Սեպտեմբերի 13-ին Լոնդոնում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ Մամեդյարովի, Լոնդոն կատարելիք այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպում կարող է չլինել: Ավելի հավանական է, որ արտգործնախարարները ղարաբաղյան խնդրի կարգավորման հետագա ուղիները համանախագահների հետ կքննարկեն առանձին: Ինչ վերաբերում է հայկական կողմի մոտեցմանը, ապա հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպման համար խոչընդոտ է ՄԱԿ-ում քննարկման դրված, այսպես կոչված, հրդեհների բանաձեւը:
Երեկ ՄԱԿ-ի ասամբլեայում քննարկվում էր Ադրբեջանի այսպես կոչված գրավյալ տարածքներում հրդեհների վերաբերյալ բանաձեւը, որը, սակայն, ՀՀ ԱԳՆ տեղեկատվության համաձայն, բանակցային ավարտուն վիճակի չի հասել եւ կքննարկվի նաեւ այսօր: Ամեն դեպքում, մեր ԱԳՆ դիրքորոշումն այն է, որ բանաձեւի տեքստի առնչությամբ համաձայնություն կլինի: Համաձայն արտգործնախարարության, հայկական կողմը համաձայնություն տվել է հրդեհների վայր ԵԱՀԿ առաքելության այցելության առնչությամբ: Եթե բանաձեւի հիմանական առանցքը լինի ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ առաքելությանը, ապա հայկական կողմը դա կառուցողական արդյուքն կհամարի: Ըստ այդմ էլ, կարելի է ենթադրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նշված խոչընդոտը կհարթվի:
Ա. Հ.