Գեւորգ Կասպարով («Փյունիկ»), Ֆելիքս Հակոբյան («Միկա»):

Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոբերտ Արզումանյան (բոլորն էլ` «Փյունիկ»), Կարեն Դոխոյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Արտաշես Բաղդասարյան («Պաշինգ», Ավստրիա), Եղիշե Մելիքյան («Ստալ», Ուկրաինա):

Կիսապաշտպաններ` Կարեն Ալեքսանյան («Զիմբրու», Մոլդովա), Համլետ Մխիթարյան (առանց թիմի), Ռոմիկ Խաչատրյան («Անորտոսիս», Կիպրոս), Աղվան Մկրտչյան («Փյունիկ»), Լեւոն Փաչաջյան («Փյունիկ»), Սամվել Մելքոնյան («Բանանց»):

Հարձակվողներ` Արմեն Շահգելդյան, («Միկա»), Արամ Հակոբյան («Բանանց»), Գալուստ Պետրոսյան («Զիմբրու», Մոլդովա), Արման Քարամյան («Չեխլաուլ», Ռումինիա):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4