Թուրքիայի հանգստավայրերում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, բնականաբար, առաջին հերթին շաղկապվում են քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի հետ: Քրդերի նոր սերունդը, որ տրամադրված է շատ ավելի արմատականորեն, դա չի էլ թաքցնում եւ անկախության ու իրավունքների համար մահացու գոտեմարտում խտրություն չի դնում ոչ մի միջոցի առջեւ (երեւի թուրքերից են սովորել, որոնց համար ցեղասպանությունն էլ սահման չէր):
Սակայն հայտնի է, որ ամեն մի խոշոր քաղաքական իրադարձություն բազմաշերտ է եւ ամփոփում է նաեւ այլ ենթատեքստեր: Ահա թե ինչպես է մեկնաբանում այդ փաստը մոսկովյան թերթերից մեկը: Այդ պայթյունները, գրում է թերթը, ունեն հստակ ամերիկյան հետքեր: Աբդուլլա Օջալանի ձերբակալումից հետո ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, սերտ կապեր հաստատելով եւ վերահսկելով քրդերի գործողությունները, նրանց օգտագործում են թուրքերին «հակաահաբեկչական կոալիցիայի» ու հատկապես Իրանի դեմ սպասվող ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար: Թեկուզեւ իրանական Քրդստանում, որտեղ պատերազմի դեպքում քուրդ գրոհայինները կարող են սկսել տարածքի «մաքրազարդումը» թուրք բնակչությունից...
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա