«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2006-09-02 | #168, 2006-09-05 | #169, 2006-09-06


ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 3-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԿԱՐԵՎՈՐԵՑ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Սեպտեմբերի 18-20-ը Կ. Դեմիրճյան մարզասրահում կմեկնարկի Հայաստան-սփյուռք 3-րդ համաժողովը: Մասնակիցների թիվը թերեւս 2 հազարից կանցնի: Այս առիթով ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես արդեն երեկ տեղեկացրել էր «Ազգը», հանդիպում է ունեցել ՀՀ ԳԱ ակադեմիայումՙ ներկայացնելով համաժողովի ծրագիրը: Երեկ նա գրողների տանը հանդիպեց ստեղծագործական միությունների ներկայացուցիչների հետ: Մտավորականության հետ նման հանդիպումներ նախընթաց 2 համաժողովներից առաջ չեն կայացել: Կարելի է ենթադրել, որ երկրի զարգացման ճանապարհին մտավորականությանը կարեւորելու խնդրի գիտակցումը հասու է դառնում նաեւ պետական որոշ այրերի:

Լեւոն Անանյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների այս տարիների ընթացքը դրական նկատեց, որն ըստ էության նախնական ծանոթությունից անցավ փոխճանաչման, այժմ արդեն փոխհամագործակցության փուլերովՙ ակնարկելով գրողների համահայկական 3 համաժողովների փորձը:

Վարդան Օսկանյանը հակիրճ, բայց ընդգրկուն ներկայացրեց համաժողովի ծրագիրըՙ առաջին օրը բացման արարողությամբ պաշտոնական ողջույններ, համահայկական նշանակությամբ կառույցների պատասխանատուների ելույթներ: Համաժողովը բովանդակային տեսակետից կունենա 3 մակարդակՙ լիագումար նիստ, գյուղական համայնքների ծրագիր, մտավորական շարժում:

Ֆորումների ելույթներն ու քննարկումներըՙ համահայկական հիմնախնդիրներին վերաբերող, ընդգրկելու են բազմաշերտ թեմաներ (նոր մոտեցումներ մշակույթին ու ինքնությանը, լեզվի, գրականության, արվեստի, կրոնի, պատմության եւ հիշողության դերը մշակույթի եւ ինքնության ձեւավորման գործում: Հայրենիք եւ սփյուռք հարաբերություններըՙ գործնական մակարդակներումՙ ներդրումներ, դրամային օժանդակություն, զբոսաշրջություն: Արտագաղթ եւ հայրենադարձություն. ռեա՞լ է վերջինիս հնարավորությունը ներկայում եւ այլն):

Արտգործնախարարը 3-րդ համաժողովը նախորդներից առանձնացրեց գործնական տեսակետից եւ կարեւորեց գյուղական շրջանների ծրագիրը: Նկատի ունենալով անկախ Հայաստանի 15-ամյա փորձառությունը, սփյուռքի հասունությունը եւ վստահությունը Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական կայունության (համեմատությամբ) հանդեպ, սփյուռքյան կառույցների նախաձեռնությամբ համահայկական խոշոր ծրագիր է մշակվելՙ վերականգնելու գյուղական բնակավայրերը, մասնավորապես սահմանամերձ շրջանները:

Արդեն նկատի առնված 50 գյուղերում մինչեւ 2020 թվականը կստեղծվի ենթակառույցներՙ գյուղական բնակչության համար կենսական անհրաժեշտության պայմանների ապահովմամբՙ դպրոց, բուժկետ, ճանապարհներ, տրանսպորտ, կապի միջոցներ եւ այլն: 30 հովանավոր արդեն մասնակցության պատրաստակամություն են հայտնել:

Նախարարին ներկաների ուղղած հարցերը վերաբերում էին ղարաբաղյան հիմնահարցին, Հայ դատին, Հայաստանի միջազգային հեղինակությանը, մշակույթին, լեզվին եւ այլն: Մասնավորապես Դավիթ Հովհաննեսն առաջարկեց հանել ուղղագրական թնջուկին առնչվող հարցը, որովհետեւ ավելորդ կրքեր բորբոքելովՙ «պղտորում» է մթնոլորտը: Արտգործնախարարը նկատեց, որ այս հարցը օրակարգում դրված էլ չի, բայց եւ իրականում խուսափելն էլ անհնար է, որովհետեւ մի որոշ մաս սփյուռքահայերի, հատկապես այս խնդրով է հետաքրքրված: Ավիկ Իսահակյանի մտահոգությունը Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանությունների մշակութային հարստությունների առիթովՙ իբրեւ ազգային արժեք, պետական մոտեցում ցուցաբերելու առաջարկով էր. «Վիեննայում 3 միաբան է մնացել: 10-15 տարի հետո կկորցնենք այս արժեքները»:

Աստղիկ Գեւորգյանն առաջարկեց ստեղծել Հայաստան-սփյուռք հարաբերությունները համակարգող մարմին. Արմեն Էլբակյանըՙ Մշակույթի պաշտպանության կոմիտեՙ կործանվող արժեքները փրկելու եւ մշակութային այս խառնաշփոթի մեջ ճշմարիտ արժեքները տարբերակելու խորհրդակցական դերով: Արա Երնջակյանը հիշեցրեց Մատենադարանի «մատույցներն այլանդակ խողովակներից եւ տղայական ռազբորկաներից» մաքրելու անհրաժեշտության մասինՙ արտերկրի հյուրերի տպավորությունը Մատենադարանից չփչացնելու համար թեկուզ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4