Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց Անդրե Աղասին, որն այս մրցաշարից հետո հրաժեշտ է տալու մարզաձեւին: Նրա մրցակիցը կիպրոսցի Մարկոս Բագդատիսն էր: Այս անգամ էլ նրա մրցախաղի նկատմամբ հետաքրքրությունն ահռելի էր: Արթուր Էշի անվան կենտրոնական կորտում անցկացվող այդ հանդիպմանը հետեւում էին 24 հազար հանդիսականներ: Եվ Աղասին հուսախաբ չարեց նրանցՙ հաղթելով մրցակցին ծանր մրցապայքարում: Խաղը տեւեց 3 ժամ 38 րոպե: Հաղթողին որոշելու համար պահանջվեց 5 խաղափուլ: Առաջին երկուսում Աղասին հասավ առավելության (6-4, 6-4), ապա հաջորդ երկուսում զիջեց մրցակցին (3-6, 5-7) եւ հաղթելով 5-րդ խաղափուլում (7-5), շահեց մրցախաղը:
Մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաեւ համաշխարհային թենիսի մեկ այլ լեգենդՙ 49-ամյա Մարտինա Նավրատիլովան, որը եւս պատրաստվում է ավարտել մրցելույթները: Նա զուգախաղում ընկերակցելով Նադեժդա Պետրովայի հետ, պարտության մատնեց Օստերլոխ-Ռոլ զույգին:
Տղամարդկանց մենախաղում 2-րդ փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարեցին Ռոբրեդոն, Վավրինկան, Վերդասկոն, Գասկեն, Նադալը, Բեքերը, Յուժնին, Ֆեռերը, Մալիսը, Հյուիթն ու Նովակը:
Կանանց մրցաշարում բավական հաջող են հանդես գալիս ռուսաստանցի թենիսիստուհիները: Հերթական հաղթանակները տոնեցին Կուզնեցովան, Ռոդիոնովան, Դեմենտեւան, Սաֆինան, Զվոնարյովան, Լիխովցեւան, Շարապովան: Պայքարը շարունակում են նաեւ Դեւենպորտը, Սուգիյաման, Սերենա Ուիլյամսը, Շնայդերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ