Ժամանակի սղությունը զրկում է անգամ բնությանը լսելու ոչ թե վայելքից, այլ անհրաժեշտությունից: Ահագնացող ուրբանիզացիան վտարում է մարդուց մարդկայինը, քաղաքային շինարարության փոշինՙ զրկում է մեզ տեսողությունից: Մեքենայի ղեկին նկարիչ է. լուռ, ինքնամփոփ: Իր կտավներում բնությունը թրթռուն ձայներ է արձակում. արեւային տաք օրը դրսի կանաչը դարձրել է արտակարգ շլացուցիչ. գույների տաք հոսանքից շունչդ կտրվում է: Մեքենան ճանապարհից շեղվում է, բարձրանում վեր: Բացատը, որտեղ վրանել էին Հենրիկ Համբարձումյանը եւ իր պատանի համախոհները, բնության անձեռակերտ հրաշք է, տիրող լռությունը կյանքի գին ունի, մեդիտացիաների, աղոթքների լուսակիր մաքրություն: Դրանից օդը սարսռում է, թրթռուն մի վայելք խաղաղության պես իջնում է հոգուդ: Մոռացվում է տիվ ու ժամանակ, ներսուզվում ես մեծարենցյան պանթեիզմի ոգու մեջ:
Աղյուսե վառարանի մոտ աշխատող պատանին ու պարմանուհին հեթանոսական անցյալի, կրակապաշտության պատրանք են ստեղծում: Հենրիկ Համբարձումյանը քանդակագործ է, գեղակադեմիայի դասախոսՙ մարդկային կյանքը բնությանը ներդաշնակելու, արվեստի գործի մեջ բնական զգացողություններ առաջացնելու մտածողությամբ:
Ժամանակը որսում է գայթակղությունը կավի. իբրեւ նախնական բնազդ իշխում մտքերիդ, մերձեցնում հողին: Մենք դեռ չգիտենք, ինչ է ստեղծվելու կապույտ վրաններով բոլորակված բացատում, ինչ է մարդու ձեռքերը թրծելու այս վառարանում: Թերեւս խնդիրը ոչ այնքան արդյունքն էՙ ապրանքի վերածված, այլ ստեղծագործական բուն պրոցեսը, բնության հետ շփումից ծնված նոր արժեքը: Քանդակագործը փորձում է շարունակել կերամիկա-ռակու արվեստի այն ավանդույթները, որոնք թեեւ կարճատեւ, բայց եղել են Հայաստանումՙ խորհրդային տարիներին: Նման ակցիաներ Հ. Համբարձումյանը կազմակերպում է ոչ առաջին անգամ, եւ նպատակըՙ վերականգնել Ֆաենցոյի մասնակցության հայկական ավանդույթները: Հայ երեք խեցեգործներ ունեին այդ փորձը, բայց 90-ականներին գնացին երկրից, քանի որ դրսեւորման ասպարեզը փակվեց: Ֆաենցոյի մրցույթները տարբեր ժողովուրդների խեցեգործական մշակույթի ստուգատեսներ են համարվումՙ արվեստի այս տեսակի ուտիլիտար նշանակությունից անցումը մշակույթին, էսթետիկ նոր մակարդակների, որի հիմնական չափանիշը կավի առավելագույն հնարավոր թեթեւությունն ապահովելն է, ֆակտուրայի, գույնը քսելու ձեւերի նոր հնարքներ գտնելը:
Ճապոնական ծագումով կերամիկա-ռակուն բառային նշանակությամբ համարժեք է խրախճանքին: Խրախճանք, որ ծնվում է մարդու զգացողությունների մեջ բնության փոխներթափանցումներից: Այստեղ կարեւորը իրի կիրառական նշանակությունից վեր է, դրա մեկնաբանումն է, որ բնական տարրերիՙ կրակի, օդի, հողի շփման հաճույքից ծնված մշակույթ էՙ առաջացած ծխի հետքըՙ օքսիդների փայլը, որ կավե իրերին մետաղաձույլ տեսք է հաղորդում:
Բնությունից սովորել, հասկանալ հողի, ջրի, կրակի լեզուն, չնմանակել, այլ շարունակել բնության ստեղծագործությունը, կերամիկայի դպրոցի ստանդարտների պատճառով առաջացած դեֆորմացիաները ջարդել, ստեղծել ճիշտ, բնական զգացողություններ: Խնդիրը սա է: Բնության հետ ստեղծագործական այսպիսի շփումները հետապնդում են նաեւ կրթական խնդիրներ:
Քանդակագործն ընտրել է 10-12 տարեկան երեխաներ: 5 տարիների ընթացքում նրա սաները հասունություն են ձեռք բերել, բայց քչերն են համապատասխանում Ֆաենցոյի մրցույթի չափանիշներին: Այս պրոցեսը մարդու մեջ վերարթնացնում է մարդկայինը գնահատելու բնույթը, հասկանալ սիրո, կարեկցանքի, բարության արժեքը, սին հիացմունքը քաղաքային քարե զանգվածներից ու հաճույքի վայրերից ուղղել Արարչի ստեղծածինՙ ծառին, կայծակին, ծաղիկներին, լեռներին: Բնության հետ լինելու այս ընթացքը հղկում է հոգեկան աշխարհը, մոտեցնում ճշմարտություններին, մտածել սովորեցնում: Սա արվում է անբռնազբոս, որովհետեւ կարելի՞ է սիրել տալ որեւէ մեկին կամ որեւէ բան. «Կան մասնակիցներ, որ շատ սիրում ու գնահատում են, բայց իրենց համար ճիշտ չէ: Չի կարող այդ աստիճան չփչացած լինել, որ հիանա, հուզվի բնության երեւույթներով: Կարո՞ղ է ունենալ այդքան անմիջականություն եւ պարկեշտություն, որ արտահայտի անձնական զգացողություններըՙ մոլորակի, օրվա, կենդանու, համբույրի, կարոտի հանդեպ: Ինչեր կան աշխարհումՙ գլոբալիզացիա, աղանդներ, խարդավանքներ: Սակայն կարգին մշակույթ միշտ կա ու դրա վրա է հույսը կարգին մարդկանց: Ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ հարցնում են նշանավոր գրողներից մեկինՙ կկործանվի՞ Ֆրանսիան, նա ասում էՙ եթե գտնվի կարգին 20 մարդ, մի մատուռաչափ, բավարար է»:
Դաստիարակության այսպիսի մոտեցումից, այո, հնարավոր էՙ ծնվեն կարգին մարդիկ: Սա հույս է: Որովհետեւ բնական վիճակների մեջ է դնում անհատին, փորձարկում նրա ներքին եսը: «Իմ ամենամեծ հույսը Իտալիայում հաղթող դառնալը չէ, այլ ստեղծել այս դպրոցը, մշակույթը»:
Մեր օրերում նման ծրագրերն աջակցություններ շատ էլ չեն ստանում (իհարկե, գտնվել են մասնավոր անձինք, «Ֆրենդս ավ Արմինիա», «Թուֆենկյան», որ աջակցել են) հակադիր արժեքային համակարգեր դավանելու պատճառով: Հենրիկ Համբարձումյանը մարդուն վերադարձնել է ուզում իր նախաստեղծ բնական վիճակներին, պաշտամունքըՙ հողին, ջրին, կրակին, մարդուն արդարորեն գնահատել տալ է ուզում իր վաստակի, աշխատանքի դիմաց: Նա դավանում է կյանքն ապրելու ճիշտ ձեւը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ