«Կիլիկիա» առագաստանավի Բաթում ժամանելու կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն Աջարիա այցելության ժամանակ հանդիպեց նաեւ Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Լեւան Վարշալոմիձեի հետ: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց պրն Սիլվանյանը, Աջարիայի վարչապետը նշել է, որ նախորդ շաբաթավերջի դրությամբ այնտեղ հանգստացել է մոտ 35 հազար հայ զբոսաշրջիկ, որոնց թիվը մինչեւ սեպտեմբերի վերջը կարող է անցնել 45 հազարը:
«Ազգը» ժամանակին մանրամասն անդրադարձել էր Վրաստանում Հայաստանի դեսպանի Աջարիա կատարած առաջին այցելությանը, անդրադառնալով նաեւ Աջարիայի ղեկավար տարբեր օղակների ներկայացուցիչների հետ քննարկված խնդիրներին: Այս այցելության ընթացքում եւս Հրաչ Սիլվանյանը եւ Լեւան Վարշալոմիձեն անդրադարձել են Բաթումի հյուպատոսական հաստատության խնդրին, որն արդեն իսկ քննարկվում է Հայաստանի արտգործնախարարությունում: Վարշալոմիձեն Հայաստանի դեսպանին հայտնել է նաեւ, որ Բաթումում գործող հայկական եկեղեցու ցանկապատման եւ եկեղեցուն հարող տարածքի նորոգման հարցերի առնչությամբ համապատասխան հանձնարարություն կստանա Բաթումի քաղաքապետը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Բաթում-Երեւան