Մայրաքաղաքի 10 դպրոց, ի թիվս Հայաստանի ու Արցախի հարյուրավոր դպրոցների, մոտ օրերս կունենա համակարգչային նոր տեխնիկայով հագեցած դասարաններ: Արաբկիրի, Աջափնյակի, Դավիթաշենի, Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի, Էրեբունու 10 դպրոցներից յուրաքանչյուրը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության ֆինանսավորմամբ եւ օժանդակությամբ արդեն սեպտեմբերի 8-9 առնվազն 5-ական համակարգիչ կստանա 17 դյույմանոց մոնիտորներով, մեկական տպիչ եւ համակարգչային դասարան աշխատեցնելու բոլոր անհրաժեշտ պարագաներ:
Երեկ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանի նշված դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց, որ սեպտեմբերի 8-9 արդեն Հայաստան կբերվի 500 համակարգիչ, իրենց համապատասխան պարագաներովՙ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության (ՀՀԿ եւ ՌՀՄ) «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանըՙ համազգային հոգածություն» նախաձեռնության շրջանակներում:
Հայաստան-սփյուռք 2-րդ խորհրդաժողովի ժամանակ դպրոցների մինչեւ 2005 թ. համակարգչայնացման ծրագիրն ամբողջությամբ չի իրականացվել, սակայն ՀՀԿ եւ ՌՀՄ-ն ի դեմս Արա Աբրահամյանի, արդեն իսկ Հայաստանի եւ Արցախի դպրոցական հաստատություններին են նվիրել 5 հազար 500 համակարգիչ: Օրերս հանձնվելիք համակարգիչները, ինչպես եւ նախկինում, կտեղակայվեն, կունենան մեկ տարվա երաշխիքային սպասարկում, կապահովվեն ցանցային միացման բոլոր պարագաներով:
ՀՀԿ փոխնախագահ Վլադիմիր Աղայանի խոսքերով, հիշատակված երկու կազմակերպությունները լրջորեն են մոտենում դպրոցին, համարելով ռազմավարական կարեւորություն ունեցող օղակ: Համակարգչային դասարաններ ձեռք բերող վերջին 10 դպրոցներում այդ լսարանները պատրաստ կլինեն արդեն սեպտեմբերի 16-17-ին, երբ «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում-2006» ծրագրի շրջանակներում Հայաստան կայցելի մեծաթիվ պատվիրակություն, որը ծրագրային իր միջոցառումներն ավարտելով կմիանա Հայաստան-սփյուռք 3-րդ խորհրդաժողովին: Պրն Աղայանը տեղեկացրեց նաեւ, որ նախատեսվում է անվճար ուսուցում այն մանկավարժների համար, որոնք այդուհետեւ կղեկավարեն Արա Աբրահամյանի նվիրատվությամբ բացված համակարգչային դասարանները:
Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանն իր հերթին կրթության վարչության եւ դպրոցների անունից շնորհակալություն հայտնեց նման ծրագրի իրականացման համար, ընդգծելով, որ երախտիքի խոսքերը հերթապահ խոսքեր չեն: Ըստ պրն Վաթյանի, դա իսկապես պարգեւ է դպրոցներին, հատկապես որ 5 հազար 500 համակարգիչ նվիրող կազմակերպությունն ու անձը որեւէ կերպ չեն բարձրաձայնում այդ մասին, մինչդեռ օգտագործված եւ բավականին հին մեկ-երկու համակարգիչ նվիրող որոշ մարդիկ լրատվական դաշտում աղմուկ են բարձրացնում սեփական բարեգործության մասին:
Հանդիպմանը ներկա տնօրենները նախ մեծապես շնորհակալ եւ երախտապարտ եղան, խնդրելով երախտագիտության խոսքեր փոխանցել նաեւ Արա Աբրահամյանինՙ «Մեծ հային, ազգահաճո առաքելության, դպրոցաշինության մեջ այս մեծ ներդրումը բերելու համար»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ