«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2006-09-01 | #167, 2006-09-02 | #168, 2006-09-05


ԻՆՉՊԵ՞Ս ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽԶՆՆՈՒՄԸ

Իսկ արժեքը կթանկանա մոտ 50 տոկոսով

Տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման կարգի փոփոխության վերաբերյալ երեկ տնտեսական լրագրողների ակումբում լրագրողներին մանրամասներ հաղորդեցին տրանսպորտի եւ կապի նախարարության մասնագետները: Մասնավորապես փոփոխության մշակումն իրականացնողներից Կառլեն Սահակյանը նշեց, որ այսուհետեւ պարտադիր տեխնիկական զննումը դիտարկվելու է որպես բիզնես, եւ իրականացնելու են լիցենզավորված իրավաբանական եւ ֆիզիկական անձինք: Նրա հավաստմամբ, նոր կարգը հնարավորություն կտա մարդկային գործոնը վերացնելու, քանի որ զննումն իրականացնելու է համապատասխան սարքավորումը, եւ տվյալներն անմիջապես փոխանցելու են համակարգիչ:

Ովքե՞ր կարող են նման զննում անցկացնել եւ ի՞նչ երաշխիք, որ երաշխավորված եկամուտ ունեցող այդ բիզնեսը չի դառնա որոշակի անձանց մենաշնորհը: Այս հարցին տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչներն անորոշ պատասխանեցին, ասելով, որ իրենց համար առաջնահերթը մեքենաների տեխնիկական զննման ցուցանիշներն են: Նշվեց նաեւ, որ այդ նպատակով տրվող լիցենզիան անժամկետ է, իսկ դրա համար սահմանված տուրքը` 100 հազար դրամ: Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա ռուս-գերմանական արտադրության ունիվերսալ հոսքագծի գինը մոտ 1 մլն ռուսական ռուբլի է, իսկ միայն մարդատար մեքենաները զննող հոսքագծինըՙ 660 հազար ռուբլի: Նկատի ունենալով այս հոսքագծերի թանկ լինելը, Կառլեն Սահակյանը կարծիք հայտնեց, որ տեխզննման արժեքը կավելանա մոտ 50 տոկոսով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4