«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2006-09-02 | #168, 2006-09-05 | #169, 2006-09-06


ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՏԱՃԱՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Երեք ամիս առաջ Մոսկվա քաղաքի ճարտարապետական խորհուրդը միաձայն (ինչը հաճախ չի լինում) հաստատեց Ռուսաստանի մայրաքաղաքում կառուցվելիք հայկական նոր տաճարի նախագիծը (ճարտարապետ` Արտակ Ղուլյան): Եթե մինչ այդ հայ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանը փորձում էր սոսկ ճշգրտումներ մտցնել նախկին նախագծով սկսված հիմքային աշխատանքների մեջ, ապա նոր որոշումով նա հնարավորություն ստացավ գործի դնելու կազմակերպիչ շինարարի իր ողջ ունակությունը, որը ես, որպես անկողմնակալ անձ, առանց չափազանցության տաղանդ կհամարեի:

Երեք ամիս հետո շինհրապարակ մտնող մարդն ապշում է. հառնում են վիթխարի բետոնապատ կառույցները` խոր հիմքերով, հսկա սյուներով, երկաթաձողերի անտառակներով... Արդեն իրականացվել է 25100 քմ բետոնային աշխատանք:

Հանելով սքեմը եւ վերածվելով «աշխարհիկ» շինարարի, սրբազանը առաջնորդում է ինձ դեպի շինարարության տարբեր տեղամասեր եւ գրեթե պրոֆեսիոնալի անբռնազբոսիկությամբ պատմում, թե որտեղ են բարձրանալու տաճարը, մատուռը, առաջնորդարանը, դպրոցը, հանդիսասրահը, թանգարանը...

Զգացվում է, որ նա արդեն անգիր գիտի շինանյութի տեսակները, տեխնիկան, աշխատանքի յուրահատկությունները: Նա նույնիսկ չի թաքցնում, որ սկսում է տիրապետել... սակարկման արվեստին: «Ի՞նչ արած,- ձեռքերը տարածում է նա,- շուկա է, պետք է աչալուրջ լինել»:

Բնականաբար մեր զրույցի ընթացքում չէր կարող չշոշափվել, ըստ իս, ամենանրբին ու բարդ հարցը` որտեղից եւ ինչպես է հայթայթում թեմի առաջնորդը հիրավի հսկա շինարարության ֆինանսական միջոցները (հասարակ մի թիվ. հենց միայն վերամբարձ կռունկ կանգնեցնելն արժե 450000 եվրո, դրա ամենամսյա վարձը` 20000 դոլար): Սակայն անսպասելիորեն պարզվեց, որ դրա պատասխանը ամենադյուրինն է սրբազանի համար:

- Մոսկվացի բարեպաշտ հայերի շնորհիվ ես ֆինանսական դժվարություններ չեմ ունենում,- ի զարմանս ինձ գոհունակությամբ նշում է թեմի առաջնորդը: - Երբ նոր նախագիծը ուղեգիր ստացավ, հոգաբարձուների խորհրդի առաջին իսկ նիստում, որին ներկա էին Մոսկվայի եւ Ռուսաստանի գրեթե բոլոր երեւելի հայերը, ստորագրվեց մոտ 10 միլիոն դոլարի գումար, որն էլ այժմ իրացնում ենք: Սակայն գիտե՞ք ինչն է ինձ համար ամենաէականն ու հուզիչը. շինարարության ընթացքը առավելագույնս թափանցիկ դարձնելու եւ անհաճո բանսարկություններից խուսափելու նկատառումով նիստում առաջարկեցի ստեղծել ֆինանսների վերահսկողության հանձնախումբ հիշյալ անձանց կողմից: Մերժեցին հայտարարելով, որ վստահում են ինձ: Պատկերացնո՞ւմ եք այն զգացումները, որ պարուրել էին ինձ: Չէ՞ որ խոսքը վերաբերում է միլիոնների:

Սրբազանի հետ զրույցի ժամանակ սենյակ մտավ նրան ծանոթ մի հայ մարդ: Հիշեցրեց, որ իր երեխաները, ըստ «պայմանավորվածության», լինելու են նոր տաճարում առաջինը կնքվողների թվում: Հետո նա սեղանին դրեց մի պայուսակ եւ ասաց, որ մանր ծախսերի համար մի քիչ նվիրատվություն է բերել: Եվ ինչքան էր այդ «մի քիչը»` մոտ 30000 դոլար:

- Հարգելիս,- դիմեց նրան Եզրաս սրբազանը փակելով պայուսակը,- խորապես շնորհակալ եմ, այսպես ասած, կանխիկ աջակցության համար, սակայն խոնարհաբար խնդրում եմ այդ գումարը փոխանցեք մեր հաշվի վրա:

Թույլ կհնչի, եթե ասեմ, որ թեմի առաջնորդը իրոք լրիվ նվաճել է բարերարների վստահությունը: Բանը երբեմն հասնում է նույնիսկ կատագերկականի: Սրբազանը պատմեց, որ գալիս են ծանոթ ձեռնարկատերեր ու տարակուսանքով հարցնում, թե ինչո՞ւ նա իրենցից ֆինանսական օգնություն չի պահանջում: Հա՞յ չենք, ինչ է, մեր փողը փո՞ղ չէ, փնթփնթում են նրանք: Գուցե տարօրինակ է, բայց ես իսկապես արդեն չեմ էլ պահանջում, ազնիվ հայորդիներն իրենք են գալիս իրենց առաջարկություններով, խոր բավականությամբ նշում է սրբազանը: Ընդսմին օգնության ձեւերն էլ են տարբեր. կարող են տեխնիկա տրամադրել, շաբաթօրյակներ անցկացնել, սնունդ ապահովել եւ այլն:

Թեմի առաջնորդը ցույց տվեց մի ցուցակ, որտեղ մի քանի հազար դոլարների կողքը տեղ էին գտել նաեւ 10 դոլարի, 500 ռուբլու նշումներ: Պարզ է, կենսաթոշակառուներն էլ են ուզում անմասն չմնալ:

- Օրերս Պերմից ստացանք մեծ քանակությամբ աղյուս, շինափայտ, երկաթաձողեր: Զանգում են` ուղարկում ենք, ընդունեք:

Կառուցվող եկեղեցական համալիրը Հայաստանից դուրս ամենամեծն ու ամենաշքեղն է լինելու: Համալիրի դիմաց, Օլիմպիյսկի նշանավոր պողոտայի մյուս կողմը 16 հարկանի շենք է: Այդքան բարձրություն` մոտ 50 մետր, կունենա նաեւ տաճարը: Թեմի առաջնորդը շնորհակալությամբ է նշում այն մեծ ու բարյացակամ ուշադրությունը, որ ցուցաբերում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմն ու Մոսկվայի քաղաքային իշխանությունները: Նույնիսկ առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր հարցերում: Կառույցի անմիջական հարեւանությամբ տեղ է գտել շքեղ մի խաղատուն: Ու թեեւ սրբազանը չի կոնկրետացրել այդ բնավ էլ ոչ «սուրբ» օբյեկտի չեզոքացման հարցը, բայց նրան արդեն ասել են, որ հարցը կլուծվի, երբ եկեղեցին սկսի գործել:

Ելնելով իր «եռամսյա» ակտիվ աշխատանքի արդյունքներից, թեմի առաջնորդը փորձում է ճշգրտել կառույցի ավարտման ժամկետները: Տաճարը պատրաստ կլինի մեկուկես տարի հետո, ողջ համալիրը` երեք տարի հետո:

Աստված օգնակա՛ն, սրբազան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4