Արեւոտ շաբաթվա օրերի ավարտին ամպամած երկինքն էր ողջունում հեռավոր ու երկարաձիգ նավագնացությունից իր ավարտական ծովային հանգրվանին մոտեցող «Կիլիկիա» առագաստանավին: Բաթումի նավահանգստում անշարժ կանգնած նավթային տանկերների ու բեռնատար հսկայական նավերի ֆոնին, հորիզոնի տատանվող ծածկույթին առանց առագաստների առաջացող փոքրիկ «Կիլիկիա» նավը քաղաքի ծովային կայարանում բազում սպասողներ ուներ:
Հետաքրքրությունը նավահանգստի հարթության վրա հավաքել էր ոչ միայն տեղացի ու հյուրընկալվող, հանգստացող հայերին, այլեւ Աջարիայի այլազգի շատ բնակիչների ու այցելուների: Առագաստանավ տեսնելու հաճույքը «Կիլիկիային» դիմավորելու էր բերել նաեւ նավահանգստում բազում նավերի դիմավորած ու ճանապարհած բաթումցիների:
Թեթեւ ալիքներին հանգիստ ճոճվող հայկական առագաստանավը կամաց-կամաց մոտեցավ ափին ու ճոպաններով իրականացված մի քանի հմուտ շարժումներից հետո արդեն դադարի վիճակում էր: Ընդունելությունը ջերմ էր, ներկա էին բարձրաստիճան այրեր` Վրաստանում Հայաստանի դեսպանը, Բաթումի քաղաքապետը, Աջարիայի զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավարը, նավահանգստի տնօրենը:
Ափ իջնող առագաստանավորդներին սպասում էին վրացական գինին, պարն ու հյուրընկալ ջերմությունը: Աջարիայի իշխանությունների ներկայացուցիչները, ողջունելով «Կիլիկիայի» մուտքը Բաթումի նավահանգիստ, պատրաստակամություն հայտնեցին այսուհետեւ եւս ամեն կերպ աջակցելու առագաստների տակ երկրից երկիր անցնող «Հայաստանի մի հատվածին»:
Հայաստանի անունից ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց դեսպան Հրաչ Սիլվանյանը, հիշեցրեց 13-րդ դարի կիլիկյան առեւտրային նավի կրկնօրինակի երկամյա ճանապարհորդության սկիզբը, որը նաեւ ավարտվեց հենց նույն տեղում. «Կիլիկիան» իր նավագնացությունը սկսել եւ ավարտում էր Վրաստանի պետական դրոշը հայկականի ու ղարաբաղյանի հետ քամիներին պարզած, քանի որ առագաստանավը ջուր էր իջել Փոթիում, որտեղ եւ պիտի ցամաք հանվեր»:
Եվրոպայի եւ միջերկրածովյան ավազանի 26 երկրներով, 63 նավահանգիստներով 15 հազար ծովային մղոն կտրած «Կիլիկիայի» 12-հոգանոց անձնակազմից Բաթումում նավի վրա էին 10: Նավապետ Կարեն Բալայանի ղեկավարությամբ փոթորիկներ ու 2004 թ.-ի հուլիսի 14-ից ծովերի «պարգեւած» հոգնածությամբ «Կիլիկիան» ու անձնակազմը հիանալիորեն փոխլրացնում էին միմյանց: Ու թեեւ ժամանակն ու դժվարությունները քիչ հոգնած էին դարձրել առագաստանավորդների դեմքերը, այնուամենայնիվ, թիմն ընտիր էր, անձնակազմի ժամանակին կատարված ընտրությունն` արդարացված:
Իսկ առաքելությունն իրագործված է: Հետեւում են մնացել ծովային մղոնները, խոչընդոտներն, ալիքներն ու փոթորիկները, որ մեծագույն փորձություն էին հայկական առագաստանավի համար: «Կիլիկիան» հավաքել է առագաստները, որ էլ ծովային քամով չեն լցվելու: Ի հակադրություն ժամանակակից նավերի, փայտե իր տախտակամածին «Կիլիկիան» էլ նավորդներ չի ունենա: Աշխարհին առագաստների տակ ամփոփված փոքրիկ Հայաստան երկրից երկիր ներկայացնելու, հինավուրց այս երկրի նորօրյա իրականությունը դեսպանի պես աշխարհին մատուցելու գործը հաջողությամբ պսակած «Կիլիկիան» դարերի ընդմիջումից հետո ծովեր անցնելով ու ցամաք կտրելով կհասնի Սեւան` մի խումբ խիզախների քաջության, ինքնամոռաց նվիրումի, հայ նավագնացության եւ Կիլիկիո փառքի վկայությունը դառնալու:
Բայց պետք չէ շտապել, պետք չէ այս ամենի վերջում տխրել ու ցավել: Թեեւ «Կիլիկիան» կդառնա թանգարան ու թերեւս մոռանա աղի ջրերում լողալու մասին, սակայն, ինչպես Բաթումի նավահանգստում շշնջում էր ուշ երեկոյի ծովային քամին, հայ նավագնացությունը դեռ այլ տախտակամած ունի բարձրանալու: Բայց այդ մասին` հետո...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բաթում-Երեւան